«Երեւան Ջուր» ընկերության աշխատակիցները մարտի առաջին օրերից ձեռնամուխ են եղել մայրաքաղաքի անձրեւատար համակարգի մաքրմանը:

Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամեն տարի երկու անգամ պարտադիր` գարնանը եւ աշնանը, իսկ առավել «խոցելի» վայրերում` ավելի հաճախակի, ընկերության «Արեւելք» եւ «Արեւմուտք» շահագործման տնօրինությունների բոլոր տարածքային տեղամասերի աշխատակիցները մաքրում են /նաեւ բարձր ճնշման օդ փչող հատուկ մեքենաների օգնությամբ/ կուտակված աղբից ինչպես փողոցների անձրեւընդունիչների դիտահորերը, այնպես էլ` խողովակաշարերը: Դրա շնորհիվ հնարավոր է դառնում ապահովել ձյան հալոցքից ու անձրեւներից առաջացող ջրերի անխափան հեռացումը եւ այդ միջոցով խուսափել ջրերի կուտակումներից փողոցներում:

Միաժամանակ, նորոգվում են վնասված անձրեւընդունիչների թուջե ցանցերը ինչպես նաեւ տեղադրվում նորերը: Ցավոք, վերջին հանգամանքը բացատրվում է ոչ միայն ծանրաբեռնված տրանսպորտային միջոցների երթեւեկի պատճառով նշված ցանցերի կոտրվելու փաստով, այլ նաեւ դրանց շարունակվող գողությամբ: Այս կապակցությամբ ընկերությունը հարկ է համարում հիշեցնել, որ նման արարքները քրեորեն պատժելի են: Մասնավորապես, 2011թ. ոստիկանության կողմից բացահայտվել են անձրեւընդունիչների ցանցերի եւ դիտահորերի կափարիչների առեւանգման մի քանի դեպքեր, իսկ մեղավոր անձինք պատժվել են: Օրինակ` 159 ցանցերի եւ կափարիչների գողության փաստով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Արմեն Մարտիրոսյանը, Վահան Ավագյանը եւ Անուշավան Գալստյանը դատապարտվել են 3,2-3,4 տարվա ազատազրկման,  5մլն. 151 հազար դրամի բռնագանձմամբ` պատճառված վնասի դիմաց:

Անձրեւատար համակարգի մաքրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ ապրիլի վերջը: