Նախորդ դարավերջին Չինաստանը՝ լինելով զարգացած արտադրական բազա ունեցող առաջատար արդյունաբերական տերություններից մեկը, լուրջ բնապահպանական խնդիրների բախվեց։ Սակայն երկրի ղեկավարությունն իրավիճակը շտկելու ուղեգիծ որդեգրեց. այսօր ակտիվորեն ներդրվում են նոր կանաչ տեխնոլոգիաներ, ինչպես նաև իրականացվում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի լայնածավալ քարոզչություն։ Բնության նկատմամբ Չինաստանի բնակիչների վերաբերմունքի փոփոխության վառ օրինակ են Չժեցզյան նահանգի Անցզի գավառի զբոսաշրջային գյուղերը, որոնք ցույց են տալիս, որ բնությունն ընկալվում է ոչ միայն որպես ռեսուրս, այլև որպես անչափելի հարստության աղբյուր։
Յուցուն գյուղի «կանաչ հեղափոխությունը»
Կրաքարի քարհանքից մինչև տեսարժան վայր. այսպիսի ճանապարհ է անցել չինական Անցզի գավառի Յուցուն գյուղը, երբ մի օր նրա բնակիչները որոշեցին հրաժարվել շրջակա միջավայրն աղտոտող հանքերից և գործարաններից՝ չնայած ցեմենտի արտադրությունից ստացվող բարձր եկամուտներին։ Սակայն տեղի բնակիչների այդ որոշման շնորհիվ ծնվեց տնտեսության նոր հայեցակարգ, որն այսօր ապահովում է և՛ լավ եկամուտ, և՛ մաքուր միջավայր, ինչպես նաև որոշում է ամբողջ Չինաստանի բնապահպանական քաղաքականությունը։ Դրա շնորհիվ Յուցուն գյուղը Չինաստանում «կանաչ հեղափոխության» խորհրդանիշ է դարձել։
Հայաստանյան NEWS.am-ի թղթակիցն այցելել է Յուցուն և Անցզի գավառի երկու այլ զբոսաշրջային գյուղեր՝ Դաչժույուան և Սյաո Ին, մեդիա շրջագայության շրջանակում, որը կազմակերպել էր Շանհայի համագործակցության կազմակերպության Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության չինական կոմիտեն։
Ինչպես պատմել են գյուղում, 1980-1990-ական թվականներին այն խեղդվում էր փոշու մեջ, սարերն ավերված էին, իսկ առուների ջուրը՝ կեղտոտ։ Վատ էկոլոգիայի և արտադրությունում հաճախակի տեղի ունեցող դժբախտ պատահարների պատճառով բնակիչները որոշում ընդունեցին փակել հանքերն ու գործարանները։
2005 թվականի օգոստոսին Սի Ծինփինը (այն ժամանակ Չժեցզյան նահանգի կուսակցական կոմիտեի քարտուղար) այցելեց Յուցուն։ Իմանալով, որ բնակիչները հրաժարվել են շահութաբեր հանքերից հանուն բնության փրկության, նա ասաց հայտնի արտահայտությունը. «Կանաչ լեռներն ու զմրուխտե ջրերն անհամար գանձեր են»։ Այդ գաղափարը հայտնի դարձավ որպես «Երկու լեռների տեսություն»։ Այն ասում է, որ բնության պահպանումն ինքնին տնտեսական ակտիվ է։ Գյուղի մուտքի մոտ այդ մակագրությամբ հուշակոթող է կանգնեցված։
2020 թվականի մարտի 30-ին Սի Ծինփինը կրկին այցելեց Յուցուն՝ արդեն որպես Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար։ Նա բարձր գնահատեց «Կանաչ լեռներն ու զմրուխտե ջրերն անհամար գանձեր են» հայեցակարգի իրագործմանն ուղղված գյուղի ջանքերը և բնակիչներին կոչ արեց «հաստատակամորեն գնալ ընտրված ուղիով»։
Այսօր Յուցունը բարձրակարգ զբոսաշրջային օբյեկտ է։ Հին քարհանքերը վերածվել են լանդշաֆտային զբոսայգիների, որտեղ ժանգոտված վագոնիկները համադրվում են փարթամ կանաչի հետ։ Գյուղը հայտնի է նաև իր «Անցզի Բայ Չա» թեյով։
2021 թվականին Յուցունն ընդգրկվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) «Աշխարհի լավագույն զբոսաշրջային գյուղերի» առաջին ցանկում։
Տեղական հյուրանոցներից մեկում՝ ի պատիվ ՇՀԿ-ի Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության չինական կոմիտեի հրավիրած լրագրողների, Հուչժոուի փոխքաղաքապետ Շեն Չժունփինի անունից ճաշ է տրվել։
Բամբուկի գյուղ Դաչժույուան
Այս գյուղի պատմությունը անցյալից է գալիս. բնակավայրի մասին հիշատակումներ հանդիպում են դեռևս Գուանսյույ կայսեր կառավարման ժամանակների «Սյաոֆեն գավառի նկարագրության» մեջ։ 1949 թվականին ազատագրումից հետո գյուղը ստացել է ներկայիս անվանումը՝ «Դաչժույուան», ինչը կապված է այս տարածքում գտնվող ընդարձակ բամբուկի պուրակների հետ։
Վերջին տարիներին Դաչժույուանն ակտիվորեն զարգանում է՝ հետևելով «գողտրիկ գյուղի» հայեցակարգին և զբոսաշրջային հանգստավայրի ստեղծման ընդհանուր ռազմավարությանը։ Զարգացման հիմնական գաղափարը հնչում է որպես «բրնձի դաշտերի և բանջարեղենի բույր, հանգիստ և չափավոր կյանք»։
Հենվելով «Բանջարեղենի բույրով հող» գյուղատնտեսական նախագծի վրա՝ գյուղը հաջողությամբ զարգացնում է ագրոտուրիզմի ուղղությունը՝ համակցված մշակութային զբոսաշրջության հետ։ Այստեղ մշտապես գյուղատնտեսության զարգացման նոր ուղիներ են փնտրում և առաջ են մղում «Գյուղական զբոսաշրջության երազանքների ֆաբրիկա» անվամբ սեփական ապրանքանիշը։
«Երկու լեռների գավաթ» համաչինական ուսանողական նորարարությունների և ձեռներեցության մրցույթին մասնակցելու շնորհիվ հաջողվել է գյուղ ներգրավել տաղանդավոր թիմերի և նոր գաղափարների։
Արդյունքում Դաչժույուանն աստիճանաբար վերածվում է վառ արտահայտված տեղական կոլորիտով ժամանակակից հանգստավայր-գյուղի։ Այստեղ ներդաշնակորեն համադրվում են հարմարավետ կացարանը, էկոլոգիական զբոսաշրջությունը և տարածաշրջանի մշակութային ավանդույթներին ծանոթանալու հնարավորությունը։
Սյաո Ին ավանը հյուրատների կլաստեր
Այստեղ հպարտանում են նրանով, որ հանգստանալու են գալիս հենց Շանհայից։ Ծանր աշխատանքային շաբաթից հետո մեգապոլիսի բնակիչները շտապում են կանաչ լեռներ, որտեղ մաքուր օդ է, հիանալի բնապատկերներ, բոլոր հարմարություններով հյուրատներ և հարմարավետ սրճարաններ ու ռեստորաններ։
Հիմնվելով «հյուրատների ռեսուրսների կենտրոնացում և համատեղ օգտագործում, բիզնեսի համատեղ վարում» գաղափարի և «ուրախության ու հանգստության վայելք՝ կարճաժամկետ կեցության միջոցով» բրենդային հայեցակարգի վրա՝ ավանն ինտեգրում է սպասարկումը հանրային սննդի, կեցության, տրանսպորտի, զբոսաշրջության, գնումների և զվարճանքների ոլորտներում։
Անցզի գավառում բնապահպանության վերականգնման գլխավոր արդյունքը մշտական բնակության համար երիտասարդների հոսքն է։ Նրանք գալիս են իրենց նորարարական գաղափարներով. մեկը չինական գյուղում առաջին սրճարանն է բացում, մյուսը բամբուկից գարեջուր է պատրաստում, մեկ ուրիշն էլ զբաղվում է լանդշաֆտային դիզայնով։ Չինաստանի կառավարությունն իր հերթին ակտիվորեն աջակցում է երիտասարդների նորարարական գաղափարներին։
Անցզի գավառը հայտնի է իր անծայրածիր բամբուկի պուրակներով. հենց այստեղ են նկարահանվել «Դարանած վագրը, թաքնված վիշապը» ֆիլմի տեսարանները։




























