Երեւանի Աբովյան եւ Արամի  փողոցների խաչմերուկում գտնվող Արամի 30 շենքը քանդվել է Արամի եւ Աբովյան  փողոցների քննարկվող  հատվածների մայթերը ընդլայնելու նպատակով, Արամի 30 շենքի տեղում շինություն չի նախատեսվում կառուցել:  Այս մասին այսօր` հունվարի 19-ին, NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից` նշելով, որ ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 25-ի 108 N որաշմամբ` Արամի N 30  շենքի հարեւանությամբ գտնվող մի շարք այլ շինությունների զբաղեցրած հողամասերը ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ:  Ըստ կենտրոն վարչական շրջանի համար հաստատված գոտիավորման, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի  կողմից բնակելի եւ  առեւտրահասարակական  համալիրի կառուցման  նպատակով  համաձայնեցված նախագծերի` Արամի եւ Աբովյան  փողոցների քննարկվող  հատվածների մայթերը  նախատեսվում է ընդլայնել եւ Արամի 30 շենքի տեղում շինություն չի նախատեսվում կառուցել:

Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ տարածքը ձեռք է բերել «ԱՎՈ  ՖՄՀ» ՍՊԸ-ն, որը Աբովյան, Արամի եւ Նալբանդյան փողոցների պարփակված տարածքում իրականացնում է բնակելի եւ առեւտրահասարակական շինարարական աշխատանքներ:

Ավելի վաղ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասված է.

«Մեր քաղաքի պատմական ժառանգության հանդեպ այս հերթական հանցագործության գլխավոր պատասխանատուները նույն նրանք են, ում հրաժարականը քաղաքացիական հանրույթը բազմիցս է պահանջել ու մինչ օրս էլ պահանջում է – Նարեկ Սարգսյան եւ Տարոն Մարգարյան։ Մշակույթի նախարարի մասին պատմությունը լռում է։

Այս տխրահռչակ չինովնիկները չհասկացան, որ Երեւանի կենտրոնը փորձադաշտ չէ։ Չհասկացան, որ քաղաքաշինական նախագծերը  պետք է համապատասխանեցվեն Երեւանի պատմաճարտարապետական հանգույցներին, ոչ թե այդ հանգույցները ոչնչացվեն՝ տարածք բացելով մեկ-երկու հոգու հիվանդագին մտավիժումներից ծնված պրոյեկտների համար։

Պայքարը Արամի 30-ի պահպանման համար սկսվել էր ավելի քան հինգ տարի առաջ: Քաղաքի պատմությունը հարգող քաղաքացիների ջանքերը զուր չէին, սակայն այս գեղեցիկ շենքի կյանքը հաջողվեց երկարաձգել միայն մինչեւ քաղաքաշինական այսօրվա համաճարակը։ Այսպես է լինում, երբ բոլորս մեր հույսը դնում ենք ոչ թե մեր իսկ ուժերի, համախմբվածության ու հետեւողականության, այլ ապիկար ղեկավարների մտքի զարթոնքի, օրինապահության կամ քաղաքի ճակատագրի վրա։ Իրականում այս շենքի համար մղվող պաքարը դադարել էր այն բանից հետո, երբ տարածքի քաղաքաշինական ծրագրի նախագծող Աշոտ Ալեքսանյանը քաղաքացիներին վստահեցրել էր, որ Արամի 30-ի առնվազն ֆասադային հատվածը հնարավոր կլիներ պահպանել։ Եվ այդպես, փափուկ բարձի խայծն աշխատեց։

Ինչ վերաբերում է օրենքին, ապա նկատենք, որ տարածքում մինչ այժմ որեւէ նախագիծ հրապարակված չէ։ Մեր օրերի նապոլեոնները արհամարհում են քաղաքացուն եւ քաղաքաշինության մասին ՀՀ օրենքը եւ իրենց խզբզանքները պահում բարձի տակ։ Իսկ քանդման աշխատանքների համար գերադասում են գիշերային ժամերը, որպեսզի հնարավոր լինի ինքնափլուզման միֆերով լցնել ժողովրդի ականջները, ինչպես արվեց, օրինակ, «Փակ շուկայի» եւ Հրաչյա Աճառյանի անվան N 72 դպրոցի պարագայում։ Արդեն քանդված շենքերի բազմաթիվ լուսանկարներ այսօր ցուցադրվում են մետրոկայարանների դամբարանային մթնոլորտում։ Այսպիսով, մշակույթի նախարարությունն էլ շարունակում է մնալ պատմական շենքերի հուղարկավորության եւ հիշատակման բյուրոյի դերում։

Իսկ Արամի 30-ի քանդումը, որը կրկին գլխավորեցին Երեւան քաղաքի հետ ծնունդով եւ հոգով որեւէ կապ չունեցող անձինք, ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ, որը կարող է դառնալ Նարեկ Սարգսյանի հիվանդ մտքի հաջորդ թիրախը»: