Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում տեղի ունեցած ընտրությունները Մինսկի համաձայնագրերի լուրջ խախտում են: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի անունից հայտարարել է նրա տեղակալ Ֆարհան Հակը:
«Ընտրությունները Մինսկի համաձայնագրերի լուրջ խախտում են: Հենց այդպես է կարծում գլխավոր քարտուղարը: Նրա տեսակետը չի փոխվել», - մեջբերում է աղբյուրը Հակի խոսքերը: Նա հավելել է, որ անցած ընտրությունները չեն նպաստի Ուկրաինայի արեւելքում իրավիճակի խաղաղ կարգավորմանը:
Ըստ աղբյուրի` ԴԺՀ-ի նախագահի եւ ԱԺ պատգամավորների ընտրություններում առաջատարը վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն է: ԼԺՀ-ի ընտրություններում հաղթում է գործող առաջնորդ Իգոր Պլոտնիցկին:
Հիշեցնենք, որ ըստ Ուկրաինայի իշխանությունների պնդման, տվյալ ընտրությունները հակասում են Մինսկի պայմանավորվածություններին եւ խախտում Ուկրաինայի օրենսդրությունը: Այս տեսակետն աջակցում է նաեւ Արեւմուտքը: ԵՄ-ն ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ընտրությունները անօրինական է համարում եւ մտադիր չէ ճանաչել դրանց արդյունքները: Ընտրությունները դատապարտել է նաեւ ԱՄՆ-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Դոնեցկի եւ Լուգանսկի բնակիչները նոր իշխանություն են ընտրել:




























