Համաշխարհային մամուլում հայտնվել են Սիրիայից Ռուսաստանի հիմնական ուժերի դուրսբերման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անսպասելի հայտարարության շուրջ առաջին արձագանքները:
«Washington Times»-ից Թոդ Վուդի կարծիքով, այս որոշումը խոստովանություն է այն մասին, որ Ռուսաստանը ռեսուրսներ չունի իր սահմաններից դուրս երկարաժամկետ հակամարտության համար՝ ի հավելում սոցիալական ծախսերի, սպառազինությունների արդիականացման եւ ռուսական տնտեսության այլ կարիքների ապահովման համար: «Կրեմլի վրա ֆինանսական ճնշումը զգալի էր՝ արեւմտյան պատժամիջոցների եւ համաշխարհային շուկայում նավթի գների անկման ֆոնին, ինչը կենսական նշանակություն ունի ռուսական տնտեսության համար»,- գրել է հեղինակը:
Չնայած Ռուսաստանը զգալի առաջընթացի հասավ զինված ուժերի արդիականացման հարցում, ամեն դեպքում, վերլուծաբանի կարծիքով, փաստացի հետխորհրդային սպառազինություններ օգտագործող ուժերում 21-րդ դարի սպառազինության կիրառումը համեմատաբար մեծ չէ՝ շուրջ 30%: Իսկ հին օդանավերի (օրինակ՝ Սու-24 ռմբակոծիչների) սպասարկումը բավական թանկ է:
«Quartz» պարբերականի վերլուծաբան Սթիվ Լեւինն էլ գրում է, որ Պուտինը կրկին ցուցադրում է անկանխատեսելի արարքներ գործելու իր ունակությունը: Նրա խոսքով, որպես սիրիական հակամարտությունում միջամտության գլխավոր հիմնավորում Պուտինը նշում է Մերձավոր Արեւելքում իր դաշնակցին՝ Բաշար Ասադին օժանդակության ցուցաբերում: Զորքերի դուրսբերումը նշանակում է, որ կա՛մ Պուտինը կարծում է, որ Ասադի կառավարումն այլեւս վտանգված չէ, կա՛մ չի հավատում, որ սիրիական պետության առաջնորդը կարող է պահպանել իշխանությունը, կա՛մ էլ նրան չի հուզում, որ Ասադի իշխանությունը տապալվում է:
Նրա կարծիքով, Սիրիայում միջամտությամբ Պուտինը ցույց տվեց, որ Խորհրդային միության փլուզումից տասնամյակներ անց Մոսկվան կարող է իր սահմաններից հազարավոր մղոններ այն կողմ ցուցադրելիր հզորությունը: Պուտինը նաեւ ընդգծեց իր պնդումն այն մասին, որ Ռուսաստանն ուժ է ներկայացնում արտերկրի ռազմական գործողությունների առավել կարեւոր կետերում, եւ նա, իհարկե, ցույց տվեց, որ կարող է աշխարհին ստիպել գուշակել իր քայլերը:





























