Հայաստանում թեյ են խմում մոտ 25 անգամ քիչ, քան սուրճ: Սակայն թեյի սիրահարները չեն պատրաստվում փոխվել:

Նրանցից մեկը` երևանյան մտավորկանների կորիզից համալսարանական գրադարանավար, հեղինակին հյուրասիրեց… դե իհարկե, թեյ: Մյուսը, որն ամբողջ կյանքում ապրել է «չայի քաղաք» Բաքվում, հյուրասիրության հրավերին պատասխանեց. «Ну… а вот если бы у вас – чай – нашелся, тогда с удовольствием»… Թեյի համար շատ ժամանակ չի մնում` աշխատանքի շտապելով թեյ չես պատրաստի, գիշերով` քնից առաջ, էլի այն չի... Դա է պատճառը, թե ոչ, սակայն թեյի տեղական շուկայում 60 – 70%-ը գրավում են մեկանգամյա օգտագործման թեյերը, և միայն 20-30%-ը «տնական» տուփերը... Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության տեսչությունը պատրաստվում է ստուգել հենց մեկանգամյա օգտագործման թեյերը. Գույնի խտությունը կասկածահարույց է… արդյոք չե՞ն սևացնում:Պատասխանների համար Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ դիմեցինք ներմուծողներից մեկին` Ahmad թեյ ներմուծող «Էստինգ» ՍՊԸ-ին:

Տնօրեն Գրենիկ Հակոբյանը նշեց, որ թեյի բաղադրության մասին տեսչությունն ամեն ինչ գիտի: «Ներմուծվող թեյի ամեն մի խմբաքանակ նմուշարկում, ուղարկում են անալիզի, մաքսայինը միայն նրանց համաձայնությունից հետո է մաքսազերծում: Հիմնական անալիզերը շատ արագ են որոշում: Ամենից երկար` մոտ մեկ շաբաթ, ստուգում են բորբոսը: Սակայն մաքսատանը երկար չենք սպասում. ներմուծում ենք միանգամից, իսկ իրացման թույլտվությունը տալիս են մի քանի օր անց: Եվ այդպես յուրաքանչյուր խմբաքանակի համար», – նշեց նա:Սակայն պիտանելիության ժամկետը կարելի է և պետք է ընթերցել: Որ ժամկետը չմնա «անտեր», նրան պիտի զուգորդի թողարկման ամսաթիվը: Դրանց բավարար տեղ պիտի հատկացվի փաթեթի վրա: Ինչպես նաև հայալեզու բաղադրացուցակին, հիշեցնում է Արմեն Պողոսյանը. «Եղունգի չապ պիտակի լինելը չլինելուն հավասար է: Մի փոքր ավելացնելը դժվար թե զգալի ծախս պահանջի»:Իսկ կարելի՞ է վստահել մանրածախին և րոպեներով թվեր ման չգալ փաթեթին: Համոզվելու համար այցելեցինք Բարեկամություն մետրոյի մոտ մի քանի խանութ: ժամկետանց թեյ գտնվեց ընդամենը մեկում` թեև միայն երկու տուփ, այն էլ դարակի ամենածայրում: Իմանալով, որ թեյն իրենը չէ, Հակոբյանն ավելացրեց. «Մանրածախ վաճառքի համար, իհարկե, արդեն պատասխանատու չենք, բայց կապ ենք պաշտպանում և անհրաժեշտության դեպքում հետ կանչում»:Տեղական շուկայում թեյը վաճառվում է թեև քիչ, բայց արագ, դրա համար էլ ներմուծողներն այն բերում են «կում-կում»` 1 – 1,5 ամսում մի կոնտեյներ: Դրա համար էլ ժամկետանց ապրանք չի մնում: Առողջության համար, վստահեցնում է Գ. Հակոբյանը, այն վտանգավոր չէ. թույն չի առաջանում, միայն համն է կորցնոմ: Բայց և այնպես խորհուրդ է տալիս 2-3 տարվա պիտանելիության ժամկետը չանտեսել:  

Ըստ վիճակագրության, վերջին երեք տարում, թեյ առաջվա նման քիչ են խմում, սակայն մի բաժակի փոխարեն սկսեցին խմել գրեթե երկու. այսօր Հայաստանը տարեկան սպառում է մոտ 380 տոննա թեյ: Թվերը համեմատաբար փոքր են, սակայն ներմուծողներն ուզում են դրանց գաղափար հաղորդել. «Առողջ ապրելակերպին միշտ չէ, որ մեզ մոտ ուշադրություն են դարձնում: Մի բաժակ թեյն էլ դրա մի մասն է»:   Խոսքը դիետոլոգներինն է, վերահսկողությունը` տեսչությանը, ընտրությունը` սպռողինը: Ժամկետի և մակնշման ճշգրտության պայմանով: Առանց դրա ընտրությունն էլ ընտրություն չէ…