Սաուդյան Արաբիայում ընթանում է ամբողջ իշխանական էլիտայի վերափոխման գործընթացը, որը պայմանավորված է երիտասարդ արքայազն Մուհամմադ իբն Սալման Ալ Սաուդի՝ իշխանության գալով: Նման տեսակետ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց արաբագետ Հայկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ արքայազնն իր երիտասարդ կողմնակիցների հետ միասին, որոնք Սաուդյան Արաբիայում գործող տարբեր կլաններ են ներկայացնում, նպատակ են դրել համատեղ կառավարել պետությունը: «Եւ ընդհանուր հայեցակարգն այնպիսին է, որ Սաուդյան Արաբիայի հարեւան երկրներում եւս երիտասարդներ են եկել իշխանության: Մեր տերմինաբանությամբ նրանց արդեն «երիտարաբներ» են սկսել կոչել»,- հավելեց Քոչարյանը։

Նրանք, ըստ արաբագետի, շատ լավ հասկանում են, որ աշխարհն այլ ալգորիթմով է զարգանում, եւ այն, ինչ տեղի է ունենում արաբական հասարակությունների ներսում, չի համապատասխանում ժամանակի պահանջներին: Այնուամենայնիվ, ինչպես նշեց փորձագետը, Սաուդյան Արաբիայում եւ մի շարք այլ արաբական երկրներում հեղափոխական գործընթաց, իսկ ավելի կոնկրետ՝ փոխակերպում եւ մեկ արժեհամակարգից դեպի մյուսը՝ ավելի ազատականը փուլային աստիճանական անցում, տեղի չի ունենում:

Ներքաղաքական կյանքի այս խնդիրն արդիական է արդեն երկար ժամանակ, եւ, ինչպես հիշեցրեց Հայկ Քոչարյանը, նախկինում բարեփոխումներ իրականացնելու բազմաթիվ փորձեր են արվել։ Սակայն, քանի որ իշխում էին հին էլիտաների ներկայացուցիչներն ու «հին դպրոցի» աստվածաբանները, բոլոր նախաձեռնությունները, ըստ էության, կասեցվում էին դեռ իրականացման փորձերի փուլում: «Սակայն երիտասարդ թագաժառանգ Մուհամմադ Սալման Ալ Սաուդը հենվում է ոչ թե հին էլիտայի եւ աստվածաբանների վրա, այլ` երիտասարդների, որոնք հավատարիմ են իրեն եւ նախկինների համեմատ ավելի լիբերալ են իրենց տեսակետներում եւ մոտեցումներում, հատկապես՝ կանանց իրավունքների հետ կապված»,- ընդգծեց արաբագետը:

Միեւնույն ժամանակ փորձագետը նշեց, որ Սաուդյան Արաբիայում գործընթացներն այդքան արագ եւ հեշտ չեն ընթանում, որքան ոմանք կարող են կարծել, եւ շատ նախաձեռնություններ բախվում են իշխող վերնախավի կատաղի դիմադրությանը: Ընդ որում, դեռ վաղ է խոսել Սաուդյան Արաբիայի եւ դրա հասարակության լիակատար ազատականացման մասին, քանի որ այս փուլում ընթացող բարեփոխումները միայն «սառցալեռան գագաթն են»:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունը չեղարկել է օրենքը, որը ստիպում էր կանանց իրենց կամքին հակառակ մնալ ամուսինների հետ: Այս նախաձեռնությունը դարձել է երկրի պատմական փոփոխությունների մի մասը, որոնք ուղղված են կանանց՝ հասարակական կյանքին ներգրավելուն եւ նրանց իրավունքների ու ազատությունների՝ տղամարդկանց հետ հավասարեցմանը: Սակայն այսքանով բարեփոխումները չեն ավարտվել․ Սաուդյան Արաբիայում փոխնախարարի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել: Բացի այդ, հաստատվել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության զարգացման ծրագրերը, որոնք թագավորության Զինված ուժերում կանանց ծառայության արգելքի վերացում են նախատեսում։