News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ «Կոմանդոս» եւ «Լեռնային աղվես» մականուններով, NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր հիշողությունները Արցախի անկախության հռչակման օրվա նախաշեմին:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին, հիմք ընդունելով «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին»  ԽՍՀՄ օրենքը, ԼՂԻՄ բոլոր մակարդակների եւ Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Հռչակագրում, մասնավորապես, նշված էր, որ այն արտահայտում է «ժողովրդի կամքը՝ ամրագրված հանրաքվեի փաստացի անցկացմամբ եւ ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանի իշխանության մարմինների 1988-1991 թվականների որոշումներով, ազատության, անկախության, իրավահավասարության եւ բարիդրացիության նրա ձգտումը»:

Ինչպե՞ս է դա եղել        

1991 թվականի սեպտեմբերի նախօրեին Ղարաբաղում անչափ ծանր իրավիճակ էր ստեղծվել: Այդ տարվա գարնանը Ադրբեջանի ղեկավարությունը որոշում էր ընդունել «Կոլցո» («Օղակ» - խմբ.) գործողությունն անցկացնելու մասին, որի նպատակն էր հայ բնակիչներին Հայաստան վտարելը, փաստացի՝ բռնի տեղահանումը: Գյուղերն այրում էին, մարդկանց ծեծում, սպանում, տեղահանում: Դաժանությունը, որով գործողությունն անցկացվում էր, քաոս առաջացրեց: Ղարաբաղը մնաց կախված վիճակում: Ոչ մեկի կողմից աջակցություն չստացող հանրապետությունն օգնության կարիք ուներ:

Ղարաբաղ մեր ժամանումը համընկավ գործողության ձեւական դադարեցմանը: Ձեւական, քանի որ Ադրբեջանի իշխանությունները իրականում չէին կարողանում հանդարտվել, գործողությունը շարունակում էին: Սերժ Սարգսյանի հրամանով ես եկա Հադրութի շրջանի Տող գյուղ: Մեզ ուղարկեցին գյուղը պաշտպանելու՝ շրջանից հայ բնակչության տոտալ տեղահանումը կանխելու համար:

Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ Ադրբեջանին թվում էր, թե ինքը շուտով հաղթելու է: Գյուղի հայկական հատվածը պաշտպանում էր միլիցիայի կապիտան Էդիկը, որը զինված էր միայն ատրճանակով եւ 8 փամփուշտով: Ադրբեջանական հատվածը պաշտպանում էին դպրոցի շենքում տեղակայված 200 զինվորներ, 6 զրահամեքենա եւ 50 օմոնական: Տողից հայ բնակչության տեղահանման համար հատկացվել էր 3 օր: Գործընթացն արագացնելու համար ադրբեջանցիները սպանեցին Դանիելյանների ընտանիքից 5 մարդու:

Դրան նախորդած ամիսներին տեղի էր ունենում ադրբեջանական կողմի ուժերի բուռն վերադասավորում: Նրանք պատրաստ էին հարցը շուտով «լուծել»: Գործում էին ըստ հետեւյալ ծրագրի՝ շրջապատում էին գյուղը, բաց թողնում ՕՄՕՆ-ին (Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ՝ ՄՀՆՋ – խմբ.): Այնուհետեւ կատարվելու էին կողոպուտներ ու բռնարարքներ: Ինչ-որ բան բաժին էր ընկնելու նաեւ խորհրդային զորքերին: «Կոլցո» գործողության ժամանակ ընդհանուր ոչնչացվել է 20 հայկական գյուղ, բռնի տեղահանվել է մոտ 10 հազար մարդ, հարյուրից ավելին սպանվել է, մի քանի հարյուրը գերեվարվել, մեծ մասի ճակատագիրն անհայտ է: Բայց Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ստեղծումը եւ ղարաբաղցիների հերոսական պաշտպանությունը թույլ չտվեցին իրականացնել նողկալի ծրագիրը: Ղարաբաղցիները պաշտպանում էին իրենց հողը, կանանց եւ երեխաներին, ծնողներին, նախնիների շիրիմները: Ղարաբաղի հերոսական ժողովուրդը կարողացավ կանգնեցնել քաոսը:

Տեսություն եւ կյանք

Ինչպես պարզվում է գործնականում, տեսական զինվորական կրթությունը մի փոքր  տարբերվում է իրական պատերազմից: Բայց մենք խանդավառվել էինք ղարաբաղցիների մարտական ոգով: Ջոկատն ապրում էր անտառներում, այլ ջոկատների հետ կապ էինք պահպանում: Հիմնական  շեշտը արագության եւ անսպաելիության վրա էր: Եթե ինչ-որ տեղ ծանր իրավիճակ էր, տեղափոխվում էին այնտեղ: Ղարաբաղում ես հասկացա, թե ինչ է ինքնազոհաբերությունը: Հատկանշական է, որ երբ ես եկա Ղարաբաղ եւ ինձ հարցրեցին, թե ինչի համար  եմ ես դա արել, ասացի՝ եկել եմ Կարսն ազատագրեմ: Հայրս Կարսից է:

Բայց քաղաքականության հետ ոˊչ այն ժամանակ, ոˊչ հիմա չէի ուզում գործ ունենալ:

Քաղաքականությունը երկու կողմ ունի՝ մեկը կործանարար է, որը բաժանում է ազգը, դրանք իշխանությանը ձգտող  մարդկանց խմբերի անձնական շահերն են: Բայց կա նաեւ դրական կողմը. նրանք բոլորը պատրաստ են պայքարել ընդհանուր թշնամու դեմ:

Այդ տեսանկյունից ես մոտ եմ եղել բոլոր կուսակցությունների հետ, առաջնորդների հետ ծանոթ եմ եղել եւ դժվար պահին շատ ենք օգնել իրար:

Ղարաբաղի ժողովուրդն իր ուսերի վրա կրել է պատերազմի դժվարությունները եւ ստեղծել անկախ պետություն, որով մենք բոլորս շատ ենք հպարտանում:

Ինչպես հայտնվեցի պատերազմում

Ես խորհրդային բանակի սպա եմ, կոմունիստ: Ծառայել եմ հայրենիքում, ինչպես նաեւ Չեխոսլովակիայում, Գերմանիայում: Ես երդում եմ տվել ԽՍՀՄ-ին եւ երբ 1988-ին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ես չմիացա դրան:

Այդ ժամանակ ես չէի կարողանում հասկանալ՝ ինչպես կարող է Հայաստանը անվտանգ գոյություն ունենալ Խորհրդային միության կազմից դուրս՝ շրջպատաված լինելով թշնամիներով:

Խոստովանեմ՝    այս հարցում տարաձայնություններ առաջացան կնոջս հետ, որը շարժման կողմնակից էր:

Կարելի է ասել ես պատահաբար հայտնվեցի շարժման մեջ: Մարգարյանի ինստիտուտը դեղեր էր հավաքել Ղարաբաղի բնակիչների համար եւ պետք էր ուղեկցել բեռը: Ես ցանկություն հայտնեցի գնալու: Երբ եկա, տեսա մի «օմոնցու» դեմք: Դա ադրբեջանական ժողովրդի ներկայացուցչի դեմք չէր, դա «օմոնցու» դեմք էր: Ես գիտեմ ադրբեջանցի ժողովրդին, Բաքվում սովորել եմ ադրբեջանցիների հետ: Ես հասկացա, որ դրանք գազանացած արարածներ են, որոնց մեջ ոչ մի մարդկային բան չի մնացել:

Ամենամեծ հարվածն այն էր, երբ մեզ չթույլատրեցին Երեւան տանել 14-ամյա տղային, որի մոտ փտախտ էր սկսվում: Մեզ թույլ չտվեցին երեխային բերել բուժման, որովհետեւ նրանք առաջնորդվում էին հետեւյալ տրամաբանությամբ. տղան կգնա, կբուժվի,  հետո զենք կվերցնի եւ կպայքարի մեր դեմ:

Երբ ես տեսա հակառակորդի գազանացած ներկայացուցիչներին, որոշումը միանգամից հասունացավ:

Ես վերադարձա եւ միանգամից որպես կամավոր ընդգրկվեցի «Սասունցի Դավիթ» ջոկատում: Սակայն Խորհրդային միության մասին իմ հիշողությունները շատ լավն են ու ջերմ:

Եվ ես շնորհակալ եմ ճակատագրին, որ ծանր 90-ականներին հայտնվեցի Հայաստանում եւ Ղարաբաղում՝ թեեւ շատ ընկերներ եւ մտերիմներ կորցրեցի:

Պատերազմը փոխում է մարդուն

Եˊվ ժամանակը, եˊւ պատերազմը փոխում է մարդկանց: Խաղաղ ժամանակ շատ բան չի նկատվում: Օրինակ, այն, որ ժողովուրդը ծանր պահին կարողանում է համախմբվել:

Պատերազմն, իհարկե, նաեւ դրական կողմեր ունի: Պատերազմի  ժամանակ հանդիպում ես մարդկանց, որոնցից սովորում ես: Տեսնում ես ինքնազոհաբերություն, սխրանքներ, որոնց դժվար է հավատալ: Բայց բացասականն ավելի շատ է: Մարդուն խոցում է ոչ միայն զենքը: Ամերիկացիները դա բնութագրել են որպես «վիետնամական համախտանիշ», պատերազմում փոխվում է հոգեբանությունը:

Շատերին թվում է, թե հերոսները վախ չեն զգում: Սակայն վախը սովորական, շատ մարդկային զգացում է:  Վախը հաղթահարելու կարողությունը հերոսական արարքների է դրդում: Առանց մտածելու: Ավելի ճիշտ, մտածում ես, բայց արդեն ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ