News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2016-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը 23 դաշտային ծրագիր է իրականացրել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ արշավներից մի քանիսը դեռեւս ընթանում են, բայց հիմնականում 2016-ի դաշտային սեզոնն արդեն փակ է։

Նա նշել է, որ Ինստիտուտը հետազոտում է ժամանակակից Հայաստանի տարածքը, այսինքն՝ պատմական Հայաստանի մի մասը՝ Արաքս գետից հյուսիս։ Նրանք ուսումնասիրում եմ բազմաթիվ հուշարձաններ՝ սկսած մարդկանց ամենահին բնակավայրերից մինչեւ ուշ միջնադարյան բնակատեղիներ։

Ինստիտուտի տնօրենի խոսքով՝ ծրագրերի մի մասն իրականացվում է օտարերկրյա կենտրոնների հետ համագործակցությամբ։ Մասնավորապես, այս տարի հայ հնագետների հետ աշխատել են 60 օտարերկրյա մասնագետներ։ Արտասահմանցի գործընկերներն իրենց գիտելիքներից զատ Հայաստան են բերում նորագույն տեխնիկա, ինչը շատ է օգնում հնագույն հուշարձաններ փնտրելու գործին։

2016-ի պեղումների թվում են Արագած լեռան ստորոտին՝ Գեղարոտ տեղանքի բազմաշերտ բնակատեղիի պեղումները, որոնք իրականցվում են «Արագած» նախագծի շրջանակներում։ Այստեղ առաջին անգամ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 1-ին կեսի դամբարանների կողքին գտել են ենթադրաբար ծիսական շինություններ։ 

Սոլակ-1 տեղավայրում՝ Վանի թագավորության ժամանակների ամրոցում կատարված պեղումները նույնպես հնագետների մտորումների համար նոր նյութ են տվել: Այստեղ պեղել են պալատի ավերակները, եւ կառույցի պլանավորումը ճշգրիտ համընկնում է ուրարտական այլ պալատների պլանին, մասնավորապես՝ Թեյշեբաինի: Սակայն ուրարտական շինանյութի փոխարեն այստեղ կիրառվել է տեղական շինանյութը:

Հայ-գերմանական արշավախումբը շարունակել է Արագածի լանջերի հետազոտությունը, եւ մոտ 3 հազար մետր բարձրությամբ հայտնաբերել է նոր վիշապաքար:

Ինչպես պարզաբանեց Պավել Ավետիսյանը, վիշապաքարերը հանդիպում են բացառապես Հայկական լեռնաշխարհում: Այդ քարերի այսօր մեզ հայտնի տարիքը թվագրվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակի վերջին քառորդով, ավելի ճշգրիտ՝ ստույգ հայտնի է, որ այդ ժամանակ դրանք այս տարածքում արդեն գոյություն են ունեցել: Սակայն հնարավոր է, որ ավելի վաղ էլ են եղել, եւ նոր գտածոն կարող է լույս սփռել այս հարցի վրա: Բանն այն է, որ, ինչպես պարզաբանեց Պավել Ավետիսյանը, նախկինում հայտնաբերված բոլոր վիշապաքարերը տեղափոխվել են իրենց տեղադրման վայրից, օրինակ՝ թանգարաններ: Իսկ այժմ եզակի հնարավորություն է ընձեռվել հուշարձանն այն վայրում հետազոտելու, որտեղ այն կանգնեցվել է: Ակնհայտ է, որ սա ծիսական կառույց է, այն կապում են ջրի պաշտամունքի կամ Աստղիկ աստվածուհու հետ: Սակայն այս քարերի վերաբերյալ դեռեւս շատ բան պարզված չէ: Օրինակ, ինչպես նշեց Պավել Ավետիսյանը, բոլոր վիշապաքարերը տեղադրվում էին ծովի մակերեւույթից 3000 մետր բարձրությամբ, եւ դեռեւս պետք է պարզել՝ ինչու։

Ինստիտուտի տնօրենը հիշեցրեց, որ այս տարի շարունակվել են Քարաշամբի բրոնզե դարի դամբարանադաշտի պեղումները, եւ այստեղ հայտնաբերված գտածոները վկայում են այն մասին, որ որոշ գերեզմանափոսերում թաղվել են բավական ազդեցիկ մարդիկ, կարելի է ասել՝ արքաներ: Դա վկայում է, որ մ.թ.ա. 24-23-րդ դարերում այս տարածքում արդեն իսկ գոյություն է ունեցել պետական կառուցվածք:

2016 թվականին աշխատանքները շարունակվեցին նաեւ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներ Դվինում եւ Արտաշատում: Պավել Ավետիսյանի խոսքով՝ այստեղ իրականացվում են վերականգնողական եւ ամրացման աշխատանքներ: Դվինը պատմամշակութային արգելոց դարձնելու ծրագիր կա, եւ այդ ժամանակ այն բաց կլինի զբոսաշրջիկների այցելությունների համար: Մասնագետը նշեց, որ այժմ այնտեղ ոչինչ հնարավոր չէ տեսնել, քանի որ հնագետները պեղված շերտերը կրկին հողով են ծածկում, որպեսզի չկործանվեն:

Նրա խոսքով՝ Արտաշատում խճանկարե հատակով հասարակական բաղնիք է հայտնաբերվել, նաեւ հնագույն որմնանկարներ, բայց դրանց սպառնում է ջուրը, այդ պատճառով հիմա խճանկարները եւ որմնանկարները տարհանվում են:

Այս տարի Արենիի հայտնի քարանձավում աշխատանքները շարունակվել են ԱՄՆ դեսպանատան տրամադրած դրամաշնորհի շրջանակում: Այն եւս պատրաստվում է զբոսաշրջիկներ ընդունելու համար, նշեց ինստիտուտի տնօրենը:

Խոսելով այն մասին, թե Հայաստանում կատարվող պեղումներն ինչ նշանակություն ունեն համաշխարհային պատմական գիտության համար, Պավել Ավետիսյանը նշեց, որ որոշ գտածոներ հիմք են տալիս վերանայելու նախամարդու ծնունդի եւ այդ ժամանակների միգրացիոն գործընթացների մասին հաստատված պատկերացումները: Օրինակ՝ Ակնաշենի պեղումները ցույց են տվել, որ մ.թ.ա. 7-րդ դարից մինչեւ 6-րդ դարասկիզբ Արարատյան դաշտավայրի  տարածքում լիճ է եղել:

Պավել Ավետիսյանի խոսքով՝ այդ լճի ափերի հետազոտությունը, դրա քարտեզի կազմումը հնարավորություն կտա լրացնել հնագույն աշխարհի եւ մարդության տեղաբաշխման գործընթացի  մասին պատկերացումներում առկա բացը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ