News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը պատմում է հայ-ռուսական հարաբերություններիՌուսաստանի հայ համայնքի իրավիճակի, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի մասին:

Պարոն դեսպան, ինչպե՞ս կբնութագրեք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ներկա փուլը: Որո՞նք են ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության առջեւ դրված հիմնական խնդիրները:

Ընդհանրապես խոսելով հայ-ռուսական միջպետական հարաբերությունների անցյալի, ներկայի եւ ապագայի մասին` պետք է ի սկզբանե նշել այն պատմական հենասյունը, որի վրա խարսխված է հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ դարավոր համագործակցությունը: Այն է դարերից եկող հայ եւ ռուս ժողովուրդների կողմից միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքն է, վստահությունը եւ համակրանքը: Հատկանշական է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով մեր երկրի արտաքին քաղաքականության մասին, ընդգծել է, որ «հայ-ռուսական հարաբերությունները եղել եւ մնում են մեր երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունը»:

Կարելի է շեշտել, որ հայ-ռուսական հարաբերությունները բարեկամական են իրենց բնույթով եւ համապարփակ` իրենց կառուցվածքով: Այսինքն, դրանք ընդգրկում են պետությունների փոխգործունեության բոլոր ոլորտները: Այս հարաբերությունները ենթակա են մշտական ճշտման, վերաիմաստավորման, համալրման` պայմանավորված ներքին եւ արտաքին բազում հանգամանքներով ու գործոններով, ինչը եւ իրականացվում է առօրյա գործունեության ընթացքում:

Տարիների ընթացքում մշակված եւ գործող համագործակցության ձեւաչափերը մեր օրերում շարունակ համալրվում են երկկողմ եւ բազմակողմ նոր նախաձեռնություններով` համահունչ ինչպես երկու պետությունների արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, այնպես էլ ներկայիս տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումներին:

Միջպետական համագործակցությունն առաջին հերթին հիմնված է Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ մշտապես եւ հաճախակի տեղի ունեցող պաշտոնական եւ աշխատանքային հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ու դրանցից բխող որոշումների հիման վրա: Ընթացիկ տարում միայն Մոսկվայում նախագահները հանդիպել են երեք անգամ: Պետական բոլոր առանցքային կառույցների եւ տարածաշրջանների միջեւ այսօր գործում է ավելի քան 250 պայմանագիր, որոնց թիվն էապես աճել է վերջին տարիների ընթացքում:  Որպես օրինակ կարելի է ընդգծել Գյումրիում 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման մասին, ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության, ՀՀ-ում ՌԴ առաջատար բուհերի մասնաճյուղերի եւ ՀԱՊԿ կառույցների ստեղծման շուրջ համաձայնագրերը:

Հայաստանը եւ Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, բավականին արդյունավետ են համագործակցում միջազգային եւ տարածաշրջանային բոլոր կազմակերպություններում:

Վստահաբար կարելի է նշել, որ հայ-ռուսական հարաբերությունները թեւակոխել են նոր փուլ` հիմնված նպատակային ինտեգրացիոն ծրագրերի եւ փոխկապակցվածության առավել խորը աստիճանների վրա:

Այս ամենից ելնելով` կարելի է ընդհանրական պատկերացում կազմել դեսպանության գործունեության ոլորտների եւ նրա առջեւ դրված խնդիրների մասին: Իր լիազորությունների եւ պատասխանատվության շրջանակներում դեսպանությունը շարունակ աշխատանք է տանում երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար համագործակցության սպասարկման եւ դրա առավել խորացման ու ընդլայնման ուղղությամբ: Դեսպանության ներքո ՌԴ-ում ներկայացված են նաեւ Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք ըստ ոլորտային առանձնահատկության համակարգում են համագործակցությունը կոնկերտ ուղղություններով: 

Մեր ուշադրության կենտրոնում են բոլոր այն հարցերը, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են երկու պետությունների փոխհարաբերություններին, Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների հետ աշխատանքային շփումներին եւ հատկապես նրանց, որոնք համատեղության կարգով հավատարմագրված են Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանային կառույցների հետ մեր երկրի համագործակցության ոլորտներին: ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների հետ կապված հյուպատոսական սպասարկումը իր բազմաբնույթ ուղղություններով եւ ահռելի ծավալներով հանդիսանում է դեսպանության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը: Նախորդ տարվա ընթացքում ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայությունը ընդունել է 64 հազ. ՀՀ քաղաքացու: ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեսպանության գործունեության պահանջ է հանդիսանում նաեւ նստավայր երկրի հայ համայնքի հետ տարվող աշխատանքը:

Հանդիպում ՌԴԱԳՆ բարձրագույն ղեկավարության հետ` հանձին նախարար Ս.Լավրովի, 2013թ.

Հայկական ամենամեծ համայնքը գտնվում է Ռուսաստանում: Ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում սփյուռքի հետ, արդյոք գոյությու՞ն ունի հայապահպանության խնդիր եւ ինչպե՞ս է համակարգվում աշխատանքը դեսպանության եւ սփյուռքը ներկայացնող կառույցների հետ:

Տարբեր պատմական իրողությունների արդյունքում Ռուսաստանը դարձել է հայկական ամենամեծ համայնքն ունեցող երկիրը, որտեղ բնակվում է ավելի քան երկու միլիոն հայ, որից մեկ միլիոն երկու հարյուր հազարը, վերջին մարդահամարի տվյալների համաձայն, ՌԴ քաղաքացիներ են: Ուստի, համայնքային կազմավորումները Ռուսաստանում ունեն վաղեմի պատմություն, ինչպես նաեւ կայացման կազմակերպչական տարբեր ձեւեր եւ մակարդակներ: Բավական է հիշել միայն, որ հինգ տարի առաջ մեր երկրի գլխավոր հյուպատոսության ու տեղի բավականին ակտիվ հայ համայնքի նախաձեռնությամբ լայնորեն տոնվել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը` Սանկտ Պետերբուրգում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՌԴ Լենինգրադի մարզի եւ Սանկտ Պետերբուրգի նահանգային պատվիրակությունները` նահանգապետի գլխավորությամբ: Բավական է հիշել նաեւ, որ միայն այս տարի մենք մեծ հպարտությամբ տոնում ենք Ռուսաստանի տնտեսական, հասարակական եւ գիտակրթական կյանքում մեծ ժառանգություն թողած նշանավոր Լազարյանների ընտանիքի կողմից հիմնադրած արեւելյան լեզուների ինստիտուտի 200-ամյակը, որի հանրաճանաչ շինություն-հուշարձան շենքում տեղակայված է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Այս շենքը, երկու երկրների միջպետական համաձայնագրի համաձայն, արդեն իսկ ՀՀ սեփականությունն է:

Պետք է նշել, որ Ռուսաստանի հայ համայնքը, դարավոր ավանդույթներ ունենալով հանդերձ, առանձնանում է ռուսաստանյան հասարակության մեջ իր սահուն եւ արդյունավետ ներգրավվածությամբ` բոլոր ժամանակաշրջաններում այդ երկրին տալով հանրահռչակ դեմքեր նրա կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում: Չտարածվելու համար ձեռնպահ եմ մնում բոլորին հայտնի հայազգի գործիչների թվարկման հաճույքից, միայն նշեմ, որ ՀՀ կատարած իր պետական այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր խոսքում երախտագիտություն հայտնելով հայ ժողովրդին Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում բազմաթիվ հռչակավոր հայորդիների մատուցած ծառայությունների համար, ընդգծել է, որ նրանք, ծառայելով Ռուսաստանին, դրանով իսկ ծառայել են Հայաստանին եւ հայ ժողովրդին: Այսօր հասարակական, տնտեսական, մշակութային ու քաղաքական կյանքում առաջատար դիրքեր զբաղեցնող պատմական հանրություն է իրենից ներկայացնում ռուսաստանյան հայ համայնքը: Միեւնույն ժամանակ այն նաեւ երիտասարդ համայնք է՝ նկատի ունենալով նրա ժողովրդագրական եւ աշխարհագրական կառուցվածքի ընդլայնման հանգամանքները:

Իմ աշխատանքի տարիներին այցելել եմ ավելի քան 30 մարզ եւ երկրամաս, հանդիպումներ ունեցել բոլոր համայնքներում, եւ նրանց հուզող հարցերը, համայնքների ղեկավարների եւ մեր հոգեւոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ,  քննարկել տարածաշրջանի ղեկավարության հետ: Լինելով Կալինինգրադում, Ուրալում, Սիբիրում, Հեռավոր Արեւելքում, Սոչիից մինչեւ Արխանգելսկ, Պյատիգորսկից մինչեւ Բաշկիրիա, Թաթարստան, Յակուտիա եւ այլն` չեմ կարող չնկատել, որ մարդիկ ամենուր կառուցում են եկեղեցիներ` թե Մոսկվայի մի քանի հարյուր հազար հայերի եւ թե, ասենք, Յակուտիայի երեք հազար հինգ հարյուր հայի պարագայում, ստեղծում հայկական թերթեր ու հաղորդումներ, մշակութային օջախներ ու կոլեկտիվներ, անվանակոչում հարազատ անուններով հյուրանոցները, ռեստորանները, ամենատարբեր կառույցները, այսինքն` ստեղծում իրենց հոգեհարազատ հայրենի միջավայրը ու դրանում ապրում` դրանով իսկ պահպանելով իրենց ազգային ինքնությունը, ինչն առաջիկայում  երաշխավորված է: Սա, իհարկե, չի նշանակում, որ նշյալ ուղղությամբ բոլոր հարցերը լուծված են: Այս ամենի համար նպաստավոր է նաեւ տեղի իշխանությունների, ազգաբնակչության եւ հայության փոխադարձ ջերմ վերաբերմունքը` պայմանավորված մեր հայրենակիցների արժանապատիվ պահվածքով եւ գործունեությամբ: Իհարկե, կան նաեւ երկուստեք անցանկալի դրսեւորումներ, որոնք չպետք է դիտարկել որպես ընդհանուր վերաբերմունքի արտահայտություն, չնայած եւ չի կարելի դրանք անուշադրության մատնել` երեւույթը օրինաչափության չվերածելու նպատակով: 

Այսօր համառուսաստանյան կտրվածքով հայերի համախմբման, ինքնակազմակերպման գործում արված է նկատելի աշխատանք «Ռուսաստանի հայերի միության», «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության, «Արարատ» մշակութային լուսավորչական միության եւ մյուս համայնքային կառույցների կողմից: Նրանց եւ ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի հետ միասին` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի անմիջական ղեկավարությամբ, դեսպանությանը հաջողվել է ձեւավորել անհրաժեշտ փոխգործակցության մեխանիզմներ:

Այս համատեքստում ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ կապը Ռուսաստանի տարբեր մասերում գործող հայ համայնքների միջեւ հաստատված է: Մենք ականատեսն ենք նաեւ համայնքների միջեւ համագործակցության օրինակների: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Սանկտ Պետերբուրգի եւ Դոնի Ռոստովի գլխավոր հյուպատոսարաններն ամբողջությամբ ներգրավված են համայնքային կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերում: Իր իրավասության շրջանակներում եւ օտարերկրյա պետության օրենսդրության հարգման սկզբունքի հիման վրա` մեր դիվանագիտական կառույցները հետեւում եւ մասնակցում են երկրի համայնքային կյանքին՝  հյուրընկալ երկրում հանդես գալով որպես Հայրենիքի եւ տեղի հայ բնակչության միջեւ երկկողմանի կամուրջ: 

Ուզում եմ նշել, որ հայապահպանման խնդրում, հայ համայնքի ինքնակազմակերպման աջակցության գործում նկատելի է ՀՀ ԱԳՆ-ի,  Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների, Միգրացիայի պետական ծառայության, Երեւանի քաղաքապետարանի ամենաակտիվ աջակցությունը: Անշուշտ, Ռուսաստանի հայ համայնքն ունի տարաբնույթ խնդիրներ, որոնց մենք քաջ ծանոթ ենք եւ մեր ուժերի ներածին չափով փորձում ենք աջակցել դրանց լուծմանը:  Բայց այս խնդիրն արժանի է ավելի լուրջ ուսումնասիրության, դրանից բխող բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությամբ: Սա, անշուշտ, առաջին հերթին հենց համայնքի ներքին գործն է, բայց վերոնշյալ շրջանակներում դեսպանությունը եւս դեռ շատ անելիքներ ունի:

Օ.Եսայանի հանդիպումը Բաշկորտոստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ`    2012թ.

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, որքա՞նով է Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը խթանել երկկողմանի տնտեսական կապերի խորացմանը:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության երկկողմ հարաբերությունների ամբողջական համակարգում առանցքային նշանակություն ունի նաեւ տնտեսական բաղադրիչը: Անկախության առաջին տարիներից ի վեր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ եղել եւ մնում են մեր երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի կարեւոր ուղղություններից եւ գործոններից մեկը: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված է մինչեւ 2020թ.-ը տնտեսական համագործակցության ընդգրկուն ծրագիր, որի շրջանակներում ընթանում են մեր երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հիմնական գործընթացները եւ ուղղությունները:  Ենթակառուցվածքների սահմանափակ բնույթը` պայմանավորված Հայաստանի շրջափակմամբ, բնականաբար, լուրջ դժվարություններ է առաջ բերում միջպետական տնտեսական համագործակցության ապահովման գործում: Այդուհանդերձ, նախորդ տարի փոխադարձ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1,4 մլրդ ԱՄՆ դոլար: Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի կողմից արդեն իսկ ներդրված կապիտալի համախառն ծավալը ընդհուպ մոտենում է 4 մլրդ դոլարի եւ կազմում է երկրի օտարերկրյա ընդհանուր ներդրումների 60%-ը: Այսօր Հայաստանում գործում է շուրջ 1400 ձեռնարկություն` լրիվ կամ մասնակի ռուսաստանյան կապիտալով: Ռուսաստանի Դաշնության պետական եւ մասնավոր սեփականության օբյեկտներ են հանդիսանում Հայաստանի մի շարք կարեւոր տնտեսական կառույցներ` «Հայռուսգազարտ» ՓԲԸ-ն, «Հայկական էլեկտրացանցերը», «Ռուսալ-Արմենիա» ՓԲԸ-ն, «ՎՏԲ» եւ «Գազպրոմ» բանկային խմբերը, «Ռոստելեկոմը», «Բիլայնը», «ՄՏՍ-ը» եւ արտադրության ու արտադրական ենթակառուցվածքների այլ օբյեկտներ: Եթե դիտենք այս ամենը մեկ ամբողջության մեջ, ապա կպատկերացնենք այն տեսակարար կշիռը, որն ունի Ռուսաստանը Հայաստանի տնտեսության եւ նրա զարգացման գործում:

Չնայած ընդհանուր բարձր ցուցանիշների պետք է նշել, որ տնտեսական ներուժը երկու երկրների միջեւ ունի ավելի մեծ պոտենցիալ: Ավելի քան երեք տարի առաջ մեր պետությունների ղեկավարները հատուկ ընդգծել են միջտարածաշրջանային համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը որպես տնտեսական փոխհարաբերությունների եւ համագործակցության լիարժեք չօգտագործված գործոն: Այսօր արդեն անց է կացվել 4-րդ միջտարածաշրջանային ֆորումը, որին մասնակցել են մեր երկրի եւ Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ տարածաշրջանների ներկայացուցիչներ: Հայաստանի կառավարության, Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի տարածաշրջանային կառավարությունների միջեւ ստորագրված եւ գործում են տասնյակ պայմանագրեր, որոնց ճնշող մեծամասնությունն այսօր բավականին արդյունավետ իրականացվում է: Բայց դրանց մեջ չի մտնում, բնականաբար, իրավաբանական անձանց միջեւ կայուն ընթացող տնտեսական համագործակցությունը:

Տնտեսական համագործակցության շատ կարեւոր բաղադրամաս է հանդիսանում համագործակցությունը էներգետիկ ոլորտում, որի ընդհանուր բովանդակությանը մեր ընթերցողները տեղեկացված են:

Ինչ վերաբերում է Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցումը, ապա ելնելով ձեւավորված իրականությունից եւ հաշվի առնելով մեր երկրի առկա շահերը եւ դրանց իրացման հնարավորությունները, կարելի է դիտել որպես օրինաչափություն, հատկապես, երբ այն պայմանավորված է նաեւ երկրի զարգացման ռազմավարական եւ տնտեսական հեռանկարներով: Բայց միեւնույն ժամանակ նույնքան օրինաչափ է Հայաստանի եւ ցանկացած այլ պետության ձգտումը մյուս պետությունների եւ նրանց միությունների, այդ թվում նաեւ` Եվրոպական միության հետ օբյեկտիվորեն պահանջարկված եւ իրենց ինտեգրացիոն շահերին եւ պարտավորություններին չհակասող փոխհարաբերությունների կառուցումը:

Ելնելով նշվածից` ԵԱՏՄ-ն ի զորու է դառնալ տարածաշրջանի տնտեսական մերձեցման գործընթացի պահանջված ուղղություններից մեկը, եթե, իհարկե, գործնականում անհրաժեշտ համառությամբ եւ արդյունավետությամբ կյանքի կոչվի նրանում առկա ողջ ներուժը:

Եթե անդրադառնանք Հայաստանի տնտեսական ցուցանիշներին ԵԱՏՄ-ին նրա անդամակցելուց հետո, կարծում եմ, որ վաղ է խոսել տարաբնույթ կոնկրետ արդյունքների մասին  թե դրանց դրական,  թե բացասական միտումների առումով: Սակայն կցանկանայի ընդգծել, որ տնտեսական եւ տնտեսագիտական երեւույթների բազմազանության ու դրանց փոխադարձ կապի պայմաններում մեթոդաբանական առումով ճիշտ չէ մեկ առանձին վերցված ցուցանիշով հիմնավորել այս կամ այն տեսակետը, որը վերաբերում է Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության հիմնահարցերին եւ, հատկապես, դրանց միտումներին: Օրինակ, այնպիսի տնտեսական եւ շատ կարեւոր ցուցանիշ, ինչպիսինն է համախառն ապրանքաշրջանառության ծավալը բավարար հիմք չէ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ նրա աճը կամ նվազման տենդենցը հիմնավորելու համար, որովհետեւ դրա վրա ազդում են բազում այլ գործոններ, որոնք դրսեւորվում են այլ հարթություններում: Կամ, ասենք, որոշ զուտ տնտեսական գործընթացներ հնարավոր չէ լիարժեք ընկալել, երբ մենք ելնում ենք միայն դրանց դրսեւորման արտաքին ձեւերից:

Տնտեսական կյանքում միշտ չէ, որ որեւէ երեւույթ լիարժեք արտացոլում է այդ երեւույթը պայմանավորող հանգամանքը, գործընթացը: Օրինակ, խոսվում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո նկատելիորեն կրճատվել են տրանսֆերտները (ըստ պաշտոնական տվյալների` այդ փոխանցումները գերազանցում են միջին տարեկան մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը, որը շատ լուրջ գործոն է բնակչության կենսամակարդակի եւ երկրի ընդհանուր տնտեսական զարգացման համար),   այսինքն` ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների կողմից մասնավոր փոխանցումները Հայաստան: Դա, իրոք, համապատասխանում է իրականությանը: Սակայն այս երեւույթը պայմանավորող բազմաթիվ հանգամանքներ պայմանավորված չեն մեր երկրի` այս կամ այն միջազգային կառույցին անդամակցելու հետ: Եթե ընդունենք անգամ, որ անդամակցությունից առաջ եւ հետո Ռուսաստանի տնտեսությունում աշխատող մեր հայրենակիցների թիվը եւ նրանց աշխատավարձը մնացել են անփոփոխ կամ անգամ որոշակիորեն աճել են, ապա ռուսական ռուբլին դոլարի եւ եվրոյի համեմատությամբ արժեզրկվել է ավելի քան երկու անգամ, ինչն էապես ազդում է նաեւ տրանսֆերտների իրական ծավալների վրա:

Մեկ այլ երեւույթ, որը շատ ավելի ակնհայտ է: Մեր ունեցած տվյալների համաձայն, ՌԴ-ում արտադրության մեջ աշխատող ՀՀ քաղաքացիների 52 տոկոսը ներգրավված է կապիտալ շինարարության ոլորտում, որտեղ աշխատավարձն ավելի բարձր է, քան մյուս ճյուղերում: Վերջին տարվա ընթացքում ՌԴ-ում կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալն այս ոլորտում կրճատվել է առնվազն 1/3-ով, որի արդյունքում կրճատվել են նաեւ աշխատողները եւ, իհարկե, առաջին հերթին` նրանց դրսից ներգրավված մասը:

Չնայած այս ամենին, պետք է նաեւ նշել, որ ընդամենը մեկ տարվա կենսագրություն ունեցող այս միությունը գտնվում է իր կայացման սկզբնական փուլում, եւ բնական է, որ այդ առումով եւս գոյություն ունեն որոշ խոչընդոտներ: Մեր հարցումները ռուսաստանյան այն իրավաբանական անձանց շրջանում, որոնք աշխատում են հայաստանյան շուկայում, ցույց են տվել, որ մարդիկ շատ դրական են գնահատում մաքսազերծման բացակայությունը ԵԱՏՄ-ում` միեւնույն ժամանակ նշելով ավելացված արժեքի հարկի վերադարձման մեխանիզմի անկատարելիությունը, դեռեւս գոյություն ունեցող բյուրոկրատական արգելքները, բեռն ուղեկցող տարաբնույթ փաստաթղթերի լրացման անհրաժեշտությունը, որոշ անցակետերի ոչ բարձր անցումային հնարավորությունները, որոնք խոչընդոտում են համախառն առեւտրի ծավալների աճին: Կարծում եմ, ԵԱՏՄ-ի ընդհանուր շահերից բխում է այսպես կոչված արտամիութենական հաղորդակցային հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Ցանկալի է, որ ԵԱՏՄ-ն իր ռազմավարական ծրագրերով  խթանի, խրախուսի, նպաստի հարավային ուղղությամբ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, Հայաստանում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանը եւ այլն: 

Օ.Եսայանի հանդիպումը ՀԱԵ Ռուսաստանի և Նոր ախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ, 2014թ.

Այս տարի ամբողջ աշխարհով նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցիը, իսկ ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինը ներկա էր Ծիծեռնակաբերդում անցկացվող միջոցառմանը: Ի՞նչ հիմնական միջոցառումներ են անցկացվել ՌԴ-ում:

Ռուսաստանի Դաշնությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման կազմակերպչական աշխատանքները մեկնարկել են դեռեւս 2012 թվականի սկզբին, երբ ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ Մոսկվայում գործող հայկական համայնքային որոշ կառույցների համատեղ ջանքերով ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման մոսկովյան տարածաշրջանային հանձնախումբը, իսկ 2013-ի մայիսին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Համառուսաստանյան հանձնաժողովը` բաղկացած 37 անդամից, ՌԴ-ում ՀՀ դեսպանի նախագահությամբ եւ «Ռուս-հայկական համագործակցություն» համայնքային կառույցի ղեկավար Յուրի Նավոյանի քարտուղարությամբ:

Իր գործունեության ընթացքում առաջնորդվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներով, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության հանձնարարականներով` 2014թ. ընթացքում Համառուսաստանյան հանձնաժողովի եւ նրա աշխատանքային խմբի կողմից պարբերաբար հրավիրվել են հանդիպումներ, որոնց ընթացքում ամփոփվել եւ համաձայնեցվել են իրականացվելիք միջոցառումների ծրագրերն ու առաջիկա աշխատանքները: Նույն տրամաբանությամբ ստեղծվել եւ իրենց գործունեությունն են ծավալել ավելի քան 3 տասնյակ տարածքային հանձնաժողովներ: 

Համառուսաստանյան  հանձնաժողովի գործունեության արդյունքում 2014-2015թթ.-ին ընթացքում  դեսպանությունում եւ Ռուսաստանի դաշնության իշխանության պետական կառույցներում, ազդեցիկ քաղաքական, տեղեկատվական եւ մշակութային հաստատություններում կայացել են հարյուրավոր միջոցառումներ` համաժողովներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրումներ, համերգներ եւ ոգեկոչման երեկոներ, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը:  2015թ. ապրիլի 13-ին Հանձնաժողովի կողմից Մոսկվայի երաժշտության միջազգային տանը կազմակերպվել է գլխավոր միջոցառումը` «Հիշում եւ պահանջում եմ» խորագրով ոգեկոչման երեկոն` ՌԴ կառավարության անդամների, գործադիր իշխանության, երկու երկրների խորհրդարանականների, Ռուսաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների մասնակցությամբ: Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ եւ ՌԴ Պետդումայի փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Լեւիչեւը, հանդիսատեսի դատին է նաեւ ներկայացվել Մոսկվայի Ս.Փարաջանովի անվան թատրոնի կողմից բեմադրված «Արմենիադա» ներկայացումը:

Ապրիլի 22-ին Մոսկվայի միությունների տանը «Ռուսաստանի հայերի միության» կողմից կազմակերպվել է «Աշխարհն առանց ցեղասպանության» խորագրով երեկոն, որի ժամանակ ընթերցվել են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների ուղերձները:

Բազմաթիվ են եղել նաեւ Հայոց ցեղասպանության թեմային նվիրված գրքերի շնորհանդեսները: Որպես օրինակ կարելի է նշել պատմաբան Ռուբեն Գալչյանի «Азербайджанские историко-географические фальсификации» գրքի, «Սեւ Գիրքը. նշանավոր օտարազգիները թուրքական ոճրագործությունների եւ Հայոց  Ցեղասպանության մասին» ռուսալեզու ժողովածուի, Ջոն Ակոպովի եւ Իգոր Բոնդարենկոյի «Հայ ժողովրդի ցեղասպանությունը. պատմություն, դասեր, իրականություն» ռուսալեզու եւ անգլալեզու գրքի եւ Հայաստանի ազգային արխիվի կողմից տպագրված «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. Վերապրածների վկայություններ. Փաստերի ժողովածու» խորագրով աշխատության ռուսերեն տարբերակի շնորհանդեսները:

Ուշադրության արժանի է 2014թ. օգոստոսին Մոսկվայի «Մանեժ» ցուցասրահում կայացած` Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված պատմա-վավերագրական ցուցահանդեսին Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի ներկայացումն, ինչպես նաեւ այս տարվա հունիսին Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում տեղի ունեցած «Интермузей-2015» թանգարանների միջազգային փառատոնին Հայաստանի մասնակցությունը` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի հիշողությունը» խորագրով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությամբ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրում ավանդաբար անցկացվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներ: 2015թ. ապրիլի 24-ին եկեղեցական համալիրում տեղի է ունեցել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշաքարի եւ Մոսկվայի Հայկական թանգարանի բացումը: Նույն օրը Մոսկվայի Գորկու անվան կենտրոնական զբոսայգում «Ռուսաստանի հայերի միություն» եւ «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպությունների կողմից համատեղ կազմակերպվել է բազմամարդ հավաք-ակցիա` ռուսաստանյան քաղաքական ուժերի եւ Ռուսաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների մասնակցությամբ:

Հանձնաժողովի կողմից աշխատանք է տարվել ապրիլի 24–ի միջոցառումներին, մասնավորապես` այս տարի Երեւանում կայացած մեդիա ֆորումին եւ խորհրդարանականների գլոբալ ֆորումին Ռուսաստանից պատշաճ մակարդակով ներկայություն ապահովելու ուղղությամբ:

Տարածաշրջանային հանձնախմբերից առավել ակտիվ են եղել Սանկտ-Պետերբուրգի, Դոնի Ռոստովի, Նովոսիբիրսկի եւ Նիժնի Նովգորոդի հանձնախմբերը: Այս տարի գիտական համաժողովներ են կայացել Նիժնի Նովգորոդում եւ Սվերդլովսկի մարզում, բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Ռուսաստանյան տարբեր հարթակներում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծման գործում իրենց ակտիվ գործունեությամբ աչքի են ընկել Համառուսաստանյան հանձնաժողովի անդամներ  քաղաքագետ Ս.Տարասովը,  Դաշնության խորհրդի անդամ Ռ.Զինուրովը, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Կ.Զատուլինը, «Արարատ» միության նախագահ Է.Դոլբակյանը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յու.Նավոյանը եւ ուրիշներ:

Մեծ աշխատանք է տարվել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող միջոցառումների լուսաբանման, ինչպես նաեւ նշված թեմատիկայով տեղեկատվական քարոզարշավների կազմակերպման ուղղությամբ: Մոսկվայում տեղի ունեցած խոշոր միջոցառումներն ու ակցիաները լուսաբանվել են ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցներով: Նշված թեմատիկայով հեռարձակվել են ավելի քան երկու տասնյակ հեռուստահաղորդումներ, վավերագրական ֆիլմեր եւ լրատվական անդրադարձեր, ինչպես նաեւ ապահովվել ուղիղ հեռարձակումներ` Երեւանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կայացած հիշատակի արարողությունից: Ռուսաստանյան «Независимая газета», «Российская газета», «Коммерсант», «Комсомольская правда» եւ «Московский комсомолец» թերթերում հրապարակվել են Հայոց ցեղասպանության թեմատիկայով ավելի քան երկու տասնյակ նյութեր:

Ներկայումս միջոցառումները շարունակվում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ այլ քաղաքներում: Մասնավորապես, մեծ հանդիսավորությամբ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում վերջերս բացվեց Կոմիտասի հոյակերտ հուշարձանը, որին մասնակցում էր ՀՀ պատվիրակությունը` Երեւանի քաղաքապետ Տ.Մարգարյանի գլխավորությամբ, Մեծ Նովգորդում բացվեց խաչքար        ` ՀՀ մշակույթի նախար Հ.Պողոսյանի մասնակցությամբ եւ այլն: 2016-ի փետրվարի առաջին տասնօրյակում նախատեսված է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Համառուսաստանյան հանձնաժողովի ընդլայնված նիստը: Նշեմ, որ հանձնաժողովն արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրին:

ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառում, Օ.Եսայանը ՌԴԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ միասին, 2013թ.

Պարոն դեսպան, 2010-ից զբաղեցնում եք ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը: Ո ՞րն է այս տարիների Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

Մոսկվայում տված դեռեւս իմ առաջին հարցազրույցում նշել եմ, որ դեսպանները, փոխարինելով միմյանց, իրենց գործունեությունը բաց տարածությունում չեն իրագործում, այլ շարունակում են այն ձեռքբերված որոշակի աստիճանից` նպատակ հետապնդելով դրանք հասցնել առավել բարձր մակարդակի` պայմանավորված նոր խնդիրներով եւ ընդհանուր առաջընթացի ապահովման անհրաժեշտությամբ: Բայց մյուս կողմից կարծում եմ, որ դեսպանը չէ, որ պետք է գնահատի իր ղեկավարած դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը, ուստի, ես ձեռնպահ կմնամ Ձեր հարցի անմիջական պատասխանից: Կարծում եմ, որ եթե դեսպանը եւ, ընդհանրապես, ամեն մի ղեկավար, որը գտնում է, որ իր գործունեության մեջ հասել է լուրջ ձեռքբերումների եւ ամբողջությամբ գոհ է իր աշխատանքից, ապա երեւի ճիշտ կլիներ, որ նա հեռանար նախօրեին: Իհարկե, դրանից չի հետեւում բոլորովին, որ հակառակ պարագայում պետք է շարունակի պաշտոնավարել: Այնուամենայնիվ, մի բան կցանկայի նշել, որ ձգտել եւ ձգտում եմ, որ դեսպանությունն ու, առաջին հերթին, ես ինքս առաքելության իրականացման ընթացքում եւ բոլոր հարցերում հանդես գալ արժանապատիվ դիրքերից եւ կեցվածքով, բառիս ամենալայն իմաստով: Ես արդեն խոսել եմ հայրենիքի նկատմամբ սիրո մասին որպես դեսպանի գործունեության գլխավոր ելակետ:  Հիշելով մեծ հռոմեացի Սենեկայի խոսքերը, որ հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ ու հզոր է, այլ նրա համար, որ այն քոնն է, ուզում եմ նշել, որ դիվանագետն ընդհանրապես եւ դեսպանն առանձնապես, իր հոգու խորքում հանդես գալով քաղաքական ռեալիզմի դիրքերից, պետք է առանց մեծամտության որեւէ դրսեւորման ներկայանա հնարավորինս մեծ ու հզոր արժանապատվությամբ, այլապես չի կարող իր երկրի շահերը արժանի ներկայացնել այլ պետությունների իշխանությունների եւ հատկապես  գործընկերների հետ աշխատանքային հարաբերություններում: Դիվանագիտական գործունեության տարիներին համոզվել եմ, որ հատկապես դեսպանի համար ամենաոխերիմ թշնամին մեծամտությունն է, իսկ ամենամոտ բարեկամը` հպարտությունը:

Առանց սեփական արժանապատվության մարդ չի կարող արժանապատիվ ներկայացնել որեւէ մեկին եւ, հատկապես, երբ այդ որեւէ մեկը քո երկիրն է: Որքանով է դա հաջողվում մեզ, ես դա չեմ կարող ասել, բայց որ ձգտումը մեր աշխատանքի գլխավոր սկզբունքն է, դա միանշանակ է:

Օ.Եսայանը դասախոսություն է կարդում Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում, 2014թ.

Այս շարքի շրջանակներում անցկացված բոլոր հարցազրույցների մասնակիցներին մենք տալիս ենք այս հարցը: Ի ՞նչ խորհուրդ կտաք սկսնակ դիվանագետներին:

Դիվանագիտությունն, ինչպես եւ ցանկացած այլ գործունեություն, պահանջում է գիտելիքների, մտավոր կարողությունների, հակումների եւ նախասիրությունների որոշակի կոնկրետ մակարդակ եւ նպատակասլացություն: Սակայն որպես ծառայություն այն ենթադրում է, առաջին հերթին, ընդգծված սեր եւ նվիրվածություն պետությանը, որի շահերի արտահայտիչն ու պաշտպանն է դիվանագետն այլ երկրում: Իր առաջին պաշտոնամուտի արարողությունից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպելով Հայաստանի դիվանագիտական անձնակազմի հետ, նշել է, որ «դուք նույնպես բանակ եք ձեր զինվորներով ու գեներալներով եւ պաշտպանում եք մեր պետության շահերը նրա սահմաններից դուրս»: Շատ դիպուկ համեմատություն է, որի մեջ արտացոլված է դիվանագիտական գործունեության բարձր պատասխանատվությունն ու դերակատարությունը պետության կենսագործունեության ոլորտում:  Եթե հայրենիքի պաշտպանությունը մեր սրբազան պարտքն է, որով եւ պայմանավորված է ժողովրդի անմնացորդ հարգանքը այդ շատ կարեւոր ոլորտում ներգրավված մարդկանց ծառայության նկատմամբ, ապա դիվանագիտական ծառայությունից բխող պատասխանատվությունը ծագում է հիմնականում մեր կամավոր ընտրության արդյունքում, որն, ըստ իս, ենթադրում է գիտակցված պատասխանատվության շատ ավելի բարձր աստիճան: Դիվանագիտական ներկայացուցչությունը դա ուրիշ երկրում մի կտոր հայրենիք է, որի դիրքերում կանգնած դիվանագետը կատարում է իր առաքելությունը, որի ողջ հաջողությունը կախված է մի ամբողջ խումբ գործոններից, որոնց մեջ կարեւոր է սեփական անձնական դերակատարությունը: Ուստի, կամա թե ակամա դիվանագետը եւ առավել եւս ներկայացուցչությունն ամբողջությամբ եւ, առաջին հերթին, անշուշտ, դեսպանը հանդիսանում է մի յուրօրինակ հայելի, որի մեջ արտացոլվում է իր սեփական երկիրը: Այդ դրսեւորման որակը մյուս հավասար պայմաններում բավականաչափ կախված է այդ յուրօրինակ հայելու որակից: Իրենով իր երկիրը ներկայացնելու իրավունքը, պատասխանատվությունը եւ կարողությունը մեկ անձի մեջ կազմում են դիվանագետի իրական կերպարի ողջ իմաստը: Սա իմ համոզմունքն է:

Մեկ շատ կարեւոր առանձնահատկություն եւս. դիվանագիտությունը զուտ զբաղմունք չէ, այլ առավելապես ապրելակերպ` մտածողության եւ կեցվածքի իր յուրահատուկ առանձնահատկություններով հանդերձ: Այս ոլորտում հնարավոր չէ քողարկել սեփական մտավոր կարողությունների իրական մակարդակը, հատկապես` այն պարագայում, երբ նա մշտապես գտնվում է այսպես կոչված կիրառման  գործընթացում, որի սահմանները միշտ շատ ավելի լայն են, քան ամենաբարձր կարողությունները: Պետության շահը պետական սահման չէ, որը հստակ նշմարված է. շահը ենթադրում է նրա գիտակցում եւ դրանից բխող գործունեության իրականացում` ուղղված դրանց իրագործմանը: Դիվանագիտական գործունեությունը, խիստ կանոնակարգված լինելով հանդերձ, ինչ-որ իմաստով հանդիսանում է նաեւ ստեղծագործական աշխատանք, այլ կերպ ասած` այն ունի գործունեության այսպես կոչված պարտադիր եւ ազատ կամ կամավոր ծրագիր, բայց երկուսն էլ ուղղված են մեկ նպատակի, որի իրագործման գլխավոր միջոցը դիվանագետի` մարդկանց հետ հարաբերվելու կարողությունն է, քանի որ աշխատանքային շփումներն իրենց բազմազանության մեջ կազմում են դիվանագետի առօրյան:

Իմ հարգելի երիտասարդ գործընկեր, եթե այս ամենը քեզ հոգեհարազատ է, ապա մասնագիտության եւ գործունեության ոլորտի ընտրությունը ճիշտ է կատարված, եթե ոչ` դեռ ուշ չէ:

Զրույցի վերջում կցանկանայի շնորհավորել NEWS.am-ի բոլոր ընթերցողներին առաջիկա տոների առթիվ` ցանկանալով խաղաղ երկինք եւ երջանիկ տարի: Առողջություն Ձեզ եւ ձեր ընտանիքներին: 

ՌԴ-ում ՀՀ դեսպանության շենքն Արմյանսկի նրբանցք 2 հասցեում, ք. Մոսկվա

Օլեգ Եսայան

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Ծնվել է 1946թ. նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղում:

1970թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:

1970-1974թթ. աշխատել է ԼՂԻՄ Մարտունու շրջանի գործադիր կոմիտեում, կոմերիտական եւ կուսակցական մարմիններում:

1974-1989թթ. դասավանդել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում:

1989-1991թթ.` Լեռնային Ղարաբաղի Հատուկ կառավարման կոմիտեի բաժնի վարիչ, կուսակցության Մարտունու շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային Խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ:

1992թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Նախարարների խորհրդի նախագահ:

1993-1996թթ. Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի եւ Հայաստանի պետական ինժեներական համալսարանի հիման վրա ստեղծված Արցախի պետական համալսարանի ամբիոնի վարիչ, դեկան, պրոռեկտոր:

1996-1997թթ. ԼՂՀ վիճակագրության, պետգրանցման եւ վերլուծության պետական վարչության պետ:

1997-2005թթ. ԼՂՀ երկրորդ եւ երրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

2005-2006թթ. Հայաստանի Հանրապետության Արժեթղթերի պետական հանձնաժողովի նախագահ:

2006-2010թթ. Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Անկախ երկրների համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

2010թ.-ից  հունվարից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու (Մոսկվայի կառավարման ինստիտուտ, 1985թ.), դոցենտ: Տնտեսագիտական տեսության եւ տնտեսագիտության խնդիրների մասին գիտական աշխատանքների հեղինակ:

Ռուսաստանի հումանիտար գիտությունների, Ժողովուրդների հոգեւոր միասնության, Հասարակության եւ բնության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ:

Ունի Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Պարգեւատրվել է ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով, ԼՂՀ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու տղա եւ երեք թոռնիկ: 

Զրույց դեսպանի հետ. Արշակ Փոլադյան

Զրույց դեսպանի հետ. Համլետ Գասպարյան

Զրույց դեսպանի հետ. Արմեն Սարգսյան

Զրույց դեսպանի հետ. Գրիգոր Հովհաննիսյան

Զրույց դեսպանի հետ. Ձյունիկ Աղաջանյան 

Զրույցդեսպանի հետ. ՏիգրանԳեւորգյան

Զրույցդեսպանի հետ. ՀրանտՊողոսյան

Զրույցդեսպանի հետ. ԱրաՍահակյան

Զրույցդեսպանի հետ. ԳագիկՂալաչյան

Զրույցդեսպանի հետ. ՆիկոլայՍարկիսով

Զրույցդեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

 

Տպել
Ամենաշատ