News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շահումով խաղերի եւ խաղատների գործունեության  լիցենզավորումը  լիազոր մարմնի կողմից  հիմնականում  իրականացվում է ՀՀ  կառավարության կողմից հաստատված լիցենզավորման կարգի խախտմամբ: Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ:

Նշենք, որ լիազոր մարմինը տվյալ դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունն է:

Վերահսկիչ պալատի վերահսկողությունն իրականացվել է 2009 թ. հունվարի 1-ից մինչեւ 2011 թ. դեկտեմբերի 26-ը ժամանակահատվածի նկատմամբ:

Մասնավորապես` «Օրակուլ»խաղատունը փաստացի գործել է 64 խաղային ավտոմատով եւ 10 խաղասեղանով, սակայն իրավունք ուներ շահագործել միայն 1 խաղայինն ավտոմատ եւ 1 խաղասեղան: Փաստորեն` 63 խաղային ավտոմատներ եւ 9 խաղասեղաններ եղել են օրենքից դուրս:

«Փարիզյան» խաղատունը 7 խաղասեղանի փոխարեն փաստացի շահագործել է 10 խաղասեղան:

ՎՊ հաշվետվության մեջ նշվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների եւ պահանջների հսկողություն իրականացնող ստորաբաժանումը չի իրականացրել համապատասխան փաստաթղթային ստուգում, այն  է կազմակերպությունների կողմից ներկայացված ելակետային տվյալները չեն համադրվել հաստատված կանոնակարգի  տվյալներին:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի` 2012թ. մարտի 1-ի դրությամբ ուժի մեջ է թվով 78 շահումով խաղի, 11 խաղատան եւ 5 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա:

ՎՊ եզրակացության մեջ նշված է նաեւ, որ ՀՀ-ում խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից շահագործվում են խաղային սարքավորումներ, որոնց ծրագրային ապահովումը չի ենթարկվում սերտիֆիկացման: Նման պայմաններում լիցենզիայի տրամադրումը պետության եւ ֆիզիկական անձանց գույքային շահերին վնաս հասցնելը ավելի հավանական եւ անխուսափելի  է դարձնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ