Ալագյազ-Արթիկ ճանապարհին` Ապարանի մոտակայքում, երեկվանից ձնաբքի մեջ մնացած բազմաթիվ ավտոմեքենաներին եւ նրանց ուղեւորներին վերջապես օգնության է հասել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վարորդներից մեկը` Արշակը պատմեց, որ ԱԻՆ աշխատակիցները մեքենաներից հանել են բոլոր ուղեւորներին, տարել Արագածի հրշեջ փրկարարական ջոկատի բաժին:
«Իրենց մեքենաներով տարել են, հետո հետ են եկել մնացածներին էլ են տարել, փրկարարական սենյակում տաքացրել են, կերակրել են, բոլորին փրկել են, ոչ մեկ մրսած չէ»,- ասաց Արշակը: Այժմ ԱԻՆ-ը փորձում է մաքրել ճանապարհը, բացել երթուղին, որպեսզի մեքենաները կարողանան դուրս բերել ձյան միջից: Մեզ չհաջողվեց կապվել ԱԻՆ-ի հետ` ճշտելու, թե ինչպես են ընթանում մաքրման աշխատանքները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ալագյազ-Արթիկ ճանապարհին` Ապարանի մոտակայքում, արդեն 4 ժամից ավելի է, ինչ մի քանի տասնյակ ավտոմեքենա է մնացել են ձնաբքի մեջ, սակայն նրանց օգնության բոլոր խնդրանքներն անպատասխան են մնում: Ձնաբքի մեջ հայտնված մեքենաների վարորդներից Արշակը, զանգահարել է NEWS.am-ի խմբագրություն ու հայտնել, որ 4-5 ժամ է, ինչ ձնաբքի պատճառով խոշոր խցանում է առաջացել մայրուղու վրա: Նա նշել էր, որ խցանման մեջ հայտնված ավտոմեքենաների ստույգ թիվը հայտնի չէ. «Ծայրը չի երեւում: Ես մեջտեղում եմ, մի 10-15 ավտոմեքենա հետեւում է, մի այդքանն էլ` առջեւում: Արդեն 4-5 ժամ է սոված-ծարավ մնացել ենք ճանապարհին: Մեզ հետ կան բազմաթիվ կանայք ու երեխաներ: Երեխաները սովին այլեւս չեն դիմանում, իսկ օգնություն չկա: Խնդրում ենք մի բան արեք, մեզ դուրս բերեք այս վիճակից»,-ասլ էր նա, հավելելով, որ անելանելի վիճակում են հայտնվել:




























