Դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ երկրների Խորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ կկայանա «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական համակազմի գործունեության ապահովմանն ուղղված ազգային օրենսդրությունների համաձայնեցման խնդիրները» թեմայով միջազգային գագաթնաժողովը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀԱՊԿ տեղեկատվական աջակցման ազգային կենտրոնից՝ նշելով, որ համաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու հավաքական անվտանգության համակարգի միջոցների եւ ուժերի ղեկավարության կազմակերպման օրենսդրական կարգավորման հարցերը, ինչպես նաեւ ՀԱՊԿ ռազմական համակազմում ծառայություն իրականացնող զինվորականների իրավական եւ ֆինանսական աջակության կարգավորմանն ուղղված միջազգային եւ ազգային օրենսդրական բազայի զարգացման հնարավորությունները։

«ՀԱՊԿ խորհրդարանական բաղադրիչը մի շարք խնդիրներ ունի, որոնք անհապաղ պետք է լուծվեն։ Մասնավորապես՝ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի արդյունավետ գործունեության համար հրատապ է անդամ երկրների անվտանգության ոլորտի վերաբերյալ օրենսդրության հասկացութային բազայի միասնականացումը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ավելացնելով, որ օրենսդրական ակտիվ աշխատանք պետք է կատարեն անդամ երկրների խորհրդարանները։

Տեղեկանենք, որ գագաթնաժողովին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ-երկրների օրենսդիր մարմինների եւ ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները։