Տավուշի մարզի Տավուշ գյուղում կայացավ 28-ամյա պայմանագրային զինծառայող Հովսեփ Իսրաելյանի կողմից սպանված կնոջ՝ 26-ամյա Հասմիկ Զաքինյանի հոգեհանգստի արարողությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ մոր հոգեհանգստին չեն մասնակցել նրա անչափահաս երեխաները։ Երեխաներին՝ 4-ամյա տղային եւ 6-ամյա աղջկան, ասել են, թե մայրը հիվանդ է, նրանք այժմ գտնվում են հոր հարազատներից մեկի տանը։
Գյուղապետը տեղեկացրեց, որ Հովսեփ Իսրայելյանը որբ երեխա է, մայրը շուտ է մահացել, հայրն էլ թողել, գնացել է ՌԴ, այնտեղ ամուսնացած է, քույր, եղբայր չունի։ Իսկ հանգուցյալը ունի ծնողներ, եղբայր, ովքեր ապրում են Բերդ քաղաքում՝ անապահով պայմաններում եւ ի վիճակի չեն ստանձնել երեխաների խնամքը։
Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ արդեն խոսել է Հովսեփ Իսրայելյանի հոր հետ, ով ամսվա վերջին գալու է Հայաստան եւ երեխաներին իր հետ տանի Ռուսաստան։ Ինչ վերաբերումէ միջադեպին, գյուղապետը տեղեկացրեց, որ ամուսինը կնոջը խեղդամահ է արել ձեռքերով, պատճառը՝ սիրեկանների անվերջ զանգերն են եղել, նրանք անհաշտ են ապրել, մի երկու անգամ բաժանվել են, նորից միացել, միջադեպի ժամանակ էլ տղամարդը երեխաներին տարել էր բարեկամի տուն։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում 28-ամյա պայմանագրային զինծառայող Հովսեփ Իսրաելյանը հունվարի 13-ի առավոտյան, խեղդամահ է արել եւ սպանել իր կնոջը՝ 26-ամյա Հասմիկ Զաքինյանին։ Ընտանիքը ապրում էր մենակ՝առանց ծնողների, ունեին երկու երեխա՝ 4 տարեկան տղա, 6 տարեկան աղջիկ: ՀՀ Պն քննչական ծառայությունում դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական փորձ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն, իսկ պայմանագրային զինծառայողը ձերբակալված է։




























