Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը զգուշացնում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, որ եթե նա այդպես շարունակի, ապա ինքը ստիպված կլինի ներկայացնել ապացույցներ, թե ինչպես էր վերջինս խնդրում, աղաչում, պաղատում, որ իրեն օժտեն պատգամավորական մանդատով: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով Հմայակ Հովհաննիսյանի այսօր լրագրողների հետ արած այն հայտարարությանը, թե ինքը չի կարող Տիգրան Ուրիխանյանի հետ լինել մեկ թիմում, քանի որ նա կրակել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա եւ քաղաքագետի համար նա Նաիրի Հունանյանից չի տարբերվում: 

«Ես վերջին անգամ եմ անդրադառնում անէական մարդու անէական խոսակցություններին, որը փորձում է ջուր պղտորել եւ այդ ջրում իր համար որեւէ օգտակար բան գտնել»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ մանդատը պատասխանատվություն է, ոչ թե` արտոնություն:

Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանի մատնանշած միջադեպին, պատգամավորն ասաց, որ ինքը երբեք ոչ մեկի վրա չի կրակել, նշված դեպքերը  խեղաթյուրվում են գիտակցաբար: Նրա խոսքով` փորձաքննությունը, քրեական գործի ընթացքը եւ ավարտն էլ ցույց տվեցին, որ նրա արարքը «ինքնապաշտպանություն է» եղել:

Ըստ որում` մամուլի խոսնակը շեշտեց, որ նա օրինական ատրճանակից անգնդակ կրակոց է արձակել օդ` փորձելով սաստել խուլիգանական արարքը իր` 30 տարի էպիլեպսիայով տառապող կուսակցական ընկերոջ եւ հանրության նկատմամբ: Պատգամավորի խոսքով` դրանից հետո հարուցվել է  քրեական գործ, բայց Միքայել Դանիելյանը չի դատապարտվել եւ չի ազատազրկվել: Դրանից հետո Միքայել Դանիելյանը  դատական հայցերով դիմել է դատարաններ, բայց պարտվել է, ինչի մասին կա պաշտոնական տեղեկատվություն: