Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 25-ին այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Դեղագործական եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել ընկերության գործունեությանն ու աշխատանքների ընթացքին:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ փակ խորհրդակցության արդյունքում քննարկվել են գործակալության՝ դեղերի ոլորտում առկա հիմնախնդիրները: ՀՀ վարչապետին ներկայացվել են վերջիներիս լուծման հնարավոր ուղիները եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Վերջին շրջանում դեղերի գների բարձրացումների հետ կապված լրագրողի հարցին ի պատասխան՝ վարչապետը հիշեցրել է, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը քննության է վերցրել այս խնդիրը եւ հետազոտության արդյունքները ներկայացնելու է հանրությանը եւ կառավարությանը: «Այսօր մենք նույնպես քննարկեցինք այդ խնդիրը, որովհետեւ դեղերի շուկայում ստեղծված իրավիճակը մեզ խիստ մտահոգում է: Մասնավորապես՝ ներկրողների քանակը, որոնք գերիշխող դիրք ունեն այսօր դեղերի շուկայում, ավելանում է, ներմուծված ինվոյսային գների համեմատ վաճառքի գների տարբերությունը երբեմն լինում է 2-3 անգամ ավելի բարձր, այսինքն` շահութաբերությունը բավականին բարձր է նաեւ այդ ոլորտում, եւ, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի»,- նշել է վարչապետը:


























