2020 թվականից հետո Ադրբեջանի գործողությունները տեղավորվում են ցեղասպանության իրագործման կամ դրա նախապատրաստման տրամաբանության մեջ։ Այս մասին ապրիլի 21-ին «Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» խորագրով գիտաժողովի ժամանակ հայտարարել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Փորձագետն ընդգծել է, որ հայերի նկատմամբ թշնամանքի բացակայության մասին Ադրբեջանի պնդումները լոկ դատարկախոսություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Նրա դիտարկմամբ՝ 2020-ից հետո Բաքուն ավելի է սաստկացրել հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը, որն այժմ արտահայտվում է հայ ժողովրդի թիրախավորմամբ ու նսեմացմամբ։ Ըստ Գեղամյանի՝ հենց այս ապամարդկայնացումն էլ հանդիսանում է ցեղասպանական գործողություն։ «Հնարավոր չէ չնկատել այն, ինչն արձանագրվել է նաև միջազգային կազմակերպությունների կողմից»,- հավելել է փորձագետը։

Գեղամյանը վկայակոչեց 2020 թվականի նոյեմբերից հետո Ադրբեջանի ձեռնարկած ցեղասպանական քայլերը՝ Արցախի լիակատար շրջափակումը, հայաթափումը, մշակութային ժառանգության ոչնչացումն ու ռազմագերիների խոշտանգումները։ Նա նաև մատնանշել է արցախահայության իրավունքների ուրացումը, Հայաստանի շարունակվող շրջափակումն ու տնտեսական ճնշումները, հակահայկական քարոզչությունն ու հոգեբանական ահաբեկումը։ Ըստ փորձագետի՝ այս նույն շղթայի մաս են կազմում նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ու «Արևմտյան Ադրբեջանի» թեզերը։

Փորձագետը նշել է, որ Ադրբեջանի նման քաղաքականության հետևանքով միջազգային որոշ հարթակներում Սյունիքն արդեն սկսել են անվանել «վիճելի տարածք»։ «Մենք գործ ունենք ոչ միայն հռետորաբանության, այլև կոնկրետ գործողությունների հետ, որոնք հանգեցնում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացմանը»,- ընդգծել է նա։ Վարուժան Գեղամյանը համոզմունք է հայտնել, որ հենց այս իրողությունը պետք է դրվի Հայաստանի քաղաքականության հիմքում, ինչն էլ հնարավորություն կտա խուսափել նոր ցեղասպանությունից։