Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքում տեղակայված արտերկրում Արցախի միակ ընտրատեղամասի քվեարկության արդյունքերի համաձայն՝ թվով 575 ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ 200 ձայն, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»՝ 172, ՀՅԴ-ն՝ 145, «Շարժում 88»-ը՝ 23, «Ազգային վերածնունդ» կուսակությունը՝24, ԼՂԿԿ-ն՝ 3, «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը՝ 1 ձայն, մյուս քվեաթերթիկները անվավաեր են ճանաչվել: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Ազգային վերածնունդ» կուսակցության վստահաված անձ Ասպրամ Մանուկյանը:
Ասպրամ Մանուկյանը նշեց, որ Երեւանում ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն առանց խախտումների են անցել:
«Որպես վստահաված անձ կարող եմ վստահեցնել, որ անթերի եւ գովելի ընտրություններ էին, ոչ մի խախտում եւ միջադեպ չի գրանցվել»- ասաց Ասպրամ Մանուկյանը:
Նշենք, որ Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքում տեղակայված արտերկրում Արցախի միակ ընտրատեղամասում քվեարկելու հնարավորություն ունեին արցախցի շուրջ 500 ուսանողներ եւ կուրսանտները, իսկ լրացուցիչ ցուցակներով քվեարկել են այն քաղաքացիները, որոնք այսօր Երեւանում են գտնվել: Քվեարկությունն ընթացել է միայն համամասնական կարգով:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում էին համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):
Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել էր ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։
Ըստ ԼՂՀ ԿԸՀ-ի՝ 102 034 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 72 039 մարդ՝ ապահովելով 70,6 տոկոս մասնակցություն։