ԵՄ պաշտոնյաները կառավարություններին կոչ են արել խուսափել Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին էներգակիրների գների աճի փոխհատուցմանն ուղղված չափազանց մեծ աջակցության միջոցառումներից, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ ԵՄ պաշտոնյաները զգուշացնում են, որ Իրանում պատերազմի պատճառած ցնցումը կարող է վերածվել բյուջետային ճգնաժամի:
Ըստ բանակցություններին ծանոթ աղբյուրների՝ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ առաջարկվող միջոցառումները, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սուբսիդիաները, հարկերի կրճատումը և գների սահմանափակումները, ժամանակով և ծավալով սահմանափակ կլինեն, գրում է Forbes-ը: Բրյուսելը ձգտում է խուսափել 2022 թվականի՝ կտրուկ գնաճի հանգեցրած և բյուջետային դեֆիցիտը մեծացրած էներգետիկ ճգնաժամի կրկնությունից, նշում է Financial Times-ը:
«Սա Եվրոպական հանձնաժողովի համատեղ ջանք է: Տնտեսական մեկ ոլորտում տեղի ունեցողը կարող է ազդել ամբողջ հասարակության վրա»,- մեկնաբանել է ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը: Որոշ երկրներ, դրանց թվում՝ Իտալիան, Լեհաստանը և Իսպանիան, արդեն իսկ նվազեցրել են վառելիքի հարկերը, մինչդեռ մյուսները կոչ են արել մեղմացնել ԵՄ պետական օգնության կանոնները: Հռոմը միաժամանակ ճնշում է գործադրում Բրյուսելի վրա՝ մեղմելու բյուջետային սահմանափակումները, ինչը մայրաքաղաքներին ավելի շատ մանևրելու հնարավորություն կտա, նշել է պարբերականը։
Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են նավթի և գազի գների մոտ 60%-ով աճի Եվրոպայում և խորացրել են ավիացիոն վառելիքի և դիզելային վառելիքի պակասի վերաբերյալ մտահոգությունները, հաղորդել է Financial Times-ը։ Ըստ Բրյուսելի և ազգային ֆինանսների նախարարությունների միջև քննարկումներին ծանոթ աղբյուրների ՝ Եվրոպական հանձնաժողովը «համակարգման և զգուշության» կոչ է անում՝ էներգակիրների գների կտրուկ աճը մեղմելուն ուղղված ցանկացած միջոցառման վերաբերյալ։
Բրյուսելը վախենում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կհանգեցնի ԵՄ-ի երրորդ տնտեսական ճգնաժամին վեց տարվա ընթացքում։ Առաջին երկու ճգնաժամերը կապված էին կորոնավիրուսի համավարակի և Ուկրաինայում 2022 թվականին Ռուսաստանի սկսած «հատուկ ռազմական գործողության» հետ, որոնք երկուսն էլ հանգեցրին լայնածավալ տնտեսական խթանման ծրագրերի, որոնք, ի վերջո, հանգեցրին պետական պարտքի աճի։ Վերջին հասանելի տվյալներով՝ ԵՄ-ում պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2019 թվականի ՀՆԱ-ի 77,8%-ից աճել է, անցյալ տարվա երրորդ եռամսյակում հասնելով շուրջ 82.1%-ի, նշել է Financial Times-ը։





























