News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը NEWS.am-ի հետ հարցազրույցում պատմում է հայ-չեխական ու հայ-սլովակական փոխհարաբերությունների,  ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի մասին:

Պարո՛ն դեսպան, ինչպե՞ս կբնութագրեիք հայ-չեխական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Խոսելով ընդունող երկրների հետ ՀՀ հարաբերությունների մասին, շատ կարեւոր է հաշվի առնել յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները: Չեխիայի, ինչպես նաեւ Սլովակիայի առանձնահատկությունն այն է, որ երկուսն էլ համեմատաբար նոր ժողովրդավարություններ են եւ որոշ առումներով անցել են բարեփոխումների այն ճանապարհը, որով զարգանում է Հայաստանը՝ անկախ այս կամ այն տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին միանալու հանգամանքից: Երկու երկրներն էլ մեծ չեն իրենց չափերով: Օգտվելով միջազգային իրավունքի ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի ընձեռած հնարավորություններից 1993 թվականին Չեխիան եւ Սլովակիան քաղաքակիրթ կերպով առանձնացան միմյանցից եւ այժմ հանդիսանում են ամենամտերիմ բարեկամները: Իմ հավատարմագրման պետությունների փորձը չափազանց արժեքավոր է հարավկովկասյան տարածաշրջանի համար եւ մեր կարեւոր խնդիրներից մեկն այն է, որպեսզի կարողանանք այդ փորձը մատչելի դարձնել նաեւ Հայաստանի համար, իսկ Չեխիայի եւ Սլովակիայի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի Ադրբեջանին՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը ճանաճելու առումով:

Երեւի թե ճիշտ կլինի իմ հավատարմագրման երկրների հետ հարաբերություններին անդրադառնալ առանձին-առանձին: Սկսենք Չեխիայից, քանի որ դեսպանության նստավայրը Պրահայում է: Կանդրադառնամ վերջին երկու տարիներին, որոնք ամենաակտիվն էին մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ:

Նախորդ տարի մեր երկրի ղեկավարը երկու այց է կատարել Չեխիայի Հանրապետություն: Նախ, 2014թ. հունվարի 29-31-ին կայացավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-չեխական հարաբերությունների պատմության մեջ առաջին երկկողմ պետական այցը Չեխիա: Այցի արդյունքները չափազանց դրական էին: Քաղաքական առումով կողմերը եկան գրեթե լիակատար փոխըմբռնման: Ուշագրավ են Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հրապարակայնորեն արտահայտված դիրքորոշումները երկու կարեւոր հարցերի շուրջ: Առաջինը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է, երկրորդը՝ վերաբերում էր Հայաստանի՝ ԵՏՄ միանալու որոշմանը եւ Եվրամիության հետ հետագա հարաբերությունների խնդրին: Պարոն Զեմանը հայտարարեց, որ հասկանում եւ հարգում է Հայաստանի որոշումը եւ կողմ է «եւ-եւ» սկզբունքով հետագա գործակցությանը: Այցի ընթացքում ստորագրվեց 13 փաստաթուղթ, այդ թվում. երկուսը՝ միջկառավարական համաձայնագիր, չորսը՝ միջգերատեսչական, երկուսը՝ տարածքային համագործակցության, հինգը՝ տնտեսվարող սուբյեկտների միջեւ՝ բժշկագիտության, բնապահպանության, ապահովագրության եւ շինարարաության բնագավառներում: Տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով որոշում է կայացվել ստեղծել համատեղ միջկառավարական հանձնաժողով, որի անդրանիկ նիստը գումարվեց 2014թ. սեպտեմբերին Երեւանում, իսկ հաջորդ նիստի անցկացումը նախատեսված է 2016թ. ապրիլին Պրահայում։

Նախորդ տարվա ապրիլին Հայաստանի նախագահը եւս մեկ այց կատարեց Պրահա՝ Արեւելյան գործընկերության 5-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով: Երկկողմ հարցեր գրեթե չեն շոշափվել, սակայն Նախագահը ներկա գտնվեց Պրահայի առաջին հայկական խաչքարի օծման արարողությանը:

Ընդհանուր առմամբ 2014 թվականին տեղի է ունեցել ինը նշանակալից փոխայցելություն: Չեխիա են այցելել ՀՀ մշակույթի նախարարի, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակի, Հայաստան-Չեխիա միջխորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունները, Երեւան է այցելել Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի միջնորդությունների կոմիտեի պատվիրակությունը:

2015 թվականը եւս հարուստ էր երկկողմ այցերով: Մասնավորապես, տեղի են ունեցել ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարի այցերը Չեխիա:  Մարտին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը մասնակցել է Չեխիայի Ազգային թանգարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հայաստան էին այցելել Չեխիայի խորհրդարանի Պատգամվորների պալատի նախագահը, Չեխիայի կաթոլիկ առաջնորդը: Իսկ ապրիլին Երեւանում էր Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահի ղեկավարած պատվիրակությունը` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:  

Իհարկե, միայն այցերի քանակով դատել հարաբերությունների մակարդակի մասին ճիշտ չէ, բայց այն եւս ցույց է տալիս հարաբերությունների չափազանց բարձր մակարդակը։ Երկկողմ հարաբերություններում լինում են նաեւ կնճռոտ հարցեր, բայց դրանց մասին հրապարակայնորեն խոսելը կարող է վնասել խնդիրների վերացմանը։

Սլովակիայի հետ մեր հարաբերություններն այդչափ ինտենսիվ չեն, սակայն եւս ընթանում է չափազանց դրական երկխոսություն։ Նշեմ, որ նախորդ տարվա հունիսին Բրատիսլավա այցելեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սլովակիայի խորհրդարանականների պատվիրակությունն էլ Երեւանում մասնակցեց Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի միջոցառումներին։

Երկու պետությունների հետ էլ Հայաստանն ունի ապակենտրոնացված համագործակցություն, որը տարեց-տարի ընդլայնվում է։ Հայաստանի երեք մարզերը գործակցում են Չեխիայի երեք երկրամասերի հետ, եւ ՀՀ մեկ մարզ՝ Սլովակիայի մարզերից մեկի հետ, իսկ մայրաքաղաք Երեւանը՝ Բրատիսլավայի հետ։ Ցավոք, չեխական կողմի թերացման պատճառով առայժմ չի հաջողվել կապեր հաստատել Երեւանի եւ Պրահայի միջեւ։ 

Պրահայում ՀՀ դեսպանությունը բացվել է 2011թ.-ին: Ինչպե՞ս եք գնահատում այս 4 տարիների ընթացքում դեսպանության կողմից ծավալած գործունեությունը: Ի՞նչ մարտահրավերների եք առնչվել այս ժամանակահատվածում:

Ճիշտ չեմ համարում գնահատելու ինքս իմ եւ իմ ղեկավարած դեսպանության աշխատանքը, միայն կարող եմ ասել, որ այս չորս տարիների ընթացքում աշխատել ենք ուժերի լարումով, որպեսզի բոլոր ոլորտներում ընդլայնենք եւ զարգացնենք երկկողմ հարաբերությունները ու մեր մասով ամրապնդենք Հայաստանի անվտանգությունը։ Արել ենք առավելագույնն օգնելու համար Չեխիայի երիտասարդ հայ համայնքին, վերջինիս հետ համագործակցաբար իրականացնել բազմաթիվ նախագծեր։ Հարկ է նշել, որ համայնքի առանձին անդամներ եւս մեծ դերակատարում են ունեցել դեսպանության հիմնադրման եւ կայացման հարցում։ Ունեցել ենք նաեւ դժվարին պահեր, որոնք հետագայում հաղթահարել ենք։ Պետք է հաշվի առնել, որ մեր դեմ գործում են անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ ունեցող Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանությունները եւ իրենց լոբբիստները։ Մարտահրավերները եղել են եւ կլինեն, մասնավորապես, մեր հարեւանների դեսպանությունները, որոնք անհամեմատ ավելի շուտ են բացվել Պրահայում (Բրատիսլավայում գործում է միայն թուրքական դեսպանություն, իսկ Ադրբեջանն ունի պատվավոր հյուպատոս եւ Վիեննայի դեսպանության գրասենյակ), մշտապես փորձում են չեխ եւ սլովակ գործընկերներին պարտադրել իրենց տեսակետը ԼՂ հակամարտության եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, առանց խտրության օգտագործելով բոլոր օրինական եւ անօրինական միջոցները։ Կարծում եմ, խնդիրների մեծամասնությունը մենք կարողացել ենք հաղթահարել համառությամբ՝ ճշմարտությունը մեր գործընկերներին ներկայացնելու միջոցով։

Հայտնի է, որ հայերն իրենց հետքն են թողել թե՛ Պրահայի թե՛ առհասարակ Չեխիայի պատմության մեջ: Ներկայացնեք, խնդրեմ, Չեխիայի հայ համայնքը: Որո՞նք են համայնքի առանձնահատկությունները եւ համայնքին հուզող հիմնական խնդիրները:

Ինչպես վերը նշեցի, Չեխիայի հայ համայնքը, որը մոտ 6-7 հազար մարդ է ընդգրկում, բավականին երիտասարդ է։ Այն հիմնականում մեր պետության տարիքին է։ Թերեւս մատներով կարելի է հաշվել այն հայերի թիվը, որոնք Չեխիայում են ծնվել կամ բնակություն հաստատել Հայաստանի անկախացումից առաջ, կամ ծագումով Հայաստանից եւ նախկին ԽՍՀՄ տարածքից չեն։ Ի տարբերություն հարեւան Լեհաստանի եւ Ավստրիայի, ուր հայերն ապրում են մի քանի դար եւ հարուստ ժառանգություն են թողել, Չեխիայում հայերի մասին առաջին հիշատակումը երեւի թե կապված է Դամասկոսից Գեւորգ Դեոդատի անվան հետ, որը 1714 թվականին Պրահայի կենտրոնում բացեց առաջին սրճարանը։ Անցյալ դարեսկզբին Նշան Մարտիրոսյանը եղել է Կարլի համալսարանի արեւելագիտության ամբիոնի հիմնադիրներից մեկը, նրա որդին՝ Հայկը եղել է վավերագրական ֆիլմերի հայտնի սցենարիստ։ Իրանահայ Ռուբեն Տեր-Զաքարյաննի ընտանիքը Պրահայում բնակություն է հաստատել անցյալ դարի 50-ականներին, ընտանիքի հայրը տնտեսագիտություն է դասավանդել համալսարաններից մեկում, իսկ նրա դուստրը՝ Կարինեն, համարվում է որմնանկարների Չեխիայի լավագույն վերականգնողներից մեկը։ 80-ականներին Պրահա եկան նկարիչ Տիգրան Աբրահամյանը, որն այսօր Չեխիայի ակադեմիական նկարիչ է, եւ լուսահոգի թարգմանիչ Հովհաննես Հարությունյանը, որին բոլորը Չեխ Հովիկ էին ասում։ Վերջինս առաջինն էր, որ գրական թարգմանություններ էր կատարում չեխերենից հայերեն։

Հիմնականում, սակայն, համայնքն սկսեց ձեւավորվել 22-23 տարի առաջ, երբ Հայաստանից ու նախկին ԽՍՀՄ բոլոր անկյուններից եկան մի քանի հազար հայեր։ Մի մասը մնաց, մյուսը մեկնեց այլ երկրներ, մի մասն էլ վերադարձավ Հայաստան։ Չեխիայի հայ համայնքն առանձնահատուկ է նրանով, որ դրա կազմում չկան անօրինական միգրանտներ։ Պատճառը, միգուցե, իշխանությունների քաղաքականությունն է` անձանց այս կատեգորիայի սոցիալական նպաստներն այնքան չնչին են, որ շատերը նախընտրում են Եվրոպայի եւ մյուս աշխարհամասերի այլ պետությունները: Այսօր եւս, այս քաղաքականության հետեւանքով, փախստականների եւ միգրանտների ալիքները հիմնականում անցնում են Չեխիայի կողքով։ Այսպիսով, երկրում մնացին հիմնականում իրենց ուժերին եւ ընդունակություններին ապավինող հայեր, նրանց մեծ մասն աշխատանք ունի։ Կան բազմաթիվ գործարարներ, մտավորականներ, շուրջ 25 նկարիչներ, մարզիկներ, բժիշկներ, շինարարներ, սպասարկման եւ այլ ոլորտներում աշխատող մարդիկ։ Չեխիայում մեծացած սերնդի մի շարք երիտասարդներ իրենց տեղն են գտել նաեւ պետական կառույցներում։ Թերեւս ամենահայտնի հայն այսօր հանրահայտ «Մառլենկա» ապրանքանիշի սեփականատեր Գեւորգ Ավետիսյանն է, որն իր արտադրած թխվածքն արտահանում է շուրջ 40 պետություններ եւ համարվում է երկրի նախագահի նստավայրի՝ Պրահայի Ամրոցի մատակարողներից մեկը։ Կան ավելի քիչ հայտնի, բայց ոչ պակաս խոշոր գործարարներ՝ Աղասի Զավարյան, Արա Աբաջյան, Արամայիս Մեժլումյան, Արմեն Անանիկյան, Ալեքսանդր Սարգսյան։ Վերջինս նաեւ ակտիվ հասարակական աշխատանք է տանում։

Թեպետ համայնքում գործում են մի շարք միություններ եւ կազմակերպություններ, կան տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, ավանդական հայկական կուսակցությունների գրասենյակներ Չեխիայում չկան։ Պրահայում 16 տարի է ինչ լույս է տեսնում «Օրեր» եվրոպական ամսագիրը (խմբագիրներ՝ Հակոբ Ասատրյան եւ Աննա Կարապետյան), եկող տարվա փետրվարին հանդիսավոր պայմաններում կնշվի շաբաթօրյա դպրոցի 20-ամյակը (հիմնադիր տնօրեն՝ Արմեն Քոլոյան)։ 2013 թվականին պետական գրանցում ստացավ Հայ Առաքելական եկեղեցին, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի 11-ին Չեխիայի հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Դոմինիկ կարդինալ Դուկան հանդիսավոր պայմաններում Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին հանձնեց Պրահայի սրտում գտնվող միջնադարյան Սուրբ Հոգու եկեղեցու բանալիները։ Կարող եմ գոհունակությամբ նշել, որ հայերը հիմնականում ինտեգրվել են չեխ հասարակության մեջ՝ պահպանելով ազգային ինքնությունը եւ կապը Հայրենիքի հետ։ Դրա վառ վկայությունն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլ 24-յան երթը, երբ շուրջ 2,5-3 հազար հայեր հպարտությամբ քայլեցին մայրաքաղաքի կենտրոնից մինչեւ Պրահայի Ամրոց։

Դեսպանությունն իր բացման օրից բաց դռների քաղաքականություն է վարել հավատարմագրման երկրներում ապրող հայերի համար, համագործակցություն է առաջարկել եւ շարունակելու է առաջարկել համայնքի բոլոր շերտերի ներկայացուցիչներին։ Մեծ մասն ընդունել է մեր անկեղծորեն մեկնած ձեռքը։ Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց։

Չեխիա կատարած իրենց այցելությունների ընթացքում ՀՀ նախագահը, ինչպես նաեւ ՀՀ վարչապետը նշում էին, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ցուցանիշները բավարար չեն, եւ տնտեսական համագործակցության ծավալները դեռեւս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հայ-չեխական գործարար շրջանակների միջեւ շփումներն ակտիվացնելու եւ տնտեսական հարաբերությունները խթանելու ուղղությամբ:

Մեր երկրների կառավարություններն աշխատում են առեւտրատնտեսական հարաբերությունների համար իրավական դաշտն ընդլայնելու ուղղությամբ, մնում է գործարարներն օգտվեն այդ հնարավորություններից երկու պետությունների եւ ժողովուրդների գործարար համագործակցությունը զարգացնելու նպատակով: Իհարկե, իրավական դաշտի ընդլայնմամբ մենք չենք սահմանափակվում։ Մեր դեսպանությունը փոքր է, առեւտրական հարցերով կցորդ չունենք, այդ իսկ պատճառով անձամբ փորձում եմ գտնել տնտեսության այն ոլորտները, որտեղ կարող ենք գործակցել, այցելում եմ զանազան արդյունաբերական հիմնարկներ։ Գլխավոր նպատակն է չեխական եւ սլովակյան շուկաներում վաճառել Հայաստանի արտադրանքը եւ ներդրումներ բերել մեր երկիր։ Դյուրին չէ, բայց ոչ անհնար։ Օրինակ, երկու երկրներում էլ բավականին հաջող արդեն 3 տարի է վաճառվում է Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքը, դանդաղ, բայց վստահ քայլերով չեխական շուկա է մտնում մեր գինին։

Չեխիան ունի զարգացած արդյունաբերություն եւ գյուղատնտեսություն, չափազանց խրախուսվում է արտահանումը, իսկ ներքին շուկան հագեցած եւ պաշտպանված է, մրցակցությունն էլ կոշտ։ Օտարերկրյա ներդրումների առումով չեխ գործարարները չափազանց զգուշավոր են։ Փոխարենը, բանկերն առաջարկում են բավականին մատչելի տոկոսով ապահովագրված վարկեր, եթե նախագծում չեխական արտադրանքի տեսակակշիռը 50%-ից ավելի է։ Տեղեկություններ ունեմ, որ մոտ ապագայում մի շարք հայաստանցի գործարարներ պատրաստվում են օգտագործել այս հնարավորությունը, մասնավորապես, Արմավիրի եւ Լոռու մարզերում, Երեւանում։ Ցանկալի կլիներ, որպեսզի կողմերի տնտեսվարող սուբյեկներն ավելի ճկուն լինեին գնային առաջարկներում եւ կարողանային ավելի հստակ ձեւակերպել առաջարկն ու պահանջարկը: Դեսպանությունը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցելու բոլոր այն հայաստանցի գործարարներին, որոնք ցանկություն ունեն աշխատելու չեխերի եւ սլովակների հետ։

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա նշեմ, որ 2016թ.-ին եւս նախատեսված են ինչպես մի շարք բարձր մակարդակի փոխայցելություններ, այնպես էլ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի եւ գործարար համաժողովների անցկացում։

Պարո՛ն դեսպան, չնայած այն հանգամանքի, որ Չեխիան դեռեւս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնի է, որ երկրի պատմության մեջ եղել են այնպիսի ականավոր դեմքեր, ինչպիսիք են Չեխոսլովակիայի 1918–1935թթ. նախագահ Տոմաշ Մասարիկը, նրա ժամանակակից, չեխ գրող եւ հումանիստ Կարել Հանսան` որոնք իրենց մարդասիրական եւ քաղաքական-հասարակական գործունեությամբ լույս սփռեցին Հայոց ցեղասպանության վրա: Այս համատեքստում ինչպե՞ս նշվեց եւ ի՞նչ միջոցառումներ կազմակերպվեցին ցեղասպանության տարելիցի շրջանակներում Չեխիայում:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ճանաչման գործընթացը սկսվել է։ Նախ, Հայոց ցեղասպանությունը հստակ հրապարակային գնահատական է ստացել երկրի նախագահի եւ հոգեւոր առաջնորդի, բազմաթիվ խորհրդարանականների կողմից։ Ապրիլի 14-ին Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ճանաչման բանաձեւ ընդունեց։ Պատգամավորների պալատի նախագահը դեկտեմբերի սկզբին Երեւան կատարած այցի ժամանակ եւս հնչեցրեց «ցեղասպանություն» բառը։ Դժվարանում եմ ասել, թե երբ Չեխիայի խորհրդարանը կճանաչի եւ կդատապարտի այն, բայց, հավատում եմ, որ դա կլինի տեսանելի ապագայում։ Չճանաչման պատճառները մի քանիսն են, օրինակ` Թուրքիայի ահռելի ճնշումը։ Կան նաեւ լուրջ ներքին խնդիրներ։ Համենայնդեպս, Հայոց ցեղասպանությունը ժխտողներ Չեխիայում ինձ գրեթե հայտնի չեն, կա քաղաքական նպատակահարմարության հարց։ Ինչ վերաբերում է Սլովակիային, ապա դեռ 2004 թվականին երկրի խորհրդարանն իր բանաձեւով ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2009 եւ 2011 թթ.-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածներ ավելացրել քրեական օրենսգրքում։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգելու նպատակով 2013 թվականին ՀՀ դեսպանության եւ Չեխիայի հայ համայնքի ակտիվի կողմից ստեղծված «Ապրիլ 24» կոմիտեն կազմակերպել է բազմաթիվ ձեռնարկներ, որոնց մասին խոսելը, միգուցե, մեկ առանձին հարցազրույցի նյութ է։ Դրանց մեծ մասը լուսաբանվել է հայաստանյան, իսկ մի քանիսը՝ նաեւ չեխական մամուլում։ Հակիրճ նշեմ, որ, չնայած Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների խանգարող գործողությունների, մենք կարողացանք մի քանի տասնյակ միջոցառումներ անցկացնել այս տարի։ Դրանց թվում են համերգներ, այդ թվում` աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի եւ Երեւանի կամերային երգչախմբի հատուկ ներկայացումը, ցուցահանդեսներ, գիտական կոնֆերանսներ եւ քննարկիումներ (որոնցից մի քանիսին եկել էր անձամբ խանգարելու Թուրքիայի դեսպանը), միջեկեղեցական միջոցառումներ, այդ թվում` պատարագ Սուրբ Վիտի մայր-տաճարում, բազմաթիվ հրապարակումներ մամուլում, հազարավոր չեխահայերի եւ համակիրների երթը ապրիլի 24-ին։ Բարձրաստիճան չեխական պատվիրակությունը Սենատի նախագահի տեղակալ Զդենեկ Շկրոմախի գլխավորությամբ մեկնեց Հայաստան 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Լույս են տեսել Պրահայում ծնված Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 օրը» վեպի չեխերեն 7-րդ հրատարակությունը, ռումինահայ գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպի չեխերեն թարգմանությունը։ Չեխական «Պլավ» գրական հանդեսի համարներից մեկը նվիրել է Հայոց ցեղասպանությանը եւ հայ գրականությանը, ՀՀ մշակույթի նախարարության եւ Չեխիայի Հանրային հեռուստատեսության հովանավորությամբ չեխ սցենարիստ եւ ռեժիսոր Մարտին Մահդալը նկարահանել եւ չեխական հեռուստատեսությամբ ցուցադրել է «Ցեղասպանության հավերժ վիշտը» վավերագրական ֆիլմը։ Ի դեպ, եկող տարվա հունվարի 13-ին Պրահայում կկայանա Ձեր հարցում նշված Կարել Հանսայի՝ Հայոց ցեղասպանությունը նկարագրող «Արեւելքի սարսափները» ժամանակակից չեխերենով հրատարակության շնորհադեսը։

Միջոցառումներ են անցկացվել նաեւ Սլովակիայում` երկու ցուցահանդես, սլովակահայ Վահրամ Ճուղուրյանի «Լռության 100 տարի» գրքի շնորհանդեսը եւ հուշ-ձեռնարկը Բրատիսլավայի քաղաքապետարանում։ Սլովակյան խորհրդարանական պատվիրակությունն Ազգային խորհրդի նախկին նախագահ Պավոլ Հրուշովսկու գլխավորությամբ մասնակցել է 100-ամյա տարելիցի միջոցառումներին Երեւանում։

Հայտնի է, որ դեռ Տոմաշ Մասարիկի նախագահության օրոք  եւ անձամբ նրա որոշմամբ՝ շուրջ 60 հայազգի ուսանողներ հնարավորություն էին ստացել չեխական կրթաթոշակներով ուսանել երկրի հեղինակավոր համալսարաններում: Ինչպիսի՞ն են պատկերն այսօր եւ կրթական ի՞նչ ծրագրեր են իրականացվում երկու երկրների միջեւ

Չեխոսլովակիայի առաջին ղեկավար Տոմաշ Գարիգ Մասարիկի նախագահության օրոք չեխական ԲՈՒՀ-երում իրոք մի քանի տասնյակ հայ ուսանողներ են սովորել։ Օրինակ հայտնի է, որ 1926 թվականին գործել է հայ ուսանողների միություն, որն ունեցել է 35 անդամ եւ որը նախագահել է Երվանդ Ֆինդիկյանը։ Նրանց հետագա ճակատագիրը, ցավոք, մեզ հայտնի չէ։ Չեխահայ նկարիչ, Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի եւ «Արմենիա» ակումբի նախագահ Տիգրան Աբրահամյանը Չեխիայի պետական արխիվում նույնիսկ հայտնաբերել է հայ ուսանողական կազմակերպության ժողովների արձանագրությունները եւ ներկայումս դրանց ուսումնասիրությունն է կատարում։ Ինչեւէ, հայ-չեխական կրթական կապերն ավանդական են եւ շարունակվում են նաեւ այսօր։ Նախ, Չեխիայի կառավարությունը տարեկան 4-5 կրթաթոշակ է հատկացնում հայաստանցի ուսանողներին։ 2014 թվականին Պրահայի Կարլի համալսարանում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ վերաբացվել է հայագիտական առարկաների դասավանդումը, ընդ որում, դասախոսներից երկուսն ազգությամբ չեխեր են՝ նույն համալսարանի նախկինում գործած հայագիտության ամբիոնի շրջանավարտներ, իսկ երրորդը՝ Կարլի համալսարանի նվագախմբի եւ երգչախմբի գլխավոր դիրիժոր, միջնադարյան հայ երաժշտության եւ շարականների մասնագետ, ծնունդով Կիպրոսից Հայկ Ութիջյանը։ ԵՊՀ-ն եւ Կարլի համալսարանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։ Քննարկման փուլում է միջկառավարական համաձայնագրից բխող կրթության բնագավառի համագործակցության ծրագիրը։ Չեխական կողմն ուսումնասիրում է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Չեխիայի կառավարության աջակցությամբ չեխերենի կուրսեր բացելու հնարավորությունը։

2015թ. հունիսին Հայաստանի եւ Չեխիայի վարչապետների հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է Երեւան-Պրահա-Երեւան կանոնավոր չվերթների վերաբացման հարցը: Ի՞նչ նորություններ կան այս խնդրի շուրջ:

Չեխական ավիաուղիների Երեւան-Պրահա-Երեւան չվերթի վերսկսման հարցը զուտ կոմերցիոն խնդիր է։ Նախորդ տարվա հունիսին ՀՀ վարչապետը երկու անգամ հանդիպեց ընկերության ղեկավարության հետ եւ Հայաստանի համապատասխան իշխանությունների հետ բանակցություններից հետո չեխական ընկերությունը որոշում է կայացրել մեկ ամսով վերսկսել թռիչքները դեկտեմբերին։ Անցած տարվա դեկտեմբերի վերջին օրերին ուղիղ թռիչքով Պրահա են ժամանել բազմաթիվ հայաստանցի զբոսաշրջիկներ։ Քննարկվում է հաջորդ տարվա ապրիլ-մայիսից կանոնավոր թռիչքները վերսկսելու հնարավորությունը։ Բայց, նորից եմ կրկնում, վերջնական որոշումը կայացվելու է հստակ ֆինանսական հաշվարկների հիման վրա։

Այս հարցն ուղղում ենք խորագրի շրջանակում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդների, որոնք ընտրել են, կամ պատրաստվում են ընտրել դիվանագետի մասնագիտությունը:

Դիվանագետի աշխատանքը երկու կողմ ունի` մեկն արտաքին շլացուցիչ երեւացող շղարշն է, որը հրապուրում է շատերին, մյուսը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծանր եւ պատասխանատու աշխատանքը։ Կենցաղի իմաստով էլ այս մասնագիտությունը երկու կողմ ունի․ դրականի հետ մեկտեղ հաճախ տուժում է ընտանիքն, օրինակ, երեխաները ստիպված են լինում մի քանի դպրոց փոխել։ Առանց վարանելու կարող եմ ասել, որ դիվանագետի մասնագիտությունը նաեւ կենսակերպ է, որը պետք է սիրել։ Ես համակարգում աշխատում եմ 1992 թվականից եւ անչափ սիրում եմ իմ գործը։ Իմ գործընկերներից շատերը որոշ ժամանակ աշխատելով արտաքին գերատեսչությունում հասկացան, որ դա իրենցը չէ եւ տեղափոխվեցին այլ բնագավառներ։ Այնպես որ վերջնական ընտրություն կատարելուց առաջ պետք է նժարի վրա դնել բոլոր դրական եւ բացասական կողմերը եւ համոզվել, որ կարող ես նաեւ քո մասով պատասխանատվություն ստանձնել Հայաստանի եւ հայ ժողովրդի արտաքին անվտանգության համար, պատրաստ ես նաեւ զրկանքների։

Տիգրան Սեյրանյան (կենսագրական տվյալներ)
Ծնվել է 1967 թվականին Ռուսաստանում։

Կրթությունը՝

1991թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը: Մասնագիտացումը՝ սոցիոլոգիա

Զինվորական ծառայությունը՝1985-1987թ.թ.

Դիվանագիտական գործունեությունը՝

1992-1995թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության կցորդ, հետագայում երրորդ, երկրորդ քարտուղար, հետագայում իրավական բաժնի վարիչի պաշտոնակատար

1995-1998թթ. Իրանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս

1998-2000թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար, հետագայում՝ վարչության պետ

2000-2003թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, հյուպատոս

2003-2011թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ

2011թ.- օգոստոսից - Չեխիայում ՀՀ դեսպան

2011թ. սեպտեմբերի 7-ին հավատարմագրերն է հանձնել Չեխիայի նախագահ ՎացլավԿլաուսին

2012թ. մայիսին համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան

2013թ. մարտի 20-ին հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նախագահ Իվան Գաշպարովիչին

Պարգևներ՝

2008թ. – «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ

2010թ. – ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ

2014թ. – ՀՀ ԱԺ Պատվո մեդալ

Դիվանագիտական աստիճանը՝ Արտակարգ և լիազոր դեսպան (2015թ.)

Օտար լեզուները՝

անգլերեն, ռուսերեն, պարսկերեն (կենցաղային), չեխերեն (կենցաղային)

Ընտանեկան կարգավիճակը`

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Զրույց դեսպանի հետ. Միքայել Մինասյան

Զրույց դեսպանի հետ. Օլեգ Եսայան

Զրույց դեսպանի հետ. Արշակ Փոլադյան

Զրույց դեսպանի հետ. Համլետ Գասպարյան

Զրույց դեսպանի հետ. Արմեն Սարգսյան

Զրույց դեսպանի հետ. Գրիգոր Հովհաննիսյան

Զրույց դեսպանի հետ. Ձյունիկ Աղաջանյան 

Զրույցդեսպանի հետ. ՏիգրանԳեւորգյան

Զրույցդեսպանի հետ. ՀրանտՊողոսյան

Զրույցդեսպանի հետ. ԱրաՍահակյան

Զրույցդեսպանի հետ. ԳագիկՂալաչյան

Զրույցդեսպանի հետ. ՆիկոլայՍարկիսով

Զրույցդեսպանի հետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ