Երգչուհի Նունե Եսայանը մեկնում է Թուրքիա` մայիսի 11-ին մասնակցելու հայ համայնքի կազմակերպած բարեգործական համերգին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` երգչուհին: Նա նշեց, որ իր մենահամերգն է լինելու, հայ համայնքն է հրավիրել այնտեղի դպրոցին օգնելու նպատակով: Հարցին, թե ինչի համաձայնեցիք մեկնել Թուրքիա, որեւէ մտավախություն չունեք, նա պատասխանեց: «Ինչի՞ պետք է չհամաձայնեի, հայ համայնքը հրավիրել է, ես էլ գնում եմ իրենց համար: Մտավախություն չունեմ, հայերն են դիմավորելու, հայերի հետ ենք լինելու, հո՞ գել ու գազան չեն, ի՞նչ պետք է անեն»,- նշեց նա:
Ի դեպ, երգչուհին առաջին անգամ է համերգով մեկնում Թուրքիա, նախկինում մի անգամ հրավեր եղել է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթերթի նախկին խմբագիր, 2007թ հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի կողմից, բայց «խոսել են, բայց կիսատ է մնացել»: Նունե Եսայանը նշեց, որ ուրախ է, որ գնում է համերգի, անպայման կայցելի Դինքի գերեզմանին:
Նշենք, որ Պոլսի «Ակոս» շաբաթաթերթը գրել էր, որ Պոլսի Սահակյան սաների միությունն իր հիմնադրման 60-ամյակը նշելու կապակցութամբ Թուրքիա է հրավիրել երգչուհի Նունե Եսայանին: Մայիսի 11-ին, «Լյութֆու Քըրդար» համերգասրահում կայանալիք համերգի տոմսերը սպառվում են մեծ արագությամբ, արդեն վաճառվել է 1.300 տոմս: Համերգասրահով ապահովել է Օիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Պարընը:



























