Երևանում դեկտեմբերի 2-ին աշխատանքն սկսեց Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը։ Համաժողովում ներկայացված են ծրագրի առաջին փուլը հաղթահարած 14 նորարարական ծրագրեր։ Կոնֆերանսի ավարտին կընտրվեն դրանից լավագույն 5-ը, որոնք որպես մրցանակ կստանան 15 հազար դոլար դրամաշնորհ: Նորարարական ծրագրերը տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների և բիոտեխնոլոգիայի ոլորտներին են պատկանում: Համաժողովի բացման խոսքում ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Նատալյա Պիպիան նշեց, որ ներկայումս բիզնեսը մեծ ուշադրությամբ է վերաբերում նորարարությանը, քանի որ փաստ է, որ հաջող ընթացքի դեպքում նորարարական ծրագրերը մեծացնում են ընկերությունների արդյունավետությունը եւ եկամտաբերությունը:

Ըստ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի՝ վենչուրային կոնֆերանսի հիմնական նպատակը գիտական հաստատություններում եղած նորարարությունները գործարար դաշտին ներկայացնելն է։ «Եթե նույնիսկ դրանք մրցանակ չեն շահում, միեւնույնն է՝ նորարարությունների մասին տեղեկանում են համաժողովին մասնակցող գործարարները, եւ մեծ հավանականություն կա, որ նրանք կհետաքրքրվեն հայկական նորարարություններով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ համաժողովի ընթաքում ներկայացված են 22 ծրագրից 14 լավագույնը։ Ըստ Ենգիբարյանի՝ նախորդ վենչուրային կոնֆերանսներին ծրագրեր են ներկայացրել հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաներում գործող գիտնականները, բայց այս տարի ներկայացված են նաեւ ինժեներական արժեքավոր ծրագրեր։

Բ. Ենգիբարյանի խոսքով, նախորդ կոնֆերանսներին ներկայացված «նոու-հաու»-ներից որոշ մասն այսօր հաջողությամբ գործարկվում է արտասահմանում, մասնավորապես՝ Թայլանդում հայկական տեխնոլոգիայով դեղեր են արտադրում, իսկ Միացյալ Նահանգներում հաջողությամբ գործարկվում են տեղեկատվական տեխնոլոգիաներում նորարարական մեթոդները։

Նշենք, որ Վենչուրային կոնֆերանսը նախաձեռնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը: