News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ  Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Իսպանիայում հայկական համայնքի, հայկական եկեղեցու խնդիրների, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին:

Ե՞րբ է կազմավորվել հայկական համայնքը:

Իսպանիայի հայկական համայնքն անմիջական արդյունքն է ԽՍՀՄ փլուզման, Հայաստանի անկախության եւ տնտեսության վատթար վիճակի: Առաջին հայերն այստեղ եկել են 20 տարի առաջ: Իհարկե, հին համայնք էլ կա, որը փոքրաթիվ է՝ 50-60 հայ, իսկ վերջին տարիներին հայերը շատացել են: Այսօր պաշտոնապես Իսպանիայում բնակվում է 11.596 հայ: Անշուշտ, նրանց մեջ չեն մտնում այն հայերը, որոնք ունեն ՌԴ կամ այլ երկրի քաղաքացիություն: Հետեւաբար, երբ խոսում ենք հայկական համայնքի մասին, ապա նկատի ունենք 12-13 հազարի հայերի:

Հայերի թիվը մեծ է հատկապես Բարսելոնայում: Թյուր է կարծիքը, թե Մադրիդում են ամենաշատ թվով հայեր բնակվում: Այնտեղ ընդամենը 1100 հայ է ապրում:

Իսպանիայում հայկական եկեղեցին գործում է ընդամենը 5 տարի: Դժվա՞ր չէր հայերին կրկին եկեղեցի բերելը:

Նախքան եկեղեցու հայտնվելը՝ գոյություն են ունեցել հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվել են ամեն տեսակ գործերով՝ եւ մշակութային, եւ հասարակական: Եկեղեցու հայտնվելուց հետո կարողացել ենք կազմակերպել 8 եկեղեցական համայնքներ, որտեղ պատարագներ են տեղի ունենում, ավանդական տոներն են նշվում: Բացի ինձնից՝ կա եւս երկու հոգեւորական՝ աբեղա, որը դեռ ուսանող է, եւ քահանա, որն ինձ օգնում է:

Հիշում եմ՝ երբ նոր սկսեցի արարողությունները, 10-12 մարդ էր գալիս: Դժվար է, որովհետեւ միջոց չունենք՝ հայտարարությունները տարածելու համար, ստիպված միմյանց հաղորդում ենք, որ այս ինչ օրը պատարագ է լինելու: Այսօր արդեն տաղավար տոներին 500-ից ավելի մարդ է գալիս:

Ես աշխատել եմ տարբեր համայնքներում եւ կարող եմ վստահ ասել, որ մեր միջին կիրակի օրվա հավատացյալների թիվը համահավասար է երկար կազմակերպված համայնքների թվին: Միջինը 70-80 մարդ է գալիս մեր պատարագին: Սա մեր վերջին 5 տարվա կատարած հովվական աշխատանքի արդյունքն է:

Բացի դրանից՝ Հայաստանի հայրենակիցները սովորություն չունեն՝ եկեղեցի գնալու, եթե ոչ տոն է, ոչ էլ առիթ է: Եթե ամուսնություն կամ թաղում է լինում, փնտրում են, գտնում, բայց դրանից դուրս կանոնավոր եկեղեցի հաճախողների թիվը 70-80-ն է:

Մեր թերությունն այն է, որ սեփական հայկական եկեղեցի չունենք, եւ օգտագործում ենք կաթոլիկ եկեղեցին, որը մեզ տրամադրվում է իրենց իսկ հարմար ժամերին: Այդ պատճառով էլ պատարագները լինում են օրվա տարբեր ժամերին:

Ե՞րբ Իսպանիայի հայկական համայնքը սեփական եկեղեցին կունենա: Արդյոք առաջիկայում նման ծրագրեր ունե՞ք:

Ծրագրեր շատ կան, բայց նյութական միջոցներ չկան: Հենց Բարսելոնայում կա եկեղեցի, որը կարող ենք գնել, սակայն այստեղի հայերը այսքան միջոց չունեն: Նրանց հույսը դրսի հայերն են:

Այս խնդրանքով Մայր Աթոռին դիմե՞լ եք: Ինչո՞ւ չեն օգնում:

Այնպես է, որ եկեղեցիները կառուցվում են տեղի համայնքների միջոցով, իհարկե կաթողիկոսի օրհնությամբ: Համոզված եմ, որ կաթողիկոսը շատ կցանկանա Իսպանիայում եկեղեցի ունենալ: Անձամբ չեմ դիմել, որովհետեւ պատասխանը գիտեմ:

Ամբողջ աշխարհի հայությունը պատրաստվում է Ապրիլի 24-ին: Ի՞նչ է նախատեսվում Իսպանիայում առաջիկա ամսվա ընթացքում:

Այս տարիների ընթացքում առաջին անգամ Իսպանիայում ՀՀ դեսպանատունը նախապես ժողովներ անցկացրեց՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու համար: Առաջին անգամ է, որ դեսպանատունը, հասարակական միություններն ու եկեղեցին միասին միջոցառումներ են կազմակերպելու:

Այս առումով ամենակազմակերպվածը Բարսելոնայի հայությունն է: Նրանք 15-18 միջոցառում են կազմակերպել. մի մասն արդեն տեղի է ունեցել, մի մասն ապրիլին են լինելու: Կարծես թե այս համայնքը նորաստեղծ եկեղեցու գլխավորությամբ կարողացավ համակարգել եւ միասնական կազմակերպել այս միջոցառումները, ընդ որում անցյալում այդպես չի եղել: Նախկինում յուրաքանչյուրն իր համար է նշել Ապրիլի 24-ը:

Բարսելոնայում հիմնական միջոցառումն ապրիլի 24-ին է լինելու. Նախորդ օրը եկեղեցու զանգերը 100 անգամ ղողանջելու են, որից հետո երթով գնալու ենք խաչքարի մոտ, որտեղ երիտասարդների հսկում է լինելու, մոմավառություն, աղոթք, հաջորդ օրն արդեն մեծ երթ կլինի քաղաքի հիմնական մարդաշատ փողոցներով: Երթն ավարտվելու է եկեղեցում՝ պատարագով եւ հոգեւոր համերգով:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ