News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեդիայում եւ Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանի NEWS.am-ի հետ հարցազրույցում պատմում է հայ-շվեդական ու հայ-ֆիննական փոխհարաբերությունների, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի մասին:

Պարոն դեսպան, Շվեդիայում Հայաստանի դեսպանությունն իր գործունեությունը սկսել է ընդամենը երկու տարի առաջ։ Կարծում եմ ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ, թե նորաբաց դեսպանության փորձից ելնելով, որո՞նք են երկկողմ հարաբերությունների կառուցման կարեւոր պայմանները։ Ինչպե՞ս կբնութագրեք հայ-շվեդական հարաբերությունների ներկա վիճակը:

Ընդհանրապես երկրների միջեւ հարաբերությունների կառուցումը երկարատեւ, հետեւողական եւ բազմաշերտ գործընթաց է։ Լավ հարաբերություններ ունենալու համար կարեւոր է խորությամբ պատկերացնել տվյալ երկրում գործընթացները, հասկանալ դրանց պատճառներն ու հնարավոր հետեւանքները Հայաստանի շահերի տեսանկյունից։ Շվեդիայի պարագայում պետք է նշել, որ մեր երկկողմ հարաբերությունների զարգացումը սկիզբ է առել դեռ ՀՀ անկախության առաջին տարիներից, շվեդ դիվանագետներն ակտիվ մասնակցություն են ունեցել արցախյան հակամարտության կարգավորման միջազգային ջանքերին, Շվեդիան երկար տարիներ՝ մինչեւ 2010թ. Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի դոնոր է եղել, ունեցել ենք փոխայցելություններ։

Սակայն, ինչպես միջմարդկային, այնպես էլ միջպետական հարաբերություններում՝ բարեկամությունը չի կարող երկար պահպանվել առանց համապատասխան ջանքերի։ Այդ առումով, անկասկած, դեսպանության հիմնումը մեր փոխգործակցությունը բարձրացրել է լիովին նոր մակարդակի։

Այժմ մեր երկրների միջեւ հարաբերություններն ունեն կայուն զարգացման դինամիկա, քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, որը բնութագրվում է փոխըմբռնմամբ եւ փոխվստահությամբ։ Մենք Շվեդիան դիտարկում ենք որպես հյուսիսային Եվրոպայի առանցքային երկիր, որի հետ սերտ փոխգործակցության զարգացումը կարեւոր է նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար։ Շվեդիան ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից է, ունի ակտիվ դերակատարում թե՛ ԵՄ, թե՛ ՄԱԿ-ի շրջանակներում, հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ։ Ի վերջո, «Սկանդինավիայի մայրաքաղաք» Ստոկհոլմում ցանկացած հաջողություն ունենում է մուլտիպլիկատիվ ազդեցություն։

Շվեդիայի Թագավոր Կառլ 16-րդ Գուստավին հավատարմագրերի հանձնման արարողությունը

Կարծում եմ չեմ սխալվի եթե նշեմ, որ նման ուշադրությունը երկուստեք է, հաշվի առնելով նույն ժամանակահատվածում Երեւանում Շվեդիայի դեսպանության հիմնումը։ Կա՞ արդյոք որեւէ համագործակցություն երկու դեսպանությունների միջեւ։

Ակնհայտ է, որ Շվեդիան նույնպես կարեւորում է մեր երկրի հետ հարաբերությունների ամրապնդումը։ Երեւանում հավատարմագրված շվեդ բոլոր գործընկերների հետ ունեցել ենք հրաշալի հարաբերություններ, հանդիպում ենք պարբերաբար՝ իմ Երեւանում գտնվելիս, կամ էլ իրենց Ստոկհոլմ այցելությունների ժամանակ։  Հասկանալիորեն, երկու դեսպանությունների առաջնայնությունները տարբեր են, սակայն ուրախ եմ, որ օրակարգային հարցերի շուրջ մեզ հաջողվել է ձեւավորել ընդհանուր մոտեցումներ, ինչը թույլ է տալիս բազմաթիվ խնդիրներ լուծել ավելի արդյունավետորեն։

Որո՞նք են մեր դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները:

Դեսպանության հիմնումից ի վեր մեր երկրների միջեւ աստիճանաբար ընդլայնվում է երկկողմ օրակարգը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում` նոր բովանդակություն հաղորդելով մեր երկարաժամկետ հարաբերություններին:

Քաղաքական օրակարգը աչքի է ընկնում ակտիվ երկխոսությամբ, բարձր մակարդակի փոխայցելություններով եւ շփումներով։ Տարվա ընթացքում տարբեր միջազգային հարթակներում ՀՀ Նախագահի եւ Շվեդիայի վարչապետի միջեւ երեք հանդիպումներ են կայացել։ Այս տարի Շվեդիա են այցելել ՀՀ առողջապահության եւ սփյուռքի նախարարները։ Մեկտեղելով մասնակցությունը Բոլոնիայի 4-րդ քաղաքական ֆորումին  եւ երկկողմ այցը, մայիսին Երեւանում էր Շվեդիայի բարձրագույն կրթության նախարարը։ Այցելությունները նախանշեցին համապատասխան ոլորտների հեռանկարային ծրագրերը։ Այս տարի քաղաքական երկխոսությունը լինելու է էլ ավելի ակտիվ։

Քայլեր են ձեռնարկվում մարզային եւ քաղաքային իշխանությունների միջեւ ապակենտրոնացված համագործակցության ձեւավորման ուղղությամբ։ Արդեն իսկ նախանշվել են Ուպսալայի նահանգի եւ Լոռվա մարզի միջեւ համագործակցության հեռանկարները, մայիսին Հայաստան այցելեց Ուպսալայի նահանգապետ Պետեր Էգարդտը։ Աշխատանքներ են տարվում Շվեդիայի մյուս խոշոր նահանգների եւ քաղաքների հետ նմանատիպ կապերի ձեւավորման ուղղությամբ։   

Ուրախությամբ կարող եմ նշել, որ խորհրդարանական բնագավառում նույնպես կան դրական տեղաշարժեր։ Այս տարի Ռիկսդագում վերակազմավորվեց Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը, որի նախագահությունը ստանձնեց Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ, մեր հայրենակից Իսաբել Դինգիզյանը։ Առաջիկայում սպասվում է խմբի այցելությունը Հայաստան։

Հավատարմագրերի հանձնումը Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Նիինիստյոյին

Ինչպե՞ս է անդրադառնում երկկողմ քաղաքական երկխոսությունը առեւտրա-տնտեսական հարաբերությունների վրա։

Երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերությունների աշխուժացման տեսանկյունից դեռեւս շատ անելիքներ կան։ Ներկայումս հայաստանյան շուկայում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, կոսմետիկայի ոլորտի մի շարք հայտնի շվեդական ընկերություններ։ Առկա է շվեդական կողմի հետաքրքրվածությունը ընդլայնելու տնտեսական ներկայությունը Հայաստանում։ Այդ նպատակով վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած գրեթե բոլոր բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ հայաստանյան շուկայով հետաքրքրված ընկերությունների հետ։ Ոչ պակաս կարեւոր է շվեդական շուկայում հայկական ընկերությունների ներկայության ապահովումը, տարվա ընթացքում կազմակերպելու ենք ոլորտային գործարար ֆորումներ։ Աշխատանքներ ենք տանում նաեւ համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորման ուղղությամբ։

Ուրախալի է նաեւ, որ Շվեդիայի կառավարությունը վերսկսել է Հայաստանում բարեփոխումային ծրագրերին աջակցությունը, այս շրջանակներում իրականացվելու են ծրագրեր բնապահպանության եւ կայուն զարգացման, էներգետիկ անվտանգության եւ կանանց գործարարության խթանման ուղղությամբ։ Արդեն այս տարի Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) խողովակով, ուր Շվեդիան հանդիսանում է ամենամեծ դոնորը, Երեւանում էներգախնայող եւ անվտանգ արտաքին լուսավորության ցանց կառուցելու ծրագրին հատկացվեց 1.9 մլն եվրոյի դրամաշնորհ։

Կան բազմաթիվ վկայություններ, որ մեր ժողովուրդները առնչվել են դեռ վաղ միջնադարից՝ 16-17-րդ դարերում Արեւելքը Շվեդիային կապող առեւտրական ճանապարհը հայ վաճառականների ակտիվության շնորհիվ հաճախ կոչվել է «Հայկական ճանապարհ»։ Շվեդիայի պատմության ընթացքում հայտնի են հայ ծագումով դիվանագետներ, գիտնականներ։ Նման պատմական կապերը լավ նյութ են հանդիսանում մշակութային-գիտական բնագավառում դեսպանության գործունեության համար։ Ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում այդ ոլորտում։

Հիրավի՝ հայ եւ շվեդ ժողովուրդների միջեւ պատմական առնչությունները պարունակում են բազմաթիվ հետաքրքրական դրվագներ, որոնք կարող են դառնալ լայնածավալ հետազոտության նյութ։ Սա մի ծրագիր է, որին սկսել ենք հետամուտ լինել հայ եւ շվեդ հետազոտողների հետ համատեղ ջանքերով։ Հայերը զգալի դեր են խաղացել Շվեդիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների միջեւ կապերի հաստատման եւ խորացման գործում։ 17-րդ դարի վերջին Շվեդիայի եւ Պարսկաստանի միջեւ դիվանագիտական եւ առեւտրական հարաբերությունների հաստատման գործում կարեւոր դերակատարում են ունեցել Նոր Ջուղայի հայ վաճառականները։ Հայ թարգմաններն ու դիվանագետները մեծ ներդրում են ունեցել Շվեդիայի եւ Օսմանյան կայսրության հարաբերությունների զարգացման մեջ։ Այդ ոլորտում աչքի է ընկել Մուրադջանյան-դ’Օհսոնը ընտանիքը, որն իր մատուցած ծառայությունների համար արժանացել է Շվեդիայի ազնվական տիտղոսի, իսկ վերջիններիս զինանշանը մինչ օրս պահվում է Ստոկհոլմի Ազնվականության պալատի զինանշանների դահլիճում՝ իր արժանի տեղը զբաղեցնելով մոտ 600 շվեդ ազնվական ընտանիքների շարքում։ Ընդհանրապես, եվրոպական օսմանագիտության ամենահեղինակավոր աշխատություններից են Իգնատիուս Մուրադջան-դ’Օհսոնի ծավալուն մենագրությունները, ցավոք այս անունը մեզանում անարդարացիորեն մոռացության է տրված։

Պետք է նշեմ, որ այս օրերին Ստոկհոլմի Թագավորական զինապալատ-թանգարանում, որը գտնվում է թագավորանիստ պալատում եւ հանդիսանում է տեղացիների եւ զբոսաշրջիկների այցելության կարեւոր վայրերից մեկը, բացվել է ցուցահանդես՝ նվիրված հայ-շվեդական միջնադարյան կապերին։ Ցուցահանդեսի կենտրոնական ցուցանմուշներից մեկը 17-րդ դարի վերջում Նոր Ջուղայի հայ վաճառականների եւ Շվեդիայի թագավոր Կարլ 11-րդի միջեւ ստորագրված առեւտրային համաձայնագիրն է, որով սկիզբ է առնում հայ վաճառականների արտոնյալ գործունեությունը Շվեդիայում։ Ցուցահանդեսը բաց է լինելու ամբողջ 2016թ. ընթացքում, տեղի կունենան մի շարք սեմինարներ հայոց պատմության եւ մշակույթի, ինչպես նաեւ հայ-շվեդական կապերի վերաբերյալ։ Կազմակերպվելու են նաեւ հայ ժողովրդական հեքիաթների շվեդերեն ընթերցանություններ մանուկների եւ պատանիների համար։

Զրույց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ

Իսկ ընդհանրապես դեսպանության մշակութային-կրթական գործունեությունը եղել է բազմաբովանդակ։ Բազմաթիվ դասական երաժշտության համերգներ, դասախոսություններ, կրթական փոխանակումներ, ցուցահանդեսներ, գրահրատարակություններ։ Անշուշտ պետք է նկատի ունենալ, որ դրանց մեծ մասը վերջին տարվա ընթացքում նվիրված են եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Հաշվի առնելով գրքի դերը շվեդ հասարակության մեջ, խիստ կարեւորում ենք հայ դասական եւ ժամանակակից գրականության ներկայացումը շվեդերեն լեզվով։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ շվեդ հրատարակիչների մոտ կա մեծ հետաքրքրություն հայ գրականության նկատմամբ, եւ լիահույս ենք, որ առաջիկա տարվա ընթացքում կունենանք մի քանի հրատարակություններ։ Նախատեսում ենք նաեւ դասական երաժշտության համատեղ համերգների անցկացում։ Աշխատում ենք միջբուհական կապերը եւ փոխանակումները ավելացնելու ուղղությամբ։

Շվեդական կողմը նույնպես քայլեր է ձեռնարկում հումանիտար ոլորտում երկկողմ փոխանակումները ակտիվացնելու ուղղությամբ։ Արդեն մեկ տարի է, Հայաստանը ներառվել է Շվեդական ինստիտուտի «Ստեղծագործական ուժ» ծրագրում, ինչը մշակութային ոլորտում համատեղ հայ-շվեդական ծրագրերի իրականացման իմաստով լավ հնարավորություններ է բացում։ Բացի այդ հայ ուսանողներին նորից հնարավորություն է ընձեռնվել նույն Շվեդական ինստիտուտի կրթաթոշակներով բարձրագույն կրթություն ստանալ Շվեդիայի առաջատար բուհերում։

Ինչպես նշեցիք, այս տարվա ընթացքում կազմակերպված մշակութային ձեռնարկների մեծ մասը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Խնդրեմ ներկայացրեք, թե ինչպիսի՞ աշխատանքներ էին տարվել այդ ուղղությամբ եւ ինչպե՞ս  եք գնահատում Շվեդիայի մասնակցությունը Հայաստանում կազմակերպված հիշատակի միջոցառումներին։

Այս տարի Շվեդիայում դեսպանության, համայնքի եւ շվեդական տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպվել էին շուրջ հինգ տասնյակ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Կնշեմ դրանցից միայն առավել կարեւորները եւ խոշորները։

Անմոռանալի էր ապրիլի 24-ին Ստոկհոլմի Ստուրշիրկա մայր տաճարում էկումենիկ հիշատակի արարողությունը, որին մասնակցեցին Շվեդիայի բոլոր քրիստոնյա հարանվանությունների առաջնորդները, այդ թվում` Շվեդիայի լյութերական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Անտյե Յակելենը։ Միջոցառմանը պաշտոնապես ներկայացված էր նաեւ Շվեդիայի կառավարությունը։ Նույն օրը համայնքը բազմահազարանոց ցույց կազմակերպեց Ստոկհոլմի կենտրոնական հրապարակներից մեկում եւ երթ դեպի Թուրքիայի դեսպանություն։ Ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու համար Շվեդիայի բոլոր ծայրերից Ստոկհոլմ էին ժամանել հազարավոր հայորդիներ։

Շվեդիայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի և Շվեդիայի ռազմավարական զարգացման նախարար Քրիստինա Պերսոնի մասնակցությամբ

Ապրիլին Շվեդիայի խորհրդարանում կազմակերպվեցին նաեւ հիշատակի երկու արարողություններ, որոնց մասնակցեցին բազմաթիվ խորհրդարանականներ, Շվեդիայում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական եւ հասարակական գործիչներ։

Մայիսին Օրեբրոյում քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ եւ տեղի հայ եւ ասորի համայնքների աջակցությամբ բացվեց առաջին համայնքային հուշարձանը՝ նվիրված 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակին։

Օգոստոսին Ստոկհոլմի Ռազմական թանգարանում բացվեց «Արմին Վեգներ. Հայոց ցեղասպանության ականատեսը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Երեք ամիս տեւողությամբ ցուցահանդեսը ստացավ լայն արձագանք շվեդական առաջատար մամուլում, այն դիտեցին տասնյակ հազարավոր այցելուներ։

Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Սկանդինավիայի ամենախոշոր՝ Գյոտեբուրգի գրքի միջազգային փառատոնին։ Հայկական տաղավարը նվիրված էր Հայոց ցեղասպանության թեմային, ներկայացված էին շվեդերեն, ֆիններեն, թուրքերեն, անգլերեն, գերմաներեն հրատարակություններ։ Փառատոնի շրջանակներում դեսպանության եւ շվեդական տարբեր կազմակերպությունների ջանքերով անցկացվեցին Հայոց ցեղասպանության նվիրված հինգ տարբեր քննարկումներ, սեմինարներ եւ գրքի շնորհանդեսներ։

Հայաստանում անցկացվող հիշատակի արարողություններին Շվեդիան ներկայացված էր խորհրդարանի փոխխոսնակի մակարդակով, ներկայացված էր նաեւ Շվեդիայի եկեղեցին, իսկ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցեցին շվեդ ցեղասպանագետներ։ Այս համատեքստում անշուշտ, պետք է նաեւ հաշվի առնել շվեդ-թուրքական միջպետական հարաբերությունների մակարդակը՝ Շվեդիան հանդիսանում է Թուրքիայի ԵՄ անդամակցության ամենաակտիվ ջատագովներից, ուժեղ են տնտեսական եւ մշակութային կապերը, ամեն տարի Թուրքիայում է հանգստանում Շվեդիայի բնակչության 7%-ը կամ յուրաքանչյուր 14-րդ շվեդը։ 

Իսկ ինչպե՞ս կգնահատեք շվեդական մամուլի արձագանքը 100-րդ տարելիցին։

Հարյուրից ավելի հրապարակումներ Շվեդիայի կենտրոնական եւ մարզային մամուլում, տասնյակ ռադիո- եւ հեռուստահաղորդումներ տարվա ընթացքում, իսկ ապրիլի 23-24­ին 24 ժամ շարունակ ռադիոհաղորդումներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Եվ ոչ մի՝ «ցեղասպանություն» եզրույթի կասկածի տակ առնող հրապարակում։ Կարծում եմ, այսքանով ամեն ինչ ասված է։ Այսօր վստահաբար կարելի է ասել, որ Շվեդիայի հասարակությունը քաջատեղյակ է Հայոց ցեղասպանության եղելությունից, ինչը մեծ ձեռքբերում է։ Ավելին, այն որպես խտրականության ամենաակնառու օրինակ, տեղ է զբաղեցրել նաեւ ներքաղաքական դիսկուրսում։

Ցեղասպանության հիշատակի էկումենիկ արարողությունը Ստոկհոլմի Մայր տաճարում

Ինչպիսի՞ ազդեցություն ունեցան հարյուրամյակի միջոցառումները տեղի հայ համայնքի կյանքի վրա։

Շվեդիայում 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի հասցեին կարելի է միայն դրվատանքի խոսքեր հնչեցնել։ Մեծ կազմակերպչական աշխատանք կատարվեց թե Ստոկհոլմում եւ թե Շվեդիայի հայաշատ մյուս քաղաքներում։ Դա իմ կարծիքով ունեցավ երկակի ազդեցություն։ Մի կողմից այն նպաստեց համայնքում գործող կառույցների, կազմակերպությունների եւ անհատների միավորմանը համաշվեդական ձեռնարկների շուրջ՝ նոր կենսական լիցքեր հաղորդելով համայնքային կյանքին։ Մյուս կողմից՝ Շվեդիայի հասարակությանը ցույց տվեց, որ համեմատաբար փոքրաթիվ հայ համայնքը իր միասնությամբ եւ աշխատասիրությամբ կարող է իրականացնել այնպիսի ձեռնարկներ, որոնք ի զորու չեն նույնիսկ ամենամեծ համայնքներին։ Այդ իմաստով հարյուրամյակի միջոցառումների խորհուրդը, որը երկու բառով կարելի է բնութագրել որպես հիշատակի հավերժացում եւ վերածնունդ, լիովին կյանքի կոչվեց Շվեդիայի հայ համայնքում։

Համայնքի համար տարին նշանավորվեց նաեւ հոկտեմբերին Շվեդիայում եւ ընդհանրապես Սկանդինավիայում առաջին հայկական եկեղեցու հանդիսավոր օծմամբ, ինչը վստահաբար դառնալու է տեղի հայության համախմբման կարեւոր օրրաններից մեկը։  

Վերջում կխնդրեի մի փոքր ներկայացնեիք հայ-ֆիննական հարաբերությունների ներկա մակարդակը, հաշվի առնելով, որ նախորդ տարվա նոյեմբերից համատեղության կարգով հանդիսանում եք նաեւ ՀՀ դեսպանը Ֆինլանդիայի Հանրապետությունում:

Հայ-ֆիննական հարաբերությունները նույնպես զարգանում են նախորդ տարիներին ձեւավորված բարեկամության եւ գործընկերության մթնոլորտում։ Դեսպանության հավատարմագրումից ի վեր ակտիվ աշխատանք է տարվում բոլոր հնարավոր ուղղություններով երկկողմ կապերը զարգացնելու ուղղությամբ։ Աշխատում եմ գոնե մեկ-երկու ամիսը մեկ անգամ այցելել եւ հանդիպումներ ունենալ Ֆինլանդիայում։

Կա ակտիվ քաղաքական երկխոսություն։ Գալիք տարվա ընթացքում նախատեսվում է կազմակերպել բարձր մակարդակի այցելություններ, խորհրդարանական եւ հասարակական շրջանակների փոխանակումներ։ Ակտիվ են շփումները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ, անցյալ նոյեմբերին Հելսինկիում կայացան պարբերական դարձած ԱԳՆ-ների միջեւ քաղաքական հերթական խորհրդակցությունները։ Գոհունակությամբ կարող եմ նշել, որ նոր թափ է ստանում մեր երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը, ինչի համար կարծում եմ լավ խթան էր դեկտեմբերի 2-ին Ֆինլանդիայի խորհրդարանում Ֆինլանդիա-Հայաստան բարեկամության խմբի հիմնումը։ Առաջիկայում կկազմակերպվեն բարեկամական խմբերի փոխայցելություններ Երեւան եւ Հելսինկի։

Դեսպանի ելույթը Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը

Տեղի հայ համայնքը բավականին փոքրաքանակ է, սակայն աչքի է ընկնում իր յուրօրինակ համախմբվածությամբ, զգալի մտավորականության առկայությամբ, ինչի արդյունքում յուրաքանչյուր ձեռնարկ հաջողությամբ իրականացվում է։ Այս տարի ապրիլի 11-ին տարածաշրջանի ամենամեծ համերգասրահում՝ Տամպերեի դահլիճում համերգով հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումը, որով ազդարարվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային շրջագայության մեկնարկը։ Համերգն անցավ լեցուն դահլիճով եւ արժանացավ ֆին հասարակության բարձր գնահատականին եւ կենտրոնական մամուլի ուշադրությանը։ Համերգի շրջանակներում ներկայացվել էր «Հայոց ցեղասպանությունը եւ հյուսիսային արձագանքը» խորագրով ցուցահանդեսը՝ Ցեղասպանության տարիներին հայ տարագիրներին օգնության ձեռք մեկնած սկանդինավյան միսիոներների մասին։ Այս ամենի կազմակերպման հարցում անգնահատելի էր տեղի հայ համայնքի աջակցությունը եւ ակտիվ մասնակցությունը։

Պարո՛ն դեսպան, եւ վերջում մեր ավանդական հարցը. ի՞նչ խորհուրդ կտայիք այն երիտասարդներին, որոնք ընտրել են կամ ցանկանում են ընտրել դիվանագետի մասնագիտությունը։

Պատմությունը մեր ժամանակը եւ մեր ժամանակի դիվանագիտությունը գնահատելու է, ելնելով, թե ինչպես ենք ամրապնդել մեր պետականության անվտանգությունը եւ հզորացրել նրա կենսունակությունը, ինչպես ենք լուծել Արցախի խնդիրը։ Սրանք են գլխավոր խնդիրները, որոնցից ածանցվում են մնացյալը։ Ուստի խիստ կարեւոր է նպատակների ճիշտ թիրախավորումը։ Ուստի յուրաքանչյուր քայլ, եթե չի արվել այդ նպատակների ուղղությամբ, առնվազն պետք է հող նախապատրաստի դրանց հասնելու համար։ Ունենալով սակավ մարդկային եւ նյութական միջոցներ, մենք չենք կարող մեզ թույլ տալ դրանց մնացորդային վատնում։

Պետք է նաեւ ասեմ, որ ուղղակի հիացած եմ մեր անկախության սերնդով, նրանց մեջ նվիրման եւ պրագմատիզմի այդ ներդաշնակ համատեղմամբ։ Վստահ եմ, որ նրանց մուտքը մեր դիվանագիտական, ինչու չէ, գործունեության ցանկացած ասպարեզ, լիովին նոր որակներ է բերելու։

Օրեբրոյում Հայ, ասորի և հույն ժողովուրդների դեմ իրագործված ցեղասպանության հուշակոթողի բացումը Ասորի Ուղղափառ Եկեղեցու հովվապետի և Օրեբրոյի նահանգապետի մասնակցությամբ

 

Արտակ Ապիտոնյան

Ծննդյան տվյալներ

Ծնվել է 1971թ.օգոստոսի 26-ին, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում։

Կրթությունը՝

1987թ. գերազանցությամբ ավարտել է Արմավիր քաղաքի (նախկին Հոկտեմբերյան) թիվ 1 միջնակարգ դպրոցը։

1992թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը (արաբագիտության բաժին)։

1991-1992 թթ. վերապատրաստվել է Թունիսի Հաբիբ Բուրգիբայի անվան լեզուների ինստիտուտում։

1993թ. ավարտել է Եգիպտոսի ԱԳՆ դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի դիվանագիտական եր կարաժամկետ հատուկ դասընթացները։

Դիվանագիտական գործունեությունը՝

1993թ-ից աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում։

1995-1997թթ. - Եգիպտոսում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար:

1997-1998թթ. - ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի վարչության երրորդ քարտուղար:

1998թ. - ՄԱԿ-ում (ՆյուՅորք) ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու:

1999-2002թթ. - Լիբանանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար:

2002-2005թթ. - ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ:

2005-2008թթ. - ՄԱԿ-ում (Ժնեւ) ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական։

2008-2009թթ. - ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդական:

2009-2013թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:

2013թ. նոյեմբերի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։ Հավատարմագրերը Շվեդիայ իԹագավոր Կառլ 16-րդ Գուստավին է հանձնել 2014թ. հունվարի 22-ին՝ դառնալով Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանն այդ երկրում։

2014թ. նոյեմբերի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է համատեղության կարգով նաեւ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Հավատարմագրերը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին է հանձնել նոյեմբերի 13-ին։

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, արաբերեն եւ ֆրանսերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ մեկորդի։

Զրուց դեսպանի հետ. Աշոտ Սմբատյան

Զրույց դեսպանի հետ. Տիգրան Սեյրանյան

Զրույց դեսպանի հետ. Միքայել Մինասյան

Զրույց դեսպանի հետ. Օլեգ Եսայան

Զրույց դեսպանի հետ. Արշակ Փոլադյան

Զրույց դեսպանի հետ. Համլետ Գասպարյան

Զրույց դեսպանի հետ. Արմեն Սարգսյան

Զրույց դեսպանի հետ. Գրիգոր Հովհաննիսյան

Զրույց դեսպանի հետ. Ձյունիկ Աղաջանյան 

Զրույցդեսպանի հետ. Տիգրան Գեւորգյան

Զրույցդեսպանի հետ. Հրանտ Պողոսյան

Զրույցդեսպանի հետ. ԱրաՍահակյան

Զրույցդեսպանի հետ. Գագիկ Ղալաչյան

Զրույցդեսպանի հետ. Նիկոլայ Սարկիսով

Զրույցդեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ