Ընտրությունների վերաբերյալ կարծիք հայտնելու համար դիտորդին պատասխանատվության չենթարկելու օրենսդրական դրույթը հանվել է նոր Ընտրական օրենսգրքից, որի կապակցությամբ «ԸՆտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությանն առաջարկել է ԿԸՀ-ին այդ դրույթի վերաբերյալ առանձին որոշում ընդունել:
Մասնավորապես, «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի` ԿԸՀ-ին ուղղված առաջարկում նշվում է.
«Ընտրությունների ընթացքի եւ ամփոփման վերաբերյալ կարծիք հայտնելու համար դիտորդին պատասխանատվության չենթարկելու օրենսդրական դրույթը 1999 թվականից ի վեր ամենահզոր լծակն է եղել` դիտորդների իրավունքները պաշտպանելու, նրանց վախի մթնոլորտից, անհարկի հետապնդումներից եւ դատական պատասխանատվությունից զերծ պահելու համար:
Բազմիցս փոփոխված օրենսգրքում նշված դրույթը մշտապես առկա է եղել 2008թ. բարեփոխված ՀՀ ԸՕ-ում այն հոդված 31-ի 6-րդ կետն էր:
Նոր ընտրական օրենսդրությունը 2011 թվականին ԱԺ-ում վերջին ընթերցմամբ ընդունելու ընթացքում վերոհիշյալ կետը մեխանիկորեն հանվել է` առանց փորձագիտական եզրակացության եւ լուրջ քննարկումների, հաշվի չառնելով միջազգային դիտորդական պրակտիկայի համընդհանուր նորմերը:
Համապետական ընտրությունների բուն նախօրեին օրենսդրական այս «բացը» կարգավորող միակ ճիշտ ուղին կարող է լինել ԿԸՀ որոշումը, որով դիտորդները չեն կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի եւ արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:
Ներկայացնելով վերոգրյալը խնդրում են ներկայացվածը դարձնել քննարկման առարկա ԿԸՀ-ում եւ արդյունքում ընդունել համապատասխան որոշում»:
ԿԸՀ-ն մերժել է «Ընտրությունը քոնն է» կազմակերպության առաջարկը, իր որոշման մեջ նշելով.
«ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները կազմակերպող եւ ընտրությունների oրինականության նկատմամբ վերահuկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմին է»։
Նշված գործառույթի իրականացմանն ուղղված ՀՀ ԿԸՀ-ի իրավասությունները հստակ եւ աներկբա սահմանված են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով։
Ներկայացված գրությամբ ԿԸՀ-ից խնդրվում է սահմանել իրավական նորմ, որով կլրացվի ՀՀ ընտրական օրենսգիրքը, մինչդեռ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն Հայաստանում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:
Հիմք ընդունելով վերոգրյալը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ է.
«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության 22.03.2012թ. թիվ 009 դիմումը մերժել:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելուց հետո` հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու պահից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրացուցային երեք օրվա ընթացքում»:




























