«Ադրբեջանում, Վրաստանում եւ Մոլդովայում չլուծված հարցերը շարունակում են սպառնալ մեր մայրցամաքի անվտանգությանն ու կայունությանը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների Խորհրդի նիստում՝ Աթենքում:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութան ղեկավարը ընդգծել է, թե «այդ հակամարտությունները տարբեր արմատներ ունեն, տարբեր քաղաքական եւ պատմական ծագում, հետեւաբար դրանց պետք է անհատական մոտեցում ցուցաբերել: Այդուհանդերձ, միջազգային նորմերն ու սկզբունքները պետք է կիրառվեն հետեւողականորեն: Ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելը պետք է կարգավորման ցանկացած գործընթացի հիմքը կազմի: Եւ այդ իմաստով թույլ տվեք հայտնել Թուրքիայի աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իրենց միջնորդական առաքելության համար: Թուրքիան այն տեսակետի կողմնակիցն է, թե ղարաբաղյան հակամարտության լուծմանը միտված ջանքերը եւ տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության ստեղծումը շաղկապված են եւ ազդում են միմյանց վրա:

2008թ. պատերազմը Վրաստանում ապացույցը դարձավ, որ այսպես կոչված „սառեցված“ հակամարտույթուններն այդքան էլ սառեցված չեն: Եւ այդ պատերազմի տված վնասը ազդեց ողջ տարածաշրջանի քաղաքական կլիմայի վրա, իսկ դրա բացասական հետեւանքները դեռ չեն հաղթահարվել»:

Հատկանշական է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելուց է խոսում մի պետություն, որն ինքը օկուպացրել է Կիպրոսի մեծ մասը, եւ մինչ օրս այնտեղ մի քանի տասնյակ հազարանոց զորախումբ է պահում։