News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է պետքարտոււղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ Կովկասյան բանակցությունների գծով նոր ավագ խորհրդականի նշանակման մասին: Լուիս Բոնոն պետքարտուղարի նշանակմամբ ստանձնել է այդ պաշտոնը, որը պետք է համակարգի Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի տարածքում առկա հակամարտությունները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Պետքարտուղարի հայտարարության մեջ ասված է. «Այս պաշտոնում պարոն Բոնոն կաշխատի տարածաշրջանի առաջնորդների հետ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջ մղմանն ու Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացմանը: Պարոն Բոնոն բազմակողմ և երկկողմ ձևաչափի մեծ փորձառություն է ցուցաբերել Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում և Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակներում մշտական ներկայացուցչի պաշտոնակատարի, ինչպես նաև Սուրբ Աթոռում ժամանակավոր հավատարմատարի դերերում: Նա նաև աշխատել է որպես Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև պետքարտուղարի տեղակալի և փոխպետքարտուղարի տնտեսական և բիզնես հարցերով խորհրդականի դերում»: Նրա գործունեությունն ընդգրկել է նաև ԱՄՆ Բանակի ռեզերվը, որտեղից նա անցել է թոշակի: Նա հրահանգիչ էր Ուեսթ Փոյնթում և Բանակի պատերազմի քոլեջում»:

Հայտարարության մեջ նշվում է նաև , որ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը:

«Պարոն Բոնոն կներգրավվի երկկողմ համագործակցության մեջ համախոհ գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության հետ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու համար: Նրա նշանակումը նաև վերահաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները տալիս է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Վրաստանի վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների դերին, որը միակ միջազգային ձևաչափն է՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի շարունակական օկուպացման հետ կապված», նշված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ