Հայաստանի գլխավոր դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունենում: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Շահեն Տոնոյանը հաստատեց, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Նշենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր աշխատանքից հեռացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին եւ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության այլ պետեր նույնպես հեռացվել են աշխատանքից:




























