Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի գործունեության առնչությամբ ՀՔՄ կենտրոնական գրասենյակի աշխատակիցների դեմ ապրիլ ամսից իրականացվող բիրտ ճնշումները, որոնք դրսեւորվեցին ընտրարշավի օրերին ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված երեք շինծու դատական գործերով, այսօր հասել են իրենց գագաթնակետին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը եւ ՀՔՄ կառույցում գործող Politlogos իրավիճակային վերլուծությունների եւ քաղաքագիտական կանխատեսումների կենտրոնից:
Նրանց փոխանցմամբ` Հմայակ Հովհաննիսյանի ազատության սահմանափակմանը զուգահեռ` նրա համար որպես խափանման միջոց քաղաքից չբացակայելը ընտրելով, իշխող համակարգն այսօր ՀՔՄ նախագահի ն քաղաքական մեղադրանքներ ներկայացնելու ճիգեր է գործադրում: Այդ ճիգերի մտավոր եւ բարոյական սնանկության խոսուն ապացույցն է իշխող համակարգի օլիգարխիկ հենասյունի մամլո խոսնակի կողմից օր առաջ տարածած հայտարարությունը:
«Զարմանալի եւ ցավալի է, որ հայոց խորհրդարանում իր թվաքանակային կշիռով երկրորդ կուսակցության ներկայացուցիչները կարող են այդպիսի անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել անկուսակցական, միմիայն իր մասնագիտական գործունեության չափանիշներով առաջնորդվող քաղաքագետի հասցեին: Ի՞նչ է ասել, թե ինչպես իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, Հմայակ Հովհաննիսյանը բացահայտեց քաղաքական լարախաղացի իր հմտությունները, փորձելով մանեւրել քաղաքական տարբեր ուժերի միջեւ: Այս ապշեցուցիչ մեղադրանքը ներկայացվում է իրեն քաղաքական հորջորջող ուժի անունից, որը ակտիվորեն մասնակցեց եւ իր համար առավելագույն օգուտներ կորզեց Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ձեւավորված Միասնական շտաբի գործունեությունից:
Խոսքը գնում է համամասնական ընտրակարգով 30 տոկոսանոց արդյունքի մասին, որը կրկնակի գերազանցեց նախորդ խորհրդարանական ընտրություններին, երբ ԲՀԿ-ին բացահայտորեն հովանավորում էր այն ժամանակ գործող նախագահ Ռ. Քոչարյանը, 15 տոկոսանոց արդյունքը: Չէ որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն նույնքան մեծ նյութական ռեսուրսներ ուներ, որոնց գումարվում էր նաեւ նախագահական վարչական ռեսուրսի լիարժեք օգտագործման հնարավորությունը: Ինչո՞ւ չէին ԲՀԿ պարագլուխները միասնական շտաբի գործունեության ընթացքում հրաժարվում քաղաքական ուժերի միչեւ մանեւրելու Հմայակ Հովհաննիսյանի ունակություններից: Որովհետեւ քաջ գիտակցում էին, որ այդ դեպքում 15 տոկոսից ավել չեն հավաքելու: Եվ չէին հավաքի, եթե բացի տրակտորներից, բաժանեին նաեւ լեքսուսներ, բենթլիներ կամ նույնիսկ ինքնաթիռներ:
Այս ճշմարտությունը հաշվի առնելով` ԲՀԿ առաջնորդն ընտրությունների օրը` մայիսի 6-ին, հեռուստախցիկների ուղեկցությամբ շտապեց այցելել ՀՔՄ գրասենյակ, հրապարակայնորեն իր աջակցությունը հայտնեց ՀմայակՀովհաննիսյանին: Ճիշտ արեց, որովհետեւ քաղաքական ուժերի միջեւ մանեւրելու մեր ձիրքի շնորհիվ էր, որ հնարավոր դարձավ Միասնական շտաբի ստեղծումը, որովհետեւ լարախաղացի հմտություններին նմանվող քաղաքագիտական կշռադատության գործադրմամբ էր միայն հնարավոր այդքան տարբեր, նույնիսկ հակադիր ուժերին փոխհամաձայնությունների, կոնսենսուսային լուծումների դաշտ բերելը»,- հայտնել են կենտրոնից:




























