97-ամյա Չիժիկ Չաթարիի լուսանկարը, որը գլխավորում է ամենահետախուզվող հանցագործների ցուցակն ըստ Սիմոն Վիզենտալի կենտրոնի, եւ  նրա մասին հոդվածը երկուշաբթի օրը հայտնվել էր բրիտանական Sun թերթում: Կենտրոնի ներկայացուցիչ Էֆրաիմ Զուրոֆն իսրայելական լրատվամիջոցներին հայտնել է, որ կենտրոնի աշխատակիցները Չիժիկ Չաթարիին հայտնաբերել էին Բուդապեշտում դեռեւս 2011 թվականին եւ այն ժամանակ էլ նրա մասին փաստաթղթերը փոխանցել հունգարական դատախազությանը:  

Հունգարիայի դատախազության հայտարարության մեջ հաստատվում է, որ  այդ գործով հետաքննությունն սկսվել է 2011 թվականի սեպտեմբերի 11-ին: Ընդ որում, հայտարարության մեջ ոչ մի անգամ ուղղակի չի նշվում Չիժիկ Չաթարիի ազգանունը, հաղորդվում է, որ հետաքննությունը տարվում է «Х...-ի նկատմամբ»:

Հաղորդվում է նաեւ, որ Չիժիկ Չաթարին մասնակից է  առնվազն 15,7 հազար հրեաների սպանությանը:

Ըստ դատախազության ներկայացուցիչների`հետաքննության մեծ մասը բաղկացած է արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ պատերազմից ողջ մնացած մարդկանց փնտրտուքից, որոնք կարող են այդ գործի վկաներ լինել: Բուդապեշտն այդ ամենը խնդրահարույց է համարում, քանի որ բոլոր հնարավոր ականատեսներն ապրում են արտասահմանում: 

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նաեւ արձագանքել է  Վիզենտալի կենտրոնի քննադատությանը, որը մատնանշել էր հունգարական իշխանությունների անգործությունը:

Պատերազմից հետո Չեխոսլովակիայի դատարանը Չիժիկ Չաթարիին դատապարտել էր մահապատժի, սակայն հանցագործը տեղափոխվել էր  Կանադա` այլ անունով, որտեղ զբաղվել էր արվեստի ստեղծագործությունների վաճառքով: 1997 թվականին կանադական իշխանություններն իմացել էին ճշմարտությունը, նրան զրկել էին քաղաքացիությունից եւ սկսել էին պատրաստել նրա արտաքսման փաստաթղթերը: Սակայն հունգարացին  իրավաբանական գործողությունների ավարտից ավելի շուտ էր թաքնվել: