News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի հարցազրույցը «News.am»-ին  

Պարոն Ավետիսյան, ավարտվեց Հայաստանում դեռևս մարտ ամսից հայտարարված արտակարգ դրությունը, և կարծես թե՝ ժամանակն է ամփոփ ներկայացնելու, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ԱԳՆ-ի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների (դեսպանությունների, հյուպատոսությունների) կողմից՝ աջակցելու մեր քաղաքացիներին ինչպես արտասահմանում, այնպես էլ՝ Հայաստանում: Ինչպես կազմակերպվեց ԱԳՆ աշխատանքը արտակարգ իրադրությունում:   

Նախ ցանկանում եմ ընդգծել, որ այս համավարակը խախտեց մարդկության կյանքի բնականոն ընթացքն ու տրամաբանությունը, և որևէ պետություն զերծ չմնաց դրա հետևանքներից: Ստեղծված այս աննախադեպ իրադրության հասցեագրման ուղղությամբ մեխանիզմները բոլոր երկրների կողմից մշակվեցին և գործի դրվեցին նորովի: Այդ առնչությամբ մեզ մոտ էլ անհրաժեշտություն առաջացավ ներդնել արտակարգ իրադրություններում մեր աշխատանքի արդեն իսկ գործող բոլոր մեխանիզմները, որոնք այս պարագայում կրում էին հասցեագրման գլոբալ բնույթ և գործարկվում էին պարբերաբար փոփոխվող իրադրությունում: Ի թիվս ԱԳՆ այլ գործառույթների՝ առաջնային նշանակություն ձեռք բերեց կազմակերպել արտերկրում գտնվող մեր հայրենակիցների հարցերի հավաքագրումը, տեղում դրանց հասցեագրումը և վերջիններիս Հայաստան վերադարձի կազմակերպումը՝ տարբեր երկրների կողմից ներդրվող օդային և ցամաքային հաղորդակցության, երկրի տարածքում տեղաշարժի սահմանափակման կամ լիարժեք արգելքի պայմաններում:  Որպես առաջնային քայլ՝ ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններն անցան շուրջօրյա արտակարգ աշխատանքային ռեժիմի, ԱԳՆ և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում բացվեցին շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարներ /հասանելի են եղել նաև Viber և Whatsapp հավելվածներով/: Ինչպես նշեցի, սկսվեց հարցերի հավաքագրում և դրանց լուծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Գործարկվեց նաև հյուպատոսական հաշվառման առցանց համակարգը, որի միջոցով օտարերկրյա պետություններում ժամանակավորապես և մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիները կարող էին հայտնել իրենց և իրենց ընտանիքի անդամների կոնտակտային տվյալները՝ արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ստանալու համար։ Այս համակարգի արդյունքում մեր կարողացանք կապ հաստատել այնպիսի երկրներում գտնվող մեր քաղաքացիների հետ, որտեղ մենք չունենք դիվանագիտական և հյուպատոսական որևէ ներկայություն: Ի դեպ, հյուպատոսական հաշվառման համակարգը գործելու է մշտապես:

Վերոնշյալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ իրականացնել զբոսաշրջային, ուսման, աշխատանքի նպատակով տարբեր երկրներում գտնվող մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի ուղղությամբ բազմաշերտ քայլեր ներառող «օպերացիաներ»: Իսկ քայլերը, իրապես բազմաշերտ էին, օրինակ, մի երկրի տարբեր շրջաններից քաղաքացիների հավաքագրումը մեկ վայրում, մի քանի երկրների հետ, որոնց տարածքներով իրականացվելու էր տեղափոխումը, թույլտվությունների շուրջ բանակցությունների վարում, մեր քաղաքացիների փաստաթղթային խնդիրների տեղում արագ լուծում, ինչպես նաև բուն տեղափոխման կազմակերպում, որը ստեղծված առողջապահական իրադրությունում պահանջում էր լրացուցիչ միջոցառումների ներգրավում, օրինակ, քաղաքացիների տեղափոխման իրականացում հատուկ ոստիկանության և բժշկական անձնակազմի ուղեկցությամբ, իրենց կայանած վայրերի ախտահանման կազմակերպում, առողջապահական կանոնների պահպանմամբ սննդի կազմակերպում և այլն: Եվ պետք է նորից ընդգծեմ, որ մենք գործ ունենք մի իրադրության հետ, որը աննախադեպ էր և որի հասցեագգրման ուղղությամբ գործուն մեխազնիմները մշակվում էին «տեղում» և փոփոխվում հընթացս բոլոր երկրների կողմից:

Շատ կարևոր էր այս ժամանակահատվածում մեր քաղաքացիների համագործացկությունը ԱԳՆ, արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որի առանցքում ընկած էր մեր նպատակների և կարողությունների համադրումը: Իհարկե, եղել են նաև հարցադրումներ, որոնց հասցեագրումը հնարավոր չէր իրականացնել անմիջապես, սակայն հավաստիացնում եմ, որ որևէ քաղաքացի արտակարգ իրադրությունում չի մնացել առանց ԱԳՆ, մեր դիվանագետների աջակցության կամ իրենց կողմից բարձրացված հարցադրումների հասցեագրման՝ իհարկե տվյալ երկրի կողմից ներդրված սահմանափակնումների պահպանմամբ և իրավական շրջանակներում:

Իսկ եղել ենք նաև նման պահանջներ:

Հարցադրումները եղել են բազմաթիվ և տարբեր բնույթի: Մենք իրապես ընկալումով ենք մոտեցել մեզ ներկայացվող բոլոր իրականալի ու անիրականալի պահանջներին, բոլոր բողոքներին և անգամ վիրավորանքներին. գիտակցում ենք, թե ինչ արտակարգ իրադրությունում են հայտնվել մեր քաղաքացիները: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն քաղաքացիներին, ովքեր աջակցել են և եղել են նաև նույն արտակարգ իրադրությունում հայտնված մեր դիվանագետների կողքին:

Ինչպես գիտենք, Ռուսաստանում բնակվում են մեր բազմաթիվ հայրենակիցներ, ինչպե՞ս է կազմակերպվել նրանց վերադարձը, ինչպիսի՞ աջակցություն հնարավոր եղավ տրամադրել։ Արդյոք ինչ փուլում է գտնվում մեր քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները:  

Ինչպես արդեն նշեցի, համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ տարբեր երկրների կողմից ազգային մակարդակում ներդրված սահմանափակնումների շրջանակներում սահմանփակվեցին և արգելվեցին օտարերկրացիների մուտքը տարբեր երկրներ, չեղարկվեցին կանոնավոր թռիչքները գրեթե բոլոր ուղղություններով, ինչն իր հերթին լրացուցիչ բարդություններ առաջացրեց տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից մեր հայրենակիցների վերադարձի կազմակերպման առումով:

Նշենք, որ ներդրված սահմանափակումները վերաբերում են ոչ թե հենց Հայաստանին կամ ՀՀ քաղաքացիներին, դրանք վերաբերում էին բոլորին:

Այս պայմաններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները՝ ՀՀ պարետատան և արտաքին գործերի նախարարության համակարգմամբ կազմակերպեցին տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների վերադարձը հայրենիք հատուկ չվերթներով, ընդ որում, չվերթների որոշակի մասը կազմակերպվել է անվճար՝ պետության և մասնավոր անձանց (հայ բարերարների) ֆինանսավորմամբ։ Անվճար չվերթներից օգտվել են ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված մեր քաղաքացիները։ Բացառության կարգով հնարավոր է եղել նաև կազմակերպել ՌԴ-ից և Թուրքիայից Վրաստանով ցամաքային ճանապարհով հարյուրավոր քաղաքացիների վերադարձը։ Այս համատեքստում առանձնահատուկ ուզում եմ ընդգծել, «Բելավիա» ավիաընկերության կողմից գրեթե անխափան իրականացվող «Երևան-Մինսկ-Երևան» չվերթների կենսական նշանակությունը, որոնց շնորհիվ ամիսներ շարունակ հազարավոր քաղաքացիներ տարբեր երկրներից կարողացել են վերադառնալ Հայաստան:

Ներկայումս վերականգնվել են դեպի Հայաստան կանոնավոր չվերթները, ինչը զգալիորեն հեշտացնում է ՀՀ քաղաքացիների վերադարձը՝ առանց Հայաստանի և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների  ներգրավման։

Հայտնի է, որ օգոստոսի 13-ից ՌԴ քաղաքացիները, ի թիվս այլ օտարերկրացիների, արդեն կարող են մուտք գործել Հայաստան, սակայն այս հացրում, կարծես թե, չկա փոխադարձություն: Ուստի ե՞րբ հնարավոր կլինի խոսել ՀՀ քաղաքացիների առանց սահմանափակումների ՌԴ տարածք մուտք գործելու մասին։

Այս հարցի առնչությամբ անհրաժեշտ եմ համարում նշել, որ ՌԴ օտարերկացիների մուտքի սահմանափակման մասին որոշումները պայմանավորված են բացառապես այդ երկրի իշխանությունների կողմից իրականացվող հանրային առոջության պահպանմանն ու համավարակի տարածումը կանխելուն ուղղված քաղաքականությամբ, որի արդյունքում ներդրվել են որոշակի սահմանափակող կանոններ։ Այդ կանոնները վերաբերում են ոչ թե հենց մեզ, այլ վերաբերում են բոլորին:

Ընդգծեմ, որ ընդհանրապես կորոնավիրուսի համավարակի տարածման առաջին իսկ օրերից երկրները օտաերկրացիների մուտքը արգելող սահմանափակումների կիրառումը չեն դիտարկում երկկողմ հարաբերությունների մակարդակից կամ փոխադարձության սկզբունքից: Դրանք բացառապես պայմանավորված են երկրի ազգային առողջապահական համակարգի կարողություններով և ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությամբ:

Ինչպես նշեցի, այս դեպքում փոխադարձության սկզբունքը չի կիրառվում. ՀՀ-ում օտարերկրացիների մուտքի սահմանափակումները կիրառվել են դեռ մինչև արտակարգ դրության հաստատվելը (փետրվար ամսից՝ Չինաստան, Իրան, Վրաստան, մարտից՝ մի շարք այլ երկրներ, իսկ հետագայում նաև օտարերկրացիների մուտքի համընդհանուր արգելք)։

Ներկա դրությամբ՝ ՌԴ կառավարության կողմից սահմանված են օտարերկրացիների այն կատեգորիաները, ովքեր կարող են մուտք գործել ՌԴ տարածք. դրանք են՝ ի թիվս ՌԴ քաղաքացիների, վերջիններիս ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները՝ վավեր անձը հաստատող և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթերի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները՝ կրկին անձը հաստատող փաստաթղթի և Ռուսաստանում բուժհիմնարկի կողմից համապատասխան հրավերի առկայության դեպքում, ինչպես նաև Ռուսաստանում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։ Եթե ՀՀ քաղաքացին ներառված է այդ ցանկում, ապա նա կարող է ներկա պայմաններում մուտք գործել ՌԴ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից սահմանափակումների ամբողջական կամ մասնակի վերացմանը՝ այս պահին հստակ ժամկետներ նշելն անհնար, քանի որ սահմանափակումների մասին որոշումն ընդուվել է առանց վերջնաժամկետի։ Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել ինչպես ՀՀ-ՌԴ միջև կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։ 

Արդյոք կանխատեսումներ կան, թե երբ մեր քաղաքացիները կկարողանան լիարժեքորեն օգտվել ազատ տեղաշարժման իրենց իրավունքից:  

Ինչ վերաբերվում մեր քաղաքացիների ազատ տեղաշարժման իրենց իրավունքից լիարժեքորեն օգտվելու կանխատեսումներին, կարող եմ ասել, որ առայժմ հնարավոր չէ որևէ կանխատեսում անել, քանզի օտարերկրացիների մուտքն արգելող սահմանափակումների կիրառումը պայմանվորված չէ երկրների երկկողմ հարաբերություններով կամ փոխադարձության սկզբունքով, ինչպես արդեն իսկ նշեցի: Դրանք  պայմանավորված են բացառաչես COVID-19-ով պայմանավորվաած հակահամավարակային ներպետական ծրագրերով ու համալիր միջոցառումներով, համավարակի դեմ պայքարի արդյունավետությամբ, առողջապահական համակարգի կարողություններով, ինչպես նաև մեկնող անձի կարգավիճակով:

Անդրադառնանք հյուպատոսական այլ թեմայի, որը վերջերս կրկին քննադատության նոր ալիքի արժանացավ: Խոսքը բնականաբար դիվանագիտական անձնագրերի տրամադրման մասին: Ի՞նչ կարգով են տրամադրվում դիվանագիտական անձնագրերը։ Ըստ օրենքի, ո՞վ իրավունք ունի ունենալ դիվանագիտական անձնագիր:

Այս հարցը դարձել է լայն քննարկման առարկա սակայն դրա մեկնաբանությունն առավել քան պարզ է և միանշանակ. ՀՀ դիվանագիտական անձնագրեր տրվում են «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հիման վրա և վերջինիս դրույթների խստագույն պահպանմամբ: Կարևոր է, որպեսզի վերջնական հաստատվի այն գիտակցությունը, որ դիվանագիտական անձնագիրը գործնական նպատակով տրամադրվող և նպատակային օգտագործման փաստաթուղթ է։

Վերոնշյալ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված է այն անձանց ցանկը, ովքեր ի պաշտոնե կարող են ունենալ դիվանագիտական անձնագիր: Իսկ դիվանագիտական անձնագրերի տրամադրումը կարգավորվում է նույն օրենքի 50-րդ հոդվածով ամրագրված անձնագիր տալու և հետ վերցնելու կարգով:

«Դիվանագտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դիվանագիտական անձնագիր տրամադրվում է Վարչապետի թույլտվությամբ: Եվ մենք արդեն իսկ նշել ենք, որ այդ դրույթի հիման վրա դիվանագիտական անձնագիր տրվել է ընդամենը 20 անձի, ովքեր բոլորը պետական ծառայություն իրականացնող անձինք են:

Այս առումով ընդգծեմ, որ վերջին երկու տարում ԱԳՆ առաջնահերթություններից է եղել տվյալ ոլորտի կարգավորում և լիարժեք համապատասխանեցումը օրենքի դրույթներին:

Նշեցիք, որ վարչապետի թույլտվությամբ տրվել է 20 դիվանագիտական անձնագիր: Արդյոք կարող եք ասել, թե ում է տրվել: Արդյոք 2018թ. դրությամբ՝ թիվը, ի վերջո, նվազել է, թե շատացել:

Ինչպես գիտեք, դիվանագիտական անձնագրեր ունեցողների անձնական տվյալներ պարունակող ցանկը հանդիսանում է գաղտնագրման ենթակա տեղեկատվություն, և ավելին՝ այդ տվյալների անվանական ներկայացումը դեմ է ոչ միայն “Պետական և ծառայողական գաղտնիքի մասին”, այլև “Անձնական տվյալների պաշտպանության մասին” օրենսդրությանը, ուստի այդ առումով լրացուցիչ տեղեկություն չեմ կարող տրամադրել: Կարող եմ միայն նշել, որ Վարչապետի թույլտվությամբ դիվանագիտական անձնագրեր տրամադրվել են բացառապես պետական կառավարման համակարգում պաշտոն զբաղեցնող կամ ծառայություն իրականացնող անձանց՝ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով. այն էլ՝ իրենց գործառույթների շրջանակներում դեպի օտարերկրյա պետություններ գործուղումների հաճախակիության հիմքով: Ուստի այստեղ որևէ արտառոց կամ քննարկման արժանի բան չկա, դա ընդունված միջազգային պրակտիկա է:

Ինչ վերաբերվում Ձեր հարցի երկրորդ մասին, ապա կարող եմ միանշանակ փաստել, որ 2018թ. համեմատությամբ կտրուկ նվազել է այն ժամանակ՝ նախագահի, իսկ ներկայումս՝ վարչապետի թույլտվությամբ տրամադրված դիվանագիտական անձնագրերի քանակը:

Ուստի, եթե Ձեզ ճիշտ հասկացա, դիվանագիտական անձնագիր այլևս չի տրվում տարբեր ոլորտներում երևելի ձեռքբերումների կամ որոշակի ներդրումների դիմաց: 

Գիտեք, ինչպես նշեցի, դիվանագիտական անձնագիրը գործառնական նպատակ ունեցող փաստաթուղթ է, այն որևէ դեպքում չպետք է ընկալվի որպես պարգևատրման կամ խրախուսման գործիք: Դա զուտ աշխատանքային միջոց է՝ դյուրացնելու պետծառայողների աշխատանքը և միջազգային շփումները: Նպատակը ծայրաստիճան պարզ է. օտարերկրյա պետության օդանավակայանում սահմանապահը, ցանկացած պարագայում, երբ իրեն ներկայացվում է ՀՀ դիվանագիտական անձնագիր, պետք ունենա ներքին համոզմունք, որ իր պետություն ժամանող անձը միանշանակ պետական ծառայություն իրականացնող անձ է և մուտք է գործում ծառայողական նպատակներով։ Պետական ծառայությունից դուրս և այլ տրամաբանությամբ “շռայլվող” դիվանագիտական անձնագրերը խաթարում են այդ համոզմունքը և չեն ծառայում իրենց օրենսդրական նպատակին։ Ի դեպ, ևս մեկ կարևոր դրույթ, որը ցանկանում եմ ընդգծել. օտարերկրյա պետությունում գործուղումից վերադառնալուց հետո մեր դիվանագետները և իրենց ընտանիքի անդամները, ըստ գործող կարգի, իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են ԱԳՆ հյուպատոսական վարչությանը՝ ի պահ: Մեզ՝ դիվանագետներիս համար, այդ անձնագրերը չեն դիտարկվում որպես արտոնություն. դրանք զուտ աշխատանքի արդյունավետ իրականացման միջոց են: Իսկ դիվանագիտական անձնագրերի «շռայլումը», որի մասին մշտապես բարձրաձայնվել է, իրապես, լրացուցիչ խնդիրներ է ստեղծել հենց մեզ՝ դիվանագետներիս համար, քանի որ երբեմն մեր գործընկերների կողմից տեղիք է տվել որոշակի հարցադրումների: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ