News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը պատմում է հայ-սիրիական հարաբերությունների, Սիրիայում տիրող իրավիճակի, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի ու հայ համայնքի մասին:

Պարոն դեսպան, դուք գլխավորում եք Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը 2007-ից եւ այս ընթացքում բարեկեցիկ եւ ապահով երկրից Սիրիան վերածվել է պատերազմական թատերաբեմի: Ո՞րն է ներկայումս Ձեր աշխատանքի հիմնական ուղղությունը:

2011-ից Սիրիայում սկիզբ առած ներքաղաքական ճգնաժամն աստիճանաբար վերածվել է իրական դաժան պատերազմի, որում ներգրավված են քաղաքական եւ տնտեսական շահեր հետապնդող տարածաշրջանային եւ միջազգային զանազան ուժեր եւ ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական ստորաբաժանումներ: Ռազմաքաղաքական ծանր եւ չափազանց վտանգավոր այս պայմաններում սխալ կլիներ ասել, թե Դամասկոսում ՀՀ դեսպանությունը եւ Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունն աշխատում են նախկինի պես, նույն թափով, ընդգրկելով երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները:

Ինչպես հայտնի է, ի տարբերություն այլեւայլ երկրների, ՀՀ ղեկավարությունը սկզբից եւեթ որոշում կայացրեց Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը շարունակելու վերաբերյալ: Քաղաքական խոհեմ այդ որոշումն ընդունվեց՝ ելնելով երկու երկրների միջեւ պատմամշակութային ավանդական բարեկամական ջերմ հարաբերություններից, ինչպես նաեւ, հաշվի առնելով հայ համայնքի առկայությունը եւ մեր ժողովրդի պատմական հիշողության մեջ Սիրիայի առանձնահատուկ դերն ու նշանակությունը՝ կապված անցյալ դարի առաջին քառորդում հայ ժողովրդին պատուհասած ողբերգության գործում սիրիացի արաբ ժողովրդի ունեցած մարդասիրական վերաբերմունքը: Այսօր, ըստ էության, դեսպանությունը` երկրում ստեղծված ծանր պայմաններում, շարունակում է իր գործունեությունը՝ մշտական կապ պահպանելով Սիրիայի քաղաքական ղեկավարության, դիվանագիտական անձնակազմի եւ, բնականաբար, համայնքային կառույցների հետ:

Որքանո՞վ է ստեղծված իրավիճակը ազդում դեսպանության բնականոն գործունեության վրա: Որո՞նք են արտակարգ պայմաններում աշխատելու առանձնահատկությունները:

Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակը չափազանց բացասաբար է անդրադառնում դեսպանության եւ անձնակազմի գործունեության վրա: Զգալի չափով սահմանափակվել են հանդիպումները բոլոր մակարդակներում, հայտնի պատճառներով նվազել են դիվանագիտական, հասարակական-մշակութային, համայնքային միջոցառումները եւ այլն: Կտրուկ սահմանափակվել է դիվանագետների տեղաշարժը: Ռազմաքաղաքական արտակարգ եւ վտանգավոր պայմաններում գործող դիվանագետների եւ դեսպանության անվտանգությունը մեզ համար հանդիսանում է գերակա խնդիր, որին էլ ուղղված են մեր ջանքերը:

Արտակարգ պայմաններն ստիպում են լինել զգույշ եւ զգոն։ Չափազանց ուշադիր ենք այցելուների հանդեպ՝ սադրանքներից եւ անցանկալի միջադեպերից խուսափելու համար: Այս ամենը, բնականաբար, ազդում է ահաուսարսափի մթնոլորտում գործող անձնակազմի հոգեբանության, առօրյա կյանքի եւ աշխատանքի վրա:

Շատ պետություններ տարհանել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայից եւ արաբական որոշ երկրներից: Արդյոք ներկայացված դիվանագիտական ներկայացուցչությունների միջեւ կա՞ կապ եւ գործողությունների համակարգում՝ հաշվի առնելով երկրում ստեղծված բարդ իրավիճակը:

Այսօր Սիրիայում գործում են շուրջ 30 երկրների դեսպանություններ եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակներ, այդ թվում՝ 16-ը դեսպանի մակարդակով: Անշուշտ, հավատարմագրված դիվանագետների հետ, նախկինի պես, կապը չի գործում՝ երկրում ստեղծված վտանգավոր վիճակի հետեւանքով: Այդուամենայնիվ, պարբերաբար տեղի են ունենում դեսպանների հանդիպումներ Սիրիայի ԱԳՆ-ում եւ տարբեր պատեհ առիթներով: Հանդիպումների ընթացքում քննարկումների հիմնական նյութը սիրիական ճգնաժամն է, եւ նրա շուրջ ծավալվող իրադարձությունները:

Սիրիայում էր գտնվում հայկական ամենամեծ եւ կազմակերպված համայնքներից մեկը, որի անդամներն այսօր, Սիրիայի այլ քաղաքացիների պես, բռնել են գաղթի ճանապարհը: Ի՞նչ աշխատանքներ եք տանում Սիրիայում դեռեւս մնացած հայ համայնքին աջակցելու ուղղությամբ:

Ցավով պետք է արձանագրել, որ Սիրիայի հայահոծ պատմական գաղութը անդառնալի վնասներ է կրել շուրջ հինգ տարի տեւող ռազմաքաղաքական իրադարձություններից: Մեծ են սիրիահայ գաղութի մարդկային եւ նյութական կորուստները: Մինչեւ օրս գաղութը տվել է մոտավորապես 120-ից ավելի զոհ, հարյուրավոր վիրավոր, կրել է նյութական ահռելի վնասներ, ինչի հետեւանքով Սիրիայում աստիճանաբար սկսեց նվազել հայերի թվաքանակը: Հազարավոր մարդիկ նորից բռնեցին գաղթի ճանապարհը: Ափսոսանքով պետք է նշել, որ գրեթե հայաթափվեցին Դեյր Զորի եւ Ռակկայի նահանգները: Դեյր Զորում փակվեց նաեւ ՀՀ պատվավոր հյուպատոսությունը, ավերածության ենթարկվեցին հայկական մի շարք եկեղեցիներ, մասնավորապես Հալեպում, այդ թվում՝ 2014թ.-ին սեպտեմբերի 21-ին Դեյր Զորի Սբ. Նահատակաց եկեղեցին:

Թե՛ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը, եւ թե՛ շրջափակման ենթարկված Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ջանում են անել հնարավորը թեթեւացնելու երկրի ծանր պայմաններում իրենց գոյությունը շարունակող հայ համայնքի ներկայացուցիչների հոգսերը: ՀՀ դեսպանությունն ուշադրությամբ հետեւում է համայնքային կյանքին, փորձում աջակցել տարբեր խնդիրներում: Դա երբեմն դրսեւորվել է Հայաստանից ստացվող մարդասիրական օգնությունը տեղ հասցնելով, տեղում հյուպատոսական ծառայություններ մատուցելով եւ այլն: Դեսպանությունը զգալի չափով նաեւ ջանում է համայնքին ներգրավել դեսպանության կողմից կազմակերպված միջոցառումներին, անհրաժեշտ օգնություն ցուցաբերել կրթական ծրագրերին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Սիրիայի հանձանժողովի աշխատանքներին եւ այլն: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս ծանր եւ դժոխային վիճակում հայտնված հայ համայնքի համար բարոյա-հոգեբանական ամենամեծ օգնությունը՝ դա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հիմնարկների ներկայությունն է իր կողքին:

Հալեպում տեղակայված Հայաստանի հյուպատոսությունը այսօր Հալեպում գործող միակ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն է: Ինչպե՞ս ներկայիս պայմաններում ապահովվում հյուպատոսության եւ դեսպանության միջեւ կապը:

Այո, Դուք միանգամայն իրավացի եք։ Հալեպում գործող օտարերկրյա միակ դիվանագիտական ներկայացուցչությունը դա ՀՀ գլխավոր հյուպատոսությունն է, որը գործում է դժվար եւ վտանգավոր պայմաններում: Անցած տարիներին եղել են դեպքեր, երբ կապը ժամանակավոր խզվել է դեսպանության եւ հյուպատոսության միջեւ, սակայն վերջին շրջանում նման դեպքեր գրեթե չեն արձանագրվում: Դեսպանության եւ հյուպատոսության միջեւ կապը գործում է շուրջօրյա, եւ դեսպանությունը թարմ տեղեկատվություն է ստանում Հալեպում տիրող իրավիճակից:

Համատեղության կարգով հանդիսանում եք նաեւ Հորդանանում ՀՀ դեսպան: Կխնդրեինք Ձեզ պատմել գործունեության այդ ճյուղի մասին եւս:

Անցած տարիներին փորձել ենք զարգացնել հորդանանյան ուղղությունը, հաշվի առնելով, որ այդ երկիրը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, դուրս էր մնացել Հայաստանի արտաքին քաղաքականության տեսադաշտից: 2011-ից, փաստորեն, սկսվեց ձեւավորվել հայ-հորդանանյան երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլը: Երկու երկրների միջեւ կարելի է ասել ձեւավորվել է իրավապայմանագրային դաշտ, որտեղ ստորագրվել են բազային հիմնական պայմանագրերը:

Անցած տարի հոկտեմբերի 29-30-ին կազմակերպվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական առաջին այցը Ամման, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: ՀՀ նախագահի այցը Հորդանան, իրավամբ, նոր լիցք եւ որակ հաղորդեց հայ-հորդանանյան հարաբերություններին: 

2012թ.-ին Հորդանանում կազմակերպվեցին Հայաստանի, իսկ 2015թ.-ին` Հայաստանում Հորդանանի մշակութային օրերը:

Բավական արդյունավետ գործում է Հայաստանի եւ Հորդանանի միջեւ կրթության ու գիտության ոլորտում համագործակցությունը: ՀՀ կրթության եւ գիտության եւ ՀՀԹ բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարարությունների միջեւ ստորագրված համաձայնագրով եւ փոխանակման ծրագրով տեղի է ունենում ուսանողների փոխանակում: Այդ պայմանավորվածությունների համաձայն, այսօր Հորդանանում իրենց ուսումն են շարունակում ԵՊՀ շուրջ 33 մագիստրոսներ եւ ուսանողներ:

Նախատեսում ենք 2016թ.-ին Ամմանում  անցկացնել ՀՀ արդյունաբերական ապրանքների ցուցահանդես եւ երկու երկրների գործարարների բիզնես ֆորում: Այլ կերպ ասած, Հայաստանի եւ Հորդանանի միջեւ համագործակցությունն ունի մեծ հեռանկարներ, հատկապես զբոսաշրջության, առողջապահության, բժշկագիտության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում:

Պարոն դեսպան, Դուք ծնունդով Սիրիայից եք, տիրապետում եք արաբերենի եւ երկար տարիներ զբաղվել եք արեւելագիտությամբ, որպես դեսպան աշխատել եք ԱՄԷ-ում, Քուվեյթում եւ Բահրեյնում: Որքանո՞վ է այս հարուստ կենսագրությունը օգնում Ձեզ այս բարդ տարածաշրջանում Ձեր աշխատանքին:

Այո, արեւելագետի մասնագիտությունը եւ լեզվի իմացությունը ինձ համար նպաստավոր եւ երբեմն հաճելի իրավիճակ է ստեղծել աշխատելու արաբական տարածաշրջանում: Այս կապակցությամբ, մասնավորապես պետք է ընդգծեմ, երկրի լեզվի, պատմական անցյալի եւ ներկայի, մշակույթի իմացությունը դուռ է բացում դիվանագետի առջեւ:

Այլ խոսքով, կարծում եմ, դիվանագետը, դիվանագիտական գիտելիքներին զուգահեռ, անպայմանորեն պետք է տիրապետի մի քանի լեզուների եւ տարրական գիտելիքներ ունենա գործուղվող երկրի պատմական անցյալի ու ներկայի, քաղաքական վայրիվերումների մասին եւ այլն:

Գաղտնիք չէ, որ դիվանագետի կյանքի վերաբերյալ շատ կարծրատիպեր գոյություն ունեն: Մասնավորապես, շատերի մոտ դիվանագետի աշխատանքը ասոցացվում է բացառապես անվերջ ընդունելությունների, գեղեցիկ կյանքի, արտասահմանում ապրելու հետ: Դուք այս պահին աշխատում եք մի երկրում, որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում եւ անվտանգության խնդիրը չափազանց սուր է դրված: Այս համատեքստում, ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդների, որոնք ընտրել են, կամ պատրաստվում են ընտրել դիվանագետի մասնագիտությունը:

Ճիշտ է, շուրջ հինգ տարի, ինչպես Սիրիայի ողջ ժողովուրդը եւ այդ թվում՝ հայ համայնքը ծանր կյանքով են ապրում: Մենք՝ Սիրիայում գործող դիվանագետներս, ըմբռնումով ենք մոտենում խնդրին եւ շարունակում ենք ջանասիրաբար կատարել մեզ վրա ՀՀ իշխանությունների կողմից դրված պարտականությունները:

Հանուն ճշմարտության պետք է ընդգծել, որ անկախ մեր կամքից մեզ պարտադրվեց պատերազմական այս իրադրությունը, ուստի փորձում ենք հարմարվել պայմաններին եւ շարունակել մեր գործունեությունը: Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունները ստիպում են պատրաստ լինել անակնկալների ու նոր փորձությունների:

Չէի ցանկանա, որ հայ դիվանագետները հայտնվեն նման իրավիճակներում, սակայն, նման փորձառությունն իր հերթին հնարավորություն է ընձեռում ոչ միայն ականատեսը, այլեւ՝ որոշակի կերպով մասնակիցը դառնալ ռազմաքաղաքական իրադարձություններին: Դիվանագիտությունը, որքան գայթակղիչ եւ պատվաբեր է, այդքան էլ բարդ ու պատասխանատու մասնագիտություն է: Այն պահանջում է նախեւառաջ նվիրում, աշխատասիրություն եւ հմտություն: Դիվանագետը ցանկացած պահի պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել՝ երբեք չստորադասելով իր երկրի եւ ժողովրդի շահերը: Նա իրավունք չունի վհատվելու եւ ցանկացած արտակարգ իրավիճակում պետք է գտնի խնդրի լուծման դեղատոմսը:

Արշակ ՓՈԼԱԴՅԱՆ

Ծննվել է 1950թ. մայիսի 15-ին՝ Սիրիայում:

Կրթությունը՝

1968-1972թթ. բարձրագույն, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմահասարակագիտական բաժին:

1978-1982թթ. մասնագիտացումը ԽՍՀՄ արեւելագիտության ինտիտուտի Լենինգրադյան բաժանմունքում:

Մասնագիտություն՝ Պատմաբան – արեւելագետ

Աշխատանքային գործունեություն՝

1965թ. Հայաստանի ԳԱ Էջմիածնի տպարանում, որպես արաբատառ լեզուների գրաշար:

1967-2003թթ. ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում, որպես լաբորանտ, ապա՝ կտրսեր, ավագ եւ առաջատար գիտաշխատող:

1991-2000թթ. ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբական բանասիրության ամբիոնում, որպես ավագ դասախոս, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր:

1998-2000թթ. Երեւանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում ամբիոնի վարիչ:

Դիվանագիտական գործունեություն՝

1993թ. հունվարից ՀՀ ԱԳ նախարարության արաբական բաժնի վարիչ:

1998-2000թթ. ՀՀ ԱԳ նախարարի Մերձավոր եւ Միջին Արեւելքի հարցերով խորհրդական:

2000թ. Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնել է ՀՀ դեսպանությունը:

2000-2002թթ. ԱՄԷ-ում ՀՀ գործերի հավատարմատար:

2002-2006թթ.օգոստոսից ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

2003թ. Քուվեյթի Պետությունում եւ Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի):

2006-2007թթ. Քուվեյթի Պետությունում եւ Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Երեւան):

2007թ.օգոստոսի 23-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

2011թ. հունիսին Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս):

Դիվանագիտական աստիճաններ՝

1998թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ նախագահի հրամամանգրով շնորհվել է «արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար»-ի դիվանագիտական աստիճանը:

2007թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ նախագահի հրամամանգրով «ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի» դիվանագիտական բարձրագույն աստիճանը:

Գիտական աստիճաններ՝

1984թ. պատմական գիտությունների թեկնածու

1996թ. պատմական գիտությունների դոկտոր

Օտար լեզուներ՝

Արաբերեն, ռուսերեն, քրդերեն եւ անգլերեն

Շքանշաններ՝

2006թ. փետրվարին հայ-էմիրաթյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար շնորհվել է ԱՄԷ բարձրագույն՝ «Անկախության» առաջին աստիճանի շքանշանով:

2011թ. պարգեւատրվել է ԱԳՆ ոսկե մեդալով

2013թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամամանգրով շնորհվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Պարգեւատրվել է ՀՀ եւ ՍԱՀ զանազան կազմակերպությունների պատվոգրերով եւ մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

ՑՈՒՑԱԿ

Արշակ Փոլադյանի գիտական հետազոտությունների

 

•           Քրդերը 7-10-րդ դարերում՝ ըստ արաբական աղբյուրների, Երեւան, 1987թ., ռուսերեն:

•           Քրդերը, Անկարա, 1991թ., թուրքերեն:

•           Քրդերը արաբական պատմագրության մեջ, Դամասկոս, 1995թ., արաբերեն:

•           Քրդերը Աբբասյան խալիֆայության ժամանակաշրջանում 10-11-րդ դարերում, Երեւան, 1999թ., հայերեն: Արաբերեն տարբերակը հրատարակվել է 2009թ. Դամասկոսում եւ 2013թ. Բեյրութում:

•           Հետազոտություններ Արեւելքի պատմության եւ մշակույթի մասին, Աբու Դաբի, 2001թ., արաբերեն:

•           Հայ-արաբական հարաբերությունների պատմություն, Աբու Դաբի, 2002թ., արաբերեն:

•           Իսլամը՝ կրոն եւ պետություն. Տարածման փուլերի եւ ընդունման եղանակների շուրջ, Աբու Դաբի, 2003թ., արաբերեն: Վերահրատարակվել է 2012թ. Դամասկոսում:

•           Քրդերի ծագման խնդիրը արաբական աղբյուրներում, Աբու Դաբի, 2004թ., արաբերեն: Վերահրատարակվել է 2013թ. Բեյրութում:

•           Քրդերը, Դամասկոս, 2004թ., արաբերեն:

•           Էջեր հայ-արաբական հարաբերությունների պատմությունից, Շարժա, 2004թ., արաբերեն:

•           Հայաստանը եւ արաբական աշխարհը, Դամասկոս, 2007թ., արաբերեն:

•           Հայաստանի Հանրապետությունն այսօր, Դամասկոս, 2007թ., արաբերեն:

•           Հայաստան Հանրապետությունը. Մշակութային եւ զբոսաշրջային ուղեցույց, Դամասկոս, 2008թ., արաբերեն: Վերահրատարակվել է 2010թ. Դամասկոսում:

•           Ականատաեսների հուշերը Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության մասին, Դամասկոս, 2014թ., արաբերեն:

-          Արեւմտյան վկայություններ Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության մասին, արաբերեն, Դամասկոս (արտադրության մեջ է)

-          Արաբ ականատեսի հուշերը Հայոց Ցեղասպանության մասին, հայերեն, (արտադրության մեջ է)

Ա. Փոլադյանը հեղինակել է նաեւ բազմաթիվ գիտական եւ գիտահանրամատչելի ուսումնասիրություններ:

Զրույց դեսպանի հետ. Համլետ Գասպարյան

Զրույց դեսպանի հետ. Արմեն Սարգսյան

Զրույց դեսպանի հետ. Գրիգոր Հովհաննիսյան

Զրույց դեսպանի հետ. Ձյունիկ Աղաջանյան 

Զրույցդեսպանիհետ. ՏիգրանԳեւորգյան

Զրույցդեսպանիհետ. ՀրանտՊողոսյան

Զրույցդեսպանիհետ. ԱրաՍահակյան

Զրույցդեսպանիհետ. ԳագիկՂալաչյան

Զրույցդեսպանիհետ. ՆիկոլայՍարկիսով

Զրույցդեսպանիհետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

Զրույց դեսպանի հետ. Սերգեյ Սարգիսով

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ