Վանաձորում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է «Save the children» միջազգային կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագիրը:

Այն նպատակ ունի ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի հավասար պայմաններ եւ աշխատանքի մատչելիություն: Ծրագրով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող 390 անձի ապահովելու աշխատանքով, 600 անձի ընձեռնել կրթություն ստանալու, եւս 400 անձի հնարավորություն տալ ստանալու աշխատանքային վերապատրաստում:  Ծրագիրն իրականացվելու է Արարատի, Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում: Շահառու հանդիսանում են 18-64 տարեկանները: Լոռիի եւ Գեղարքունիքի մարզում ծրագիրը իրականացնող գործընկեր կազմակերպությունն է «Լիարժեք կյանք» ՀԿ-ն:

Նշենք, որ զբաղվածության Լոռու մարզային կենտրոնում գրանցված է  հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող 99 քաղաքացի, որից միայն 10-ը` Վանաձորում: Վիճակը ավելի լուրջ է  Ստեփանավանի տարածաշրջանում, որտեղ գրանցված է 55 հաշմանդամ աշխատանք փնտրող: