Արաբկիր համայնքում Աղբյուր Սերոբ փողոցի 50 շենքի ընտանիքներից մեկը պայքար է սկսել այդ համայնքի քրեական հեղինակություն համարվող Ջնդիի դեմ: Ջնդին ազգությամբ եզդի է (Ջնդի Ամարյան), Կոմիտաս փողոցի հայտնի «Արեւելյան խոհանոց» ռեստորանի սեփականատերը, ունի նաեւ շնաբուծական ֆերմա:
Ընտանիքը, որ բողոքում է Ջնդիի կամայականությունների դեմ, բաղկացած է միայն կանանցից (չորս անձ): Նրանք Աբխազիայից են Հայաստան եկել` հայտնի դեպքերի պատճառով: 1997 թ. գնել են Աղբյուր Սերոբ փողոցում բնակարան, ու երկարատեւ պայքարի արդյունքում հասել նրան, որ բնակտարածքը սեփականաշնորհեն (ինչին աջակցել է նախագահ Սերժ Սարգսյանը): Նշենք, որ այդ փողոցում մի քանի երկհարկանի հին շենքեր կան, որոնք բնակեցվեցին 1991 թվականից հետո` փախստականների կողմից: Բնակիչները նաեւ այդ տների շուրջ հողակտորներ են մշակել, որոնք սակայն չեն հասցրել սեփականաշնորհել:
Դրանից էլ օգտվել է Ջնդին, ով 1991-2007 թվականներին բացակայել է հանրապետությունից: Հետո վերադարձել է, անմիջապես ներքաշվել «ռազբորկաների» մեջ`2007 թ. նրա դեմ մահափորձ է իրականացվել, մեկ տարի անց հայտնվել է կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության տեսադաշտում`զենք ու թմրանյութ պահելու մեղադրանքով: Հետո էլ սկսել է աստիճանաբար յուրացնել Աղբյուր Սերոբ փողոցի հողերը` ընդհանուր առմամբ 4600 քառ. մետր, որից 3600 քառ. մետրը` թիվ 50 շենքի հարակից են: Ըստ երեւույթին հողերի մի մասը գնել է, սակայն Աիդա եւ Անժելիկա Հակոբյանները հրաժարվել են վաճառել իրենց կողմից մշակվող մոտ 300 քառ. մետր հողակտորը: Մի գեղեցիկ օր (2010 թ.) պարզվել է, որ Ջնդին այդ հողերի սեփականատերն է`նա այդ «իրավունքը» ստացել է ընդլայնման հիմքով (Ջնդիի քույրը նույնպես hողակտոր է ունեցել այդ տեղամասում): Հատկանշական է, որ քաղաքապետարանը 2009 թ. մերժել էր հողամասը օգտագործողների օրինական պահանջը, սակայն 2010 թ. բավարարել է մեկ այլ օգտագործողի ընդլայնման պահանջը:
Հնարավոր է`Ջնդին խնդիրներ ունի նաեւ այլ օգտագործողների դեմ, սակայն ոչ բոլորն են համարձակվում բարձրաձայն բողոքել: Ըստ Ա. Հակոբյանի` այդ նեղ ու կարճ փողոցը հայտնվել է Ջնդիի տիրապետության ներքո, ով ման է գալիս թիկնապահներով ու հսկա շներով, որոնք առանց դնչկալների են: Աիդա եւ Անժելիկա քույրերը պնդում են նաեւ, որ Ջնդին վախեցրել է իրենց փաստաբանին, ու ընդհանրապես` արհամարհական վերաբերմումք է դրսեւորում ոստիկանության եւ քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ: Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ նա սպառնացել է քույրերին. «Հողը խլել եմ, տունն էլ եմ խլելու, ձեզ էլ վտարելու եմ»:
Դատարանն արդեն մեկ անգամ որոշում է կայացրել հօգուտ Ջնդիի` հիմնվելով կեղծ ցուցմունքների վրա: Սակայն քույրերը բողոքարկել են դատարանի որոշումը` ապրիլի 30-ին նշանակված է հերթական դատը: Նրանք վճռական են տրամադրված ու ասում են, որ մինչեւ վերջ պայքարելու են` հող մշակելու ու արժանապատիվ կյանքի իրենց իրավունքը վերականգնելու համար:
Սամվել Ավագյան




























