Ռուսաստանի Արզամաս քաղաքի հայկական սրճարանում 26-ամյա ուսանող Ալեքսանդր Սլակաեւը սպանության գործի շրջանակներում կալանավորված Վաչիկ Բուլախչյանը փորձել է ինքնապաշտպանվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Ալվինա Գուլակյանը:
Նա նշեց, որ Վաչիկը շատ լավ, աշխատող երիտասարդ է, «խելոք, աշխատող երեխա է, իմ երեխեքի մեջի ամենախելոք երեխեն ա, չէինք սպասի, որ հնարավոր է նման բան»: «Բայց էմ ձեւի երեխուն բռնել են, ծեծել են, լրիվ մարմինը սեւացած, տվել գլխին, գլուխը ճղվել է, ոնց որ անգիտակից վիճակում արդեն շեղվել է, ինքը չէր պատկերացնի, որ հնարավոր է տենց բան անի»,-ասաց մայրը:
Վաչիկը ամուսնացած է, 3 տարի առաջ կնոջ եւ երեխայի հետ մեկնել էր ՌԴ, սկզբում աշխատում էր շինարարությունում, այնուհետեւ հայկական ռեստորանում շաուրմա էր պատրաստում, դեպքերից հետո Վաչիկի կինը եւ 3-ամյա երեխան վերադարձել են Հայաստան:
«Էդ դեպքը որ եղել է, գիշերը զանգել է ինձ, ասել, մամա, եկել են, պապիրոս ուզել, թե արա, պապիրոս տուր, ես էլ ասել եմ՝ ես արա եմ ձեզ համար, խմած են եղել երեք հոգով, ասել է՝ չունեմ, հետեւի մուտքով մտել են ու միանգամից գլխին տվել, մեկը տվել է, մեկն էլ հարձակվել է, երեխուն ծեծել է, ընկել է երեխեն, արյան մեջ շաղախված, աղջիկ աշխատողներ կային, տեսնելով արյունը՝ նրանցից մեկը ուշագնաց է եղել: Դանակ է ընկել ձեռը ու տենց ծակել ա, ասում է մամա ես չեմ հիշում, թե ոնց է կատարվել էդ բանը, գիտակցությունը կորցրել է, լրիվ մարմինը սեւացած, կապտուկների մեջ, մազերը պոկած:
Ինքը ինձ ասել է. «Մամ, ես մարդ եմ սպանել, բայց չէի ուզում, ինձ էին սպանելու, տվել եմ, սրտի անոթին ա երեւի կպել», բայց ինքը պաշտպանվել է, ասել է. «Կուզեի՞ր ես լինեի նրա տեղը, որ նա չլիներ, ես պիտի լինեի»,- պատմեց Ալվինա Գուլակյանը:
Ծեծից հետո ամբողջ գիշեր նա արյնահոսել է, դիմել է հիվանդանոց, այնուհետեւ գնացել ոստիկանություն եւ հանձնվել: Մոր խոսքով՝ փաստաբան են վարձել, ասել է՝ կաշխատենք լավ լինի:
Հիշեցնենք, որ Նիժեգորոդսկի մարզի Արզամաս քաղաքում անկարգություններ էին սկսվել տեղի սրճարանում կատարված սպանությունից հետո: 26-ամյա ուսանող Ալեքսանդր Սլակաեւը դեկտեմբերի լույս 7-ի գիշերը սպանվել էր «Օջախ» (Очаг) սրճարանի մոտ տեղի ունեցած կռվի ընթացքում: Ըստ տեղի բնակիչների՝ սրճարանը հայերին է պատկանում: Սպանության գործով 4 հայի են ձերբակալել: Բնակիչներն ավերել էին մի քանի կրպակներ եւ խանութների ցուցափեղկեր: Արզամասում ձերբակալել են հայերի գույքը ոչնչացրած չորս ջարդարարների: 15 հայ ընտանիքներ լքել են Արզամասը, քաղաքի հայկական բիզնեսը փակ է: Արզամասում բիզնեսմենը գնել է հայկական սրճարանը, որպեսզի կանգնեցնի ազգային հուզումները:





























