Բրիտանական The Guardian թերթը ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ճանաչել է տարվա մարդ: Քվեարկության ընթացքում, որին մասնակցել են թերթի ընթերցողները, Սնոուդենն առաջ է անցել անվանակարգում հաղթող մյուս թեկնածուներից՝ Greenpeace-ի եւ Arctic Sunrise-ի բնապահպաններից ու Հռոմի պապից:

Ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների մասին գաղտնի տեղեկատվության արտահոսքի կազմակերպիչը  ստացել է 1445 ձայն կամ ձայների ավելի քան 40 տոկոսը:

«Էդվարդ Սնոուդենը, ով ԱՄՆ-ի ու նրա արեւմտյան դաշնակիցների կողմից համացանցի վերահսկողության ու հեռախոսազրույցների գաղտնալսումների ծավալների վերաբերյալ մոտ 200 հազար փաստաթուղթ էր հասարակայնացրել, հավաքել է մասնակիցների ձայների ավելի քան 40 տոկոսը»,- գրում է թերթը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հարկ է նշել, որ անցյալ տարի նույն անվանակարգում հաղթել էր մեկ այլ ամերիկացի ինֆորմատոր Բրեդլի Մենինգը, ով Wikileaks-ին էր փոխանցել ավելի քան 700 հազար գաղտնի փաստաթուղթ: