Թել Ավիվից ուղեւորներ տարհանող չվերթը դեռ չի թռել Երեւան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պետահ-Տիկվայի«Նաիրի» միության նախագահ, «Իսրայելի հայերը» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը։

Նա նշել է, որ ինքնաթիռում 220 քաղաքացի կա, ինքնաթիռը այդքան ուղեւոր է տեղավորում։

«Թռիչքի թույլտվության են սպասում՝ անվտանգության միջոցների հետ կապված։ Քանի դեռ ՀՕՊ հարցերը լուծված չեն, թռիչքը չեն թույլատրի»,- նշել է նա։

Նա տեղեկացրել է, որ այսօր առավոտյան շատ ինքնաթիռներ են թռել, այսինքն՝ թռիչքներ իրականացվում են, հիմնականում հակառակ ուղղությամբ՝ արտասահմանից Իսրայել։

«Շատերը, հատկապես տղամարդիկ, որոնք ինքնաթիռում շատ քիչ են, տեղափոխում են իրենց երեխաներին եւ պատրաստվում են վերադառնալ այլ չվերթներով։ Չեմ կարող պատերազմի թեժ պահին ամեն բան թողնել եւ հեռանալ։ Պատասխանատվություն ունեմ, ձեւավորվել է աշխատանքային խումբ, կա մարդկանց օգնություն ցուցաբերելու շտաբ։ Երկրի հարավային մասը շարունակում է գնդակոծվել, այնտեղից էլ հիմնականում տարհանում են երեխաներին»,- ընդգծել է Չեռնամորյանը։