Հայաստանի Ազգային Ժողովը այսօր` մարտի 1-ին առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին: Աղմկահարույց օրինագիծն անցել է 67 կողմ, 1 դեմ եւ ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Օրինագծին կողմ է քվեարկել միայն կառավարող կոալիցիան, իսկ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը: Նշենք, որ քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում էր խնդրել` հանրապետական պատգամավորներին դահլիճ բերելու համար:

Ընդդիմությունը անընդունելի է համարում օրենքի նախագիծը` նշելով, որ այդ օրենքով սահմանափակվում են խորհրդարանի լիազորությունները, նաեւ նախադեպ է ստեղծվում զինված ուժերը ներքաղաքական գործընթացներում օգտագործելու համար, ինչը հակասում է սահմանադրությանը: Օրինագիծը երեկ հակասահմանադրական է համարել նաեւ հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: