News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ենթադրում եմ, որ կրկին հակաթուրքական գործողություն է, ինչպես տեսնում եք այլ պետությունների դեպքում, մյուս կողմից, ինչ-որ չափով Մեծ Բրիտանիան սրանով սինխրոնիզացնում է իր քաղաքականությունը ԱՄՆ-ի հետ, համենայն դեպս, թուրք-բրիտանական հարաբերություններում ինչ-որ խնդիր չեմ նկատում, այդպիսիք ավելի շատ կան ամերիկա-թուրքական հարաբերություններում: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի քննարկմանն ու առաջին ընթերցմամբ ընդունմանը:

«Ենթադրում եմ, որ սա ավելի շատ ազդանշան է, որ օվկիանոսի մյուս կողմից է եկել, մանավանդ, որ Մեծ Բրիտանիան ներկա իրավիճակում ունի ԱՄՆ-ի կարիքը՝ Եվրամիությունը լքելուց հետո թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական խնդիրներ ունի, եւ այս դեպքում միակ երկիրը, որի վրա Մեծ Բրիտանիան կարող է հույս դնել, Միացյալ Նահանգներն է՝ իր ավանդական դաշնակիցը: Սա ավելի շատ Թուրքիայի վրա ճնշման միջոց է, որը ԱՄՆ-ին է պետք: Գուցե կան ստորջրյա ինչ-որ գործընթացներ, որոնք մենք չենք տեսնում, բայց տեսանելի մակարդակում թուրք-բրիտանական հարաբերություններում խնդիրներ չեմ տեսնում: Մանավանդ, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ճնշումը ոչ միայն այս, այլ նաեւ քրդական հարցի տեսանկյունից է. քրդակական մի քանի կազմակերպություններ Միացյալ Նահանգներում հանվել են ահաբեկչական խմբավորումների ցանկից, իսկ դրանք այն կառույցներից են, որոնք ավանդաբար Թուրքիայի հետ խնդիրներ էին ունենում, ինչի համար էլ հայտնվել էին այդ ցանկում:

Հետեւաբար, Թուրքիային ճնշելու այս գործողությունները Վաշինգտոնից են գալիս, ենթադրում եմ, որ Մեծ Բրիտանիայում այժմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի քննարկումը հենց այս ծիրում է տեղավորվում: Քանի որ ԱՄՆ-ն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այդ հարցն այլեւս չի կարողանում որպես մահակ օգտագործել Թուրքիայի դեմ, եւ դա փորձում է անել իր ամենամոտ դաշնակցի միջոցով, որը, ինչպես նշեցի, հիմա ունի ԱՄՆ-ի կարիքը»,- նկատեց Մանուկյանը:

Ցեղասպանագետը նկատում է՝ 2005թ-ին, օրինակ, Լեհաստանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչը, մասնագետի դիտարկմամբ, հանկարծակի էր, անգամ այն մարդկանց համար, որոնք զբաղվում էին այս հարցով, որովհետեւ մինչ այդ Լեհաստանից նման նախանշաններ չէին նկատվել:

«Լեհաստանը, սակայն, ԱՄՆ-ի ամենամտերիմ դաշնակիցն է Եվրամիությունում եւ, մասնավորապես, Արեւելյան Եվրոպայում, ամերիկյան ներկայությունն է հենց ապահովում, այդ պատճառով էլ, երբ Լեհաստանն այդ ժամանակ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա գնահատվեց որպես ԱՄՆ-ի կողմից իր դաշնակցի միջոցով Թուրքիային ճնշելու միջոց: Այլ երկրներ էլ կան այս իմաստով. առաջինը հենց՝ Իսրայելը, բայց կարծում եմ՝ ցեղասպանության ճանաչումն այն հարցն է, որն այդ երկրում մեծ կարեւորություն ունի եւ, ամենայն հավանականությամբ, դժվար թե դա ճնշման առարկա դառնա Վաշինգտոնի կողմից Իսրայելի նկատմամբ: Սա ճնշման միջոց է, կբանեցնեն այդ ճնշումը, բայց, հնարավոր է, վերջին պահին չընդունվի»,- եզրափակեց Մանուկյանը:

Տպել
Ամենաշատ