ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հուլիսի 12-ին հաստատել է 2017-ի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների եւ առնչվող ծրագրերի (SFOPS) հատկացումների օրինագիծը, որը ներառում է Հայաստանին եւ տարածաշրջանին հատկացվող օգտնությունը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Այս օրինագիծը պահպանում ազատության աջակցման ակտի 907-րդ հոդվածը եւ ներառում է աջակցություն Հայաստանում ապաստանած սիրիացի փախստականներին:

Ըստ այդմ, Սենատը հաստատել է 24.1 մլն դոլարի ոչ ռազմական օգնություն հատկացնել Հայաստանին, ինչպես նաեւ կոչ է արել շարունակել աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին այս առնչությամբ նշել է. «Քանի որ Կոնգրեսը պետք է լրամշակի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հատկացումների օրինագծերը, Ամերիկայի հայկական համագումարը շարունակելու է պնդել լրացուցիչ օժանդակություն հատկացնել Հայաստանին՝ հաղթահարելու համար Սիրիայից փախստականների ներհոսքի խնդիրը, ինչպես նաեւ խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի վերակառուցման համար, որը տուժել է Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան պատերազմից»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հանձնարարել էր Հայաստանին տրամադրել 24.1 մլն դոլարի, իսկ Ադրբեջանին` 10.9 մլն դոլարի օգնություն։ Ընդհանուր առմամբ Հայաստանին հատկացվող գումարի չափը 3 մլն դոլարով ավելի է, քան նախագահ Բարաք Օբամայի բյուջետային հարցումն էր:

Նշվում է, որ ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Լեռնային Ղարաբաղին անմիջական օգնություն ցուցաբերելուն հավատարիմ մնալու իր որոշումը։ Ծրագիրը 1998-ից հումանիտար օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին։ Սենատը նաեւ հանձնարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի փախստականներին։

«Հանձնաժողովն աջակցում է Հայաստաում փախստականների, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում ծագած հակամարտություններից փախած Մերձավոր Արեւելքի փախստականների համար օգնություն ցուցաբերելուն»,– ասված է Սենատի՝ 2017-ի ֆինանսական տարվա ծախսերի օրինագծում։

Լեռնային Ղարաբաղի օգնության մասով հանձնաժողովը որոշել է. «Հանձնաժողովը հանձնարարում է նախորդ ֆինանսական տարիների չափով օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության զոհերի հարազատներին՝ նրանց ընթացիկ կարիքների բավարարման համար։ Հանձնաժողովը հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում եւ ընդունում, որ Լեռնային Ղարաբաղում բնակչության մեկ շնչի հաշվարկով ականապատ  տարածքների ամենաբարձր մակարդակն է, եւ ականզերծման աշխատանքներն արդյունավետ են եղել տեղերում, որտեղ իրագործվել են։  Հանձնաժողովը կոչ է անում շարունակական ջանքեր գործադրել այդ ծրագրերի աշխարհագրության ընդլայնման համար»։