Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ նստաշրջանի ընթացքում համանախագահող երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարության իմաստը այն է, որ մինչեւ հիմա համանախագահներն են հայտարարություն արել, իսկ հիմա պատվիրակությունների ղեկավարները՝ արտգործնախարարներն են արել:

Սրա կարգավիճակն ավելի բարձր է: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով հայտարարությունը: «Խոսքը վերաբերում է հակամարտության կարգավորմանը, Մադրիդյան սկզբունքներին, եւ իհարկե, Հելսինկյան եզրափակիչ դրույթներին, որտեղ հստակ ամրագրվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Եթե մինչ այժմ նման բարձր մակարդակով խոսվում էր տարածքային ամբողջականության մասին, այժմ՝ նաեւ ինքնորոշման սկզբունքի, ինչպես նաեւ ուժի գործադրման անթույլատրելիության սկզբունքի մասին»,- նկատեց Նիկոյանը:

Վերջինս նաեւ հավելեց, թե հայտարարության հեղինակները առաջընթաց են արձանագրել միայն հիմնարար սկզբունքների դրույթների շուրջ ըմբռնման հասնելու մասին. «Որից հետո, եթե գան դրանց շուրջ ընդհանուր ըմբռնումների, նոր կարող է սկսվել բանակցային գործընթացը՝ համաձայնագրի տեսքով, որին պիտի մասնակցի նաեւ Ղարաբաղը»:

Հարցին՝ մտահոգություն չունի՞ արդյոք բանակցային գործըթնացի աննախադեպ ակտիվացումից, Նիկոյանը պատասխանեց. «Դա չէր նշանակում, որ տաս տարվա ընթացքում, երբ մենք դանդաղ էինք գնում, ինչ-որ բարենպաստ բաներ էին գնում մեր օգտին: Խնդիրն արագության մեջ չէ, այլ նրանում, թե հայկական դիվանագիտությունն ինչքան կարող է հարցերը հիմնարար ձեւով դնել, եւ միջազգային հանրությունը ինչքանով կընկալի դա: Այն, որ այժմ խոսում են ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, դա արդեն շատ դրական է»: