News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 18-ին, հարցաքննվեց սպանված ուսանող Վահե Մուրադյանի մտերիմ ընկերներից Սերգեյ Գրիգորյանը:

Երեւանի պետական համալսարանի 18-ամյա ուսանող Վահե Մուրադյանը սպանվել, իսկ նրա ընկեր Րաֆֆի Մարտիրոսյանը դանակահարվել է 2017թ.-ի հունվարի 11-ին: Գործով ամբաստանյալը նույն համալսարանի ուսանող Կարեն Չատիկյանն է:

Դատարանում Սերգեյ Գրիգորյանը պատմեց, որ դեպքի օրը Վահե Մուրադյանի հետ պետք է գնար համակարգչային սրահ: Սակայն, ավելի ուշ, Վահե Մուրադյանը զանգահարել է Սերգեյ Գրիգորյանին եւ հայտնել, որ «ինչ-որ տղաների» հետ խոսակցություն պիտի ունենան: Վկայի խոսքով, ինքն իջել է իրենց շենքի բակ, որտեղ տաղավարի մոտ արդեն եղել են Վահե Մուրադյանը, Դավիթ Մանձիկյանը, Քաջիկ Հակոբյանն ու Անրին, իսկ մյուս կողմից 3 տղա, որոնց չի ճանաչել: Նրա պատմելով, մոտ 20 րոպե սպասել են Րաֆֆի Մարտիրոսյանի գալուն, ապա սկսել են խոսակցությունը:

««Դոդիկ» ասելու համար Կարենը կամ իր հետ եկած տղաներից մեկը հարցրեց, մենք էլ պատասխանեցինք, որ ոչ մեկին նկատի չի ունեցել Րաֆֆին, երկրորդ անգամ բացատրելուց հետո Կարենը ձայն բարձրացրեց, Անրին էլ հորդորեց ձայնն իջեցնել՝ ասելով, որ իրենց բակն է ու մարդիկ են անցնում: Կարենը վեր կացավ, որ Անրիին խփի, բայց չկպավ, այդ ժամանակ մի «ջանով» տղա եկավ դեպի ինձ, ուզեց խփի, բայց ես իրեն մի հատ «բոքսեցի», Վահեն ու Րաֆֆին էլ գնացին դեպի Կարենը: Երբ ես շրջվեցի, տեսա՝ Կարենը բռնել էր Վահեին, Վահեն էլ Կարենին, մի 10-20 վայրկյան էր անցել, Կարենը գոռաց՝ փախանք, բոլորը վազելով գնացին, հետո տաղավարից դուրս եկավ Վահեն, կուրտկան արձակեց, արյուն էր գալիս, սկզբում մտածեցինք որովայնի ներքեւի մասից է, հետո տեսանք, որ կրծքավանդակի շրջանում է վնասվածքը... Վահեն ոչ մի բառ չասաց»,- պատմեց Սերգեյ Գրիգորյանը:

Վկան նշեց, որ Վահեի եւ Րաֆֆիի մոտ տեսել է միայն Կարեն Չատիկյանին, դանակի հարվածի պահը չի տեսել, բայց ենթադրում է, որ Րաֆֆին ավելի վաղ էր ոտքի շրջանում վնասվածքը ստացել. «Ես տեսել եմ Վահեին ու Կարենին, հետո Կարենը թողեց Վահեին ու փախավ, դա նշանակում է, որ Րաֆֆին մինչեւ դա էր վնասվածքը ստացել»:

Ամբաստանյալ Կարեն Չատիկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին՝ հնարավո՞ր է լիներ պատճառ, որ Չատիկյանը Վահեին սրտի շրջանում խփեր, վկան նշեց, որ նման պատճառ չի եղել, քանի որ Վահեն խոսակցության ժամանակ այնքան ակտիվ է եղել, ինչքան որ մյուսները:

Դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ ըստ Երեմ Սարգսյանի, առկա էին էական հակասություններ: Նախաքննության ընթացքում Սերգեյ Գրիգորյանը խոսակցությունից հետո սկսված վիճաբանության մասին հետեւյալն էր պատմել. «Բոլորով ոտքի ենք կանգնել եւ ծեծի ենթարկել միմյանց»:

Վկան դատարանում հայտարարեց, որ «ծեծի ենթարկել» ասելով՝ ինքը նկատի է ունեցել այն ամենը, ինչ դատարանում էր պատմել, իրականում ծեծկռտուք չի եղել:

Դատարանում մնաց հարցաքննվի վկա Գեւորգ Տերտերյանը: Նա այժմ ծառայում է բանակում: Դատավոր Արշակ Վարդանյանը որոշմամբ, հաջորդ նիստին կհարցաքննվի նա: Նշենք, որ Տերտերյանն առանցքային վկա է, նա դեպքի մասին շատ մանրամասներ կարող է հայտնել:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 19-ին: Այդ օրը կսկսվի նաեւ գործում առկա ապացույցների հետազոտումը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Չատիկյանը 2017թ. հունվարի 11-ին Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում գտնվող բացօթյա տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով Ռ. Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վ. Մուրադյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ եւ 113-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նշենք, որ եւ Կարենը, եւ Վահեն Երեւանի պետական համալսարանի ուսանողներ էին:

«Կարենի մոտ դանակ կար, Գեւորգն ուզեց, բայց չտվեց». ուսանողի սպանության գործով հարցաքննվեց ամբաստանյալի ընկերը

«Վահեն շնչում էր, հետո որ ասացին՝ մահացած ա, գնացինք տուն, մնայինք՝ տնեցիներին ինչ ասեինք…». սպանված ուսանողի ընկեր

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ