Հայաստանն աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի, հանրապետության էներգառեսուրսների ծանրաբեռնվածությունը կազմում է ընդամենը 30 տոկոս: Այդ մասին նոյեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանում արտադրվել է 5,5 մլրդ կՎտ էլեկտրաէներգիա: «Իսկ վերջերս Հայաստան ընդունել է թեեւ ուշացած, բայց շատ ճիշտ որոշում՝ էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա»,- նշեց Սպառողների միության նախագահը: Ընդ որում, նրա կարծիքով, Հայաստանը բոլորովին էլ չի օգտվել իր արտոնյալ էներգետիկ դրությունից, այն պայմաններում, երբ ողջ աշխարհում էներգառեսուրսների համար պայքար է գնում:
Գլոբալ էներգետիկ հարցերից գլխավոր սպառողը սահուն անցավ ավելի կենցաղային թեմաների: Խոսքը, մասնավորապես, գնաց էլեկտրատրանսպորտի ոչ բավարար օգտագործման մասին: Ըստ Ա.Պետրոսյանի, անհրաժեշտ է ավելի ակտիվորեն շահագործել էլեկտրատրանսպորտը՝ տրոլեյբուսներն ու մետրոպոլիտենը՝ ցավ հայտնելով, որ տրամվայներն արդեն անվերադարձ կորսվել են:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակից Կարեն Հակոբյանն իր հերթին նկատեց, որ այսօր Երեւանում շահագործվում են 380 ավտոբուսներ, իսկ ամեն օր ուղերթի են դուրս գալիս 280-ը: Ըստ նրա, Երեւանին անհրաժեշտ է 800 ավտոբուս, բայց ճգնաժամի պատճառով մասնավոր ներդրողները դադարեցրել են այդ մեքենաների գնումը արտերկրից:




























