News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սխալ է ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, այդ թվում՝ Ռուսաստանը, դուրս են հանել Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը բանակցային գործընթացից: Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում այդ հարցը եղել է բոլոր աշխատանքային փաստաթղթերում ե՛ւ նախքան Կազանը, ե՛ւ Կազանում, ե՛ւ Կազանից հետո: Այդ մասին դեկտեմբերի 11-ին ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ Կազանում պայմանավորվածություններից հրաժարվել է Ադրբեջանը, իսկ Կազանից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների մակարդակով եւս մեկ անգամ շեշտադրվել է հիմնական սկզբունքների եւ չափորոշիչների շուրջ աշխատանքը, եւ առանցքային էր կարգավիճակը:

«Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղն ազատ կամարտահայտման միջոցով բնակեցնելու արդյունքում, որը կունենա միջազգային իրավական ուժ, այսինքն՝ պարտադիր կլինի բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար: Հստակ նշվում էր, որ քվեարկության դրվող բոլոր հարցերը ոչնչով չեն սահմանափակվի: Այսինքն՝ դա ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ցանկացած կարգավիճակը: Նշվում էր ազատ կամարտահայտման հարցում մասնակցության տոկոսային հարաբերակցությունն ու էթնիկ համամասնությունը ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի հիման վրա: Նախքան ազատ կամարտահայտման կազմակերպումը կար միջանկյալ կարգավիճակ: Այս պատերազմն ամբողջովին փոխել է կոնֆիգուրացիան տեղում: Տվյալ պահին վերջնական կարգավիճակի մասին հարցը բաց է՝ չնայած Բաքվից հնչում են հայտարարություններ, որ որեւէ կարգավիճակ չի քննարկվի: Բոլոր այս տարիներին համանախագահները խոսել են երեք սկզբունքների մասին. տարածքային ամբողջականություն, ինքնորոշում, ուժ գործադրելու եւ ուժի սպառնալիքի բացակայություն: Վերջին հայտարարության մեջ համանախագահները նույնպես ասում են, որ չպետք է ուժ գործադրվի: Ադրբեջանը, իբրեւ, լուծել է տարածքային ամբողջականության հարցը, իսկ ո՞ւր է անհետացել ինքնորոշումը: Ի՞նչ են նրանք պատրաստվում քննարկել: Ես կցանկանայի հիշեցնել Լավրովի խոսքերը 2017 թվականին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի բացարձակ ներքին գործը չէ: Բացի այդ, հաստատվել են բազմաթիվ փաստաթղթեր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու մասին, եւ դրանցում ասվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքը վերադարձնելու մասին, որն Ադրբեջանի հսկողության տակ չէ, սակայն ոչ ուժի կիրառման եղանակով, այլ խաղաղ բանակցությունների եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը համատեղ լուծելու միջոցով: Եւս մեկ հանգամանք. բոլոր փաստաթղթերում, որոնք քննարկվել են մինչեւ 2018 թվականը, ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է մասնակցեն խաղաղ համաձայնագրի նախագիծը կազմելու աշխատանքում: Ինչ վերաբերում է ուժ գործադրելուն, մենք երեկ լսել ենք հայտարարություններ, որոնք հնչել են Ադրբեջանում շքերթի ժամանակ ե՛ւ Ալիեւի կողմից, որը տարածքային պահանջներ է ներկայացրել՝ Հայաստանին ուղղված, ե՛ւ Էրդողանի կողմից, որը հայտարարել է, որ այդ օրը հիշում է գործիչներին, ըստ էության, ցեղասպանության կազմակերպիչներին»,-ընդգծել է Նալբանդյանը:

Հայաստանի նախկին ԱԳՆ-ն նշել է, որ դա խոսում է այն մասին, որ, ըստ ամենայնի, ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի հավակնություններն ամբողջությամբ չեն բավարարվել:

«Դա սպառնալիք է նրանց կողմից: Այդ իրավիճակում չի կարելի լռել այն մասին, թե ով է խախտել հրադադարը: Բոլոր փաստաթղթերում համանախագահներն ընդգծել են հրադադարի համաձայնության անկամկետ իրականացման պարտավորությունը: Ակնհայտ է, որ ռեժիմը խախտել է Ադրբեջանը: Տարօրինակ է, որ պետք է «աչք փակել դրա վրա»: Դա կարող է հանգեցնել այնպիսի հայտարարությունների, որոնք հնչել են երեկ՝ շքերթի ժամանակ, եւ ունենալ ողբերգական հետեւանքներ տարածաշրջանի համար, որոնք դուրս կգան դրա սահմաններից: Ալիեւն ասում է, որ այդ պատերազմն ապացուցել է, որ այսօր միջազգային իրավունքը չի գործում, այսինքն՝ ասում է, որ այսօր կարեւոր է ուժի իրավունքը, ոչ թե իրավունքի ուժը: Դրան պետք է վերջ տալ»,-ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ