«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Անոնիմուսների երթից» անցել է ուղիղ մեկ տարի. նոյեմբերի 5-ի խաղաղ երթը րոպեների ընթացքում վերածվեց ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախման, որից հետո մոտ 20 քաղաքացիներ բերման ենթարկվեցին: Այսօր արդեն Շանթ Հարությունյանն ու իր 12 ընկերներն անազատության մեջ են՝ դատապարտվելով 1-ից 7 տարվա ազատազրկման:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, նշեց, որ 2013թ.-ի նոյեմբերի 5-ին չէր էլ պատկերացնում, որ այսպիսի ընթացք կունենա խաղաղ երթը:
«Ես ծանոթ էի Շանթ Հարությունյանի ծրագրերին, գիտեի, որ խաղաղ երթ է լինելու, սակայն չէի մտածում, որ իշխանություններն այսպիսի քայլերի կգնան, այսպիսի գործողություններ կկատարեն ու Շանթն ու ընկերներն այսօր բանտում կլինեն: Նոյեմբերի 5-ին էլ աշխատանքի վայրում էի, ինտերնետային կայքերից եմ իմացել, որ էսպիսի բան է եղել, բերման ենթարկվածներ կան»,- ասաց Ռուզաննա Բադալյանը:
Ռուզաննա Բադալյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ին «Անի Պլազա» հյուրանոցում նախատեսվում է ֆիլմի ցուցադրություն, իսկ արդեն ժամը 18:30-ին դատապարտյալների հարազատները հավաքվելու են Ազատության հրապարակում:
«Մենք մեր պայքարը շարունակելու ենք, այսպես չենք թողնի»,- խոսքը եզրափակեց Շանթ Հարությունյանի կինը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նոյեմբերի 5»-ի գործով 13 ամբաստանյալները հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր ճանաչվեցին հիմնականում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) եւ դատապարտվեցին 1-7 տարվա ազատազրկման, այդ թվում նոյեմբերի 5-ի ակցիան նախաձեռնած Շանթ Հարությունյանը` 6 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 14 մարդու:




























