Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում են բնակելի շենքերի քանդման աշխատանքները, Շամսի Բեդելբեյլի, Ֆիզուլի փողոցների, Նեֆթչիլեր պողոտայի բնակիչներին բնակարաններից զրկելուց հետո, այժմ հերթը հասել է Յուսուֆ Սաֆարով փողոցին: Վերոնշյալ փողոցի վրա նախատեսվում է կառուցել Ոստիկանության գլխավոր վարչության նոր շենքը, իսկ դրա արդյունքում 56 ընտանիք Ամանորի նախօրեին զրկվել է բնակարանից եւ հայտնվել փողոցում: Այդ մասին գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Բնակիչներից մեկը պատմել է, որ դեկտեմբերի 29-ին անջատել են հոսանքը եւ ջուրը, այնուհետեւ հարկադրել են լքել բնակարանները` սպառնալով, որ իրենց կթողեն փլատակների տակ:

«Սկզբում չէինք հավատում, մտածում էինք, որ նման ապօրինություն չեն անի: Սակայն կարճ ժամանակ անց սկսեցին քանդել բնակարանները, եւ մենք հարկադրված դուրս եկանք»,-պատմել է բանկիչներից մեկը: Ինչ վերաբերվում է փոխհատուցմանը, ապա բնակիչները պնդում են, որ առաջարկվող գումարով նրանք չեն կարող նոր բնակարան ձեռք բերել: Կան նույնիսկ ընտանիքներ, որոնց ընդհանրապես որեւէ փոխհատուցում չի տրվելու, քանի որ նրանք իբր սեփականաշնորհման փաստաթղթեր չունեն: «Ոչ մի հնարավորություն չտվեցին, որ Նոր տարին մեր բնակարաններում անցկացնենք: Դեկտեմբերի 31-ն էլ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրն է, հենց այսպես էլ նշում ենք այդ օրը», ասել է բնակիչներից մեկը, հայտնում է «Ազադլըգ»-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը երկաթուղի կառուցելու նպատակով Բաքվի տարբեր շրջաններում բնակարանների քանդման աշխատանքներ է իրականացնում, ինչ արդյունքում ավելի քան 168 ընտանիք հայտնվել է փողոցում: