Դեռ մեկ ամիս առաջ Երեւանի Բուսաբանական այգու աշխատակիցները բողոքում էին, որ իրենց հիմնարկությունը պետական անհրաժեշտ ֆինանսավորում չի ստանում եւ կանգնած է սնանկացման եզրին։ Հիմնարկության օրակարգային հարցերից մեկն էլ շարունակում էր մնալ մասնավոր անձանց կողմից այգու տարածքները զավթելու միջոցով այն բնակելի թաղամասի վերածելու փորձերին խոչընդոտելն ու հանրության ուշադրությունը այդ փաստի վրա սեւեռելը։ Պարզելու համար, թե լուծման ո՞ր փուլում են վերոհիշյալ խնդիրները եւ ինչպիսի՞ն է, առհասարակ, իրավիճակը այդ հիմնարկությունում, NEWS.am-ի թղթակիցը զրուցեց Երեւանի Բուսաբանական այգու փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանի հետ։

Նշելով, որ իրենք մի որոշ ժամանակ առաջ իսկապես դժգոհել են պետության կողմից իրենց հատկացվող գումարների չափից, նա, սակայն, տեղեկացրեց, որ վերջին ժամանակներս «բավականին ֆինանսավորում են ստացել», ինչի արդյունքում կարողացել են մի շարք խնդիրներ լուծել՝ ջեռուցում, ջերմոցային բույսերի խնամք եւ այլն։ «Նախորդ տարի կառավարությունը մեզ 21 մլն դրամ է հատկացրել, ինչի շնորհիվ կարողացել ենք վերանորոգել բոլոր շենքերը եւ ջեռուցել մեկ ջերմոց։ Սակայն խնդիրներ դեռեւս կան, մասնավորապես՝ պահակային ծառայության առումով։ Այս խնդիրը հոգալու համար պետության կողմից գումար չի հատկացվում»,- նշեց Գ. Մովսիսյանը՝ ակնարկելով, որ, այնուամենայնիվ, չեն դժգոհում իրենց վիճակից։ Նա նաեւ տեղեկացրեց, որ բյուջեից իրենց տրամադրվելիք գումարի չափը հաջորդ տարի եւս անփոփոխ է մնալու, սակայն չհստակեցրեց, թե հատկապես որքա՞ն գումարի մասին է խոսքը։

Անդրադառնալով Բուսաբանական այգու տարածքներում բնակելի թաղամաս կառուցելու թեմային՝ այգու փոխտնօրենը հավատացրեց, որ «նման բան բացարձակապես գոյություն չունի, հարցը վաղուց փակված է, եւ մեզ պատկանող տարածքները դատարանով հետ են վերադարձվել մեզ»։

Նշենք, որ ի սկզբանե ցանկանալով զրուցել Բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանի հետ, NEWS.am-ի թղթակիցը, սակայն, պարզեց, որ նա այժմ արձակուրդում է։ Բայց թե որքանո՞վ հարմար ժամանակ է հանգստանալու համար, դա այլ հարց է…