«Հանրային խորհրդի մասին» նոր օրենքով Հանրային խորհրդին առընթեր գործելու է ազգային փոքրամասնությունների հարցերով պալատ, որի կազմավորման կարգը եւ գործառույթները սահմանվում է օրենքով: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում հիշյալ օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

«Բանն այն է, որ շրջանառության մեջ է դրված ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է այս պալատը: Պալատի գործառույթներից է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքների իրացման մշտադիտարկումը, այդ անձանց վերաբերող օրենսդրական ակտերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնլը եւ նրանց իրավունքների ու խնդիրների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը ՏԻՄ-երին, ՄԻՊ-ին եւ այլ կառույցների»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանրային խորհրդի մասին» օրինագծով սահմանվում է, որ ՀԽ-ն ունենալու է ոչ թե 36, այլ 45 անդամ եւ ֆինանսավորվելու է բյուջեից՝ առանձին տողով: Ըստ Սահմանադրության, Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, որի գործունեությունը սահմանվում է օրենքով:

Նոր օրենքով Հանրային խորհրդում 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15-ը: Հանրային խորհրդի առաջին 15 անդամներին կնշանակի կառավարությունը, նրանք իրենց հերթին կդիմեն տեղական ինքնակառավարման մարմիններին, հայրենակցական միություններին, երիտասարդական, ուսանողական կազմակերպություններին եւ այլն, առաջարկելով, որ նրանք ներկայացնեն Հանրային խորհրդի անդամի թեկնածություններ:

Ստանալով թեկնածությունները, կանցկացվի վարկանիշային ընտրություն՝ գաղտնի քվեարկությամբ: Առավելագույն ձայներ հավաքած 15 թեկնածուները կդառնան Հանրային խորհրդի անդամ: Հետագայում արդեն 30 անդամները կընտրեն մնացած 15 անդամներին: Վերջում էլ վարչապետը 45 անդամների շարքից կառավարությանը կներկայացնի Հանրային խորհրդի նախագահին:

Նշենք, որ այսօր գործող Հնարային խորհրդի նախագահը Վազգեն Մանուկյանն է: