Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը ամիսներ առաջ է վաճառել իր «Բենթլին»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատյան հայրապետական թեմի մամուլի պատասխանատու Նոյեմի Աբրահամյանը:

Նա նշեց, որ այդ մեքենան երբեք Երեւանում չի էլ վարել: «Դա ուղղակի նվեր է եղել, որը Սրբազանը ընդունել է որպես նվեր: Հանրային աղմուկը մեծ նշանակություն չի կարող ունենալ որեւէ մարդու անձնական կյանքի որոշումների հետ կապված, ինչպես մեքենայի վաճառքն էր»,- նշեց նա:  Եթե ոչ հանրային աղմուկը, ապա ինչն էր մեքենան վաճառելու պատճառը, մամուլի քարտուղարը չգիտեր:

Նա տեղյակ չէր նաեւ, թե որտեղ է վաճառվել մեքենան, ով է այն գնել, «դրանք անձնական կյանքին վերաբերող մանրամասներ են, որը ինքը ի պաշտոնե չի կարող իմանալ, քանի որ չի կարծում, որ դա այն թեման է, որ Սրբազանի հետ հետ կարելի է խոսել»: Նոյեմի Աբրահամյանը նշեց, որ մեքենայի վաճառքից ստացված գումարը օգտագործվել է բարեգործական միջոցառումների համար:

Նշենք, որ «ՉԻ» տեղեկություններով՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, որը «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու կապակցությամբ ձեռք էր բերել «Բենթլի Սամո» մականունը (Նավասարդի ոչ եկեղեցական անունը եղել է Սամվել), հրաժեշտ է տվել իր «Բենթլիին»։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում.

«Բանն այն է, որ նա վաճառել է ավտոմեքենան. եկեղեցականների շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ գումարը վերջինս օգտագործելու է բարեգործական նպատակներով։ Փաստորեն Կճոյանը փորձում է ազատագրվել չարաբաստիկ «Բենթլիի»՝ իրեն պատճառած վնասներից՝ փորձելով ներկայացնել, որ ինքը ոչ միայն շքեղություն սիրող եւ օֆշորում գործունեություն ծավալող անձ է, այլ նաեւ մեծ բարեգործ, որը կարող է իր ունեցվածքը ծառայեցնել հոտին։

Ավելացնենք նաեւ, որ Երեւանում դեռեւս ոչ մեկը չի տեսել Նավասարդ Կճոյանին «Բենթլիով» երթեւեկելիս։ Մեքենան Երեւանում՝ չի էլ քշվել, այն մշտապես կայանված է եղել։ Կճոյանը «Բենթլին» նվեր էր ստացել իր սանիկից՝ «Ջոսսե» ռեստորանային համալիրի նախկին սեփականատեր Մհերից։ Վերջինս, ի դեպ, մեր թերթի հետ հարցազրույցում դժգոհել էր Կճոյանից՝ հայտարարելով, թե նա իր երեխայի կնքահայրն է եղել, բայց ոսկյա խաչը առանց ոսկյա շղթայի է նվիրելղ իր փոքրիկին»,- գրում է «Չորրորդ իշխանությունը»: