«Օրթեզ» ՍՊԸ-ն հաշմանդամ երեխաների համար նախատեսված օրթեզներն ու կորսետները տրամադրել է առանց բժշկական հիմքերի: Այդ մասին նշված է ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացության մեջ:

Պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին հաշմանդամ երեխաների օրթեզների եւ կորսետների պատրաստման ծառայությունների գծով ՀՀ առողջապահության նախարարության կողմից պայմանագրեր են կնքվել թվով  երեք ընկերությունների՝ «Օրթեզ» ՍՊԸ-ի, «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի եւ «Արիե Կուպերսթոքի անվան վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի հետ:

Խախտում, փաստորեն, հայտնաբերվել է միայն «Օրթեզի» մոտ:

«Օրթեզ» կենտրոնի տնօրեն Արա Թեքգյոզյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք եւ Վերահսկիչ պալատը տարբեր կերպ են հասկանում «բժշկական հիմք» տերմինը: Նրա խոսքով` իրենք օրթեզը տալիս են բուժհիմնարկի ուղեգրի հիման վրա, իսկ ՎՊ-ն «էպիկրիզի նման ինչ-որ բան է ուզում»: Դա, ըստ Ա. Թեքգյոզյանի` տեխնիկապես էլ անհնար է, քանի որ բժիշկը չի կարող մի քանի հարյուր հոգու համար էպիկրիզ գրել: «Մեզ դա չի էլ հետաքրքրում, հիվանդության պատմությունը մենք չենք ուսումնասիրում,  որովհետեւ բժիշկ չենք, իսկ բժիշկի ուղեգրում նշվում է սարքի կոնկրետ տեսակը, դա մեզ լիովին բավարար է»,-ասաց Ա. Թեքգյոզյանը: Այս թյուրիմացությունը, ըստ նրա, գալիս է 6 տարի առաջ գրված կարգից, որ մինչ այսօր չի ուղղվում:

Նշենք, որ օրթեզները հիմնականում օգտագործվում են հոդերում ակտիվ շարժումների բացակայության ժամանակ (պարալիչի, մկանային ուժի պակասի դեպքում):